Ադրբեջանցի հակերներն այսօր առավոտյան «ջարդել են» «Միտք» վերլուծական կենտրոնի պաշտոնական կայքը: Ինչպես տեղեկացնում է «Նացիոնալ» լրատվական համակարգը կազմակերպության www.mitq.org հասցեն կրող էլեկտրոնային կայքի գլխավոր էջը փոխարինվել էր ադրբեջանական քարոզչական պաստառով:
Ինչպես «Նացիոնալի» թղթակցին հայտնել է «Միտք» վերլուծական կենտրոնի նախագահ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, ներկայում կազմակերպության կայքը գործում է սովորական ռեժիմով: «Մեր ծրագրավորողներն արդեն վերականգնել են կայքին հասցված տեխնիկական վնասները և այժմ աշխատում են կայքի անվտանգության ամրապնդման վրա»: Հրանտ Մելիք-Շահնազարյանը նաև տեղեկացրել է, որ այս օրերին հարձակումների են ենթարկվում նաև հայկական այլ կայքեր: «Մասնավորապես մեզ հայտնի է, որ ադրբեջանցի հակերները ջանք չեն խնայում, որպեսզի խափանեն www.voskanapat.info կայքի գործունեությունը», - նշել է Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Ըստ աղբյուրի, համացանցային «պայքարով» ինքնաբավարարվող ադրբեջանցիները հիշել էին, որ 1990 թվականի հունվարի 19-ի` լույս 20-ի գիշերը Բաքու էին ներխուժել Խորհրդային բանակի ստորաբաժանումները, ինչի արդյունքում զոհվել են մի քանի ազերիներ: Եվ այսօր, Ադրբեջանի հակերները որոշել են այդ փաստը հիշեցնել նաև հայ ընթերցողներին: Զուգահեռաբար նրանք mitq.org կայքում տեղադրել են ադրբեջանցի` մինչև ատամները զինված «ռեմբոների» լուսանկարները` հավանաբար հայկական կողմին վախ ներշնչելու համար:
Աղբյուր` Panorama.am
20.01.2009
No comments:
Post a Comment