Wednesday, January 21, 2009

Ակնկալվում է շուտափույթ համաձայնություն` հիմնարար սկզբունքների շուրջ

Երեկվանից մեկնարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների 2009 թվականի առաջին այցը տարածաշրջան:

Երեկ համանախագահները Բաքվում էին, որտեղ հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Բաքվում կայացած բանակցություններից հետո, ըստ ադրբեջանական «Դեյ ազ» գործակալության, ԵԱՀԿ ՄԽ-ում ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահը տվել է իր համաձայնությունը Դավոսում` հունվարի վերջին մեկնարկող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում Սերժ Սարգսյանին հանդիպելու վերաբերյալ, ապա նշել է, թե հարկավոր է նման համաձայնություն ստանալ նաեւ Հայաստանից: Ռուսաստանցի համանախագահը ենթադրել է, որ այդ հանդիպումը կարող է կայանալ հունվարի 28-ին, օրվա առաջին կեսին:

Անցյալ գիշեր ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահները պետք է ժամանեին Երեւան, նրանք այսօր բանակցություններ են անցկացնելու հայաստանյան իշխանությունների հետ: Ադրբեջանական գործակալությունները չեն բացառել, որ ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահները այցելեն նաեւ Ստեփանակերտ:

Դեռ հունվարի սկզբին ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան առաջին անգամ խոսեց Դավոսում` հունվարի վերջին մեկնարկող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում, Սարգսյան-Ալիեւ հանդիպում կազմակերպելու հնարավորության մասին: Նա նշեց, որ համանախագահները այցելելու են տարածաշրջան հենց այդ հանդիպումը կազմակերպելու նպատակով: Այսինքն` այս օրերին ընթացող բանակցությունների արդյունքներից հայտնի կդառնա՝ արդյո՞ք Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը կհամաձայնեն հանդիպել Դավոսում:

ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահները, ովքեր արդեն մի քանի անգամ հույս են հայտնել այս տարվա առաջին կիսամյակում որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերելու ուղղությամբ, կարծես թե, բավական շտապում են եւ նման հնարավորություն են ակնկալում անգամ Դավոսից, եթե իհարկե կայանա նման հանդիպում: Երեկ ադրբեջանական գործակալությունները մեջբերում էին ԵԱՀԿ ՄԽ-ում ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովի խոսքերը՝ մինչեւ Բաքվում կայացած բանակցությունները: Նա նախ հույս է հայտնել, որ կողմերին, ի վերջո, կհաջողվի համաձայնության հասնել դեռեւս չհամաձայնեցված մի քանի դրույթների շուրջ, ապա միանգամայն հնարավոր է համարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պայմանավորվածությունների ձեռքբերումը ղարաբաղյան կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ. «Կարծում եմ, որ եթե կողմերը քաղաքական կամք դրսեւորեն, ապա հնարավոր կլինի համաձայնության հասնել հիմնարար սկզբունքների շուրջ եւ անցնել համաձայնագրի նախապատրաստման աշխատանքներին»: Ռուսաստանցի դիվանագետը շեշտել է, որ համանախագահների տարածաշրջանային այցի նպատակը` Մադրիդում իրենց կողմից ներկայացված հիմնարար սկզբունքների շուրջ շուտափույթ համաձայնության հասնելն է եւ բանակցությունների շարունակումը:

Ղարաբաղյան հիմնախնդիրը այս օրերին տարածաշրջան ժամանած եվրոպացի մեկ այլ պաշտոնյայի ուշադրության կենտրոնում է: Եվրոպական միության արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները երեկ Երեւանում էր: Մինչ Երեւան ժամանելը նա ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ ընդգծել էր. «Եվրամիությունը համոզված է, որ տարածաշրջանը երբեք չի կարող օգտագործել իր ողջ ներուժը, քանի դեռ Լեռնային Ղարաբաղի սառեցված հակամարտությունը մնում է չլուծված: Ես կցանկանայի քաղաքական առաջնորդներից լսել առաջընթացի հեռանկարի վերաբերյալ նրանց պատկերացումները»: Երեկ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Բենիտա Ֆերերո-Վալդների հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսի ընթացքում անդրադարձ է եղել ղարաբաղյան հիմնախնդրին: Բենիտա Ֆերերո-Վալդները նշել է, որ անձամբ հետաքրքրված է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմամբ՝ որպես ԵԱՀԿ-ում երբեմնի նախագահող. «Չնայած այս խնդրի առնչությամբ առկա երկու հակամարտ սկզբունքներին` ճկունություն եւ բարի կամք ցուցաբերելու դեպքում հնարավոր է լուծում գտել»: Տիկին Վալդները Մոսկվայում եւ Հելսինկիում կայացած հանդիպումների առնչությամբ դրական է արտահայտվել. «Եթե այնուամենայնիվ հաջողվի կոմպրոմիսի գալ, ապա դրանից կշահի ողջ տարածաշրջանը: ԵՄ-ն իր հերթին իրենից կախված ամեն ինչ կանի օժանդակելու համար խնդրի կարգավորմանը»: Իսկ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը տիկին Վալդների հետ հրավիրված համատեղ ասուլիսում նշել է, որ շարունակվելու են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ ղարաբաղյան բանակցությունները խաղաղ կարգավորման հասնելու նպատակով` Մոսկվայում եւ Հելսինկիում արված հայտարարությունների, ինչպես նաեւ` Մադրիդում արված առաջարկների հիման վրա:

Ժամանակ Երեւան

Էմմա Գաբրիելյան

20.01.2009

No comments:

Post a Comment