Wednesday, January 21, 2009

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ

Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, թե Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին (Ռուսաստան), Մեթյու Բրայզային (ԱՄՆ), Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա փուլին վերաբերող հարցեր: Համանախագահները տեղեկացրել են ավելի վաղ Բաքվում կայացած հանդիպումների արդյունքների մասին: Ձեռք է բերվել պայմանավորվածություն Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ առաջիկայում հանդիպում կազմակերպելու վերաբերյալ:


ԲՐԱՅԶԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՎՍՏԱՀԵԼ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան հունվարի 19-ի երեկոյան Բաքվից Երեւան մեկնելիս օդանավակայանում ադրբեջանցի լրագրողներին ասել է, որ երկու նախագահների, այսինքն Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ փոխադարձ վստահության համար ժամանակ է հարկավոր: Բրայզան ասել է, որ նախագահներին անհրաժեշտ է կատարել քայլեր, որոնք վճռականություն են պահանջում եւ դրանց իրականացման համար գլխավորել հասարակություններին: «Ես երկու երկրների հասարակություններին կոչ են անում վստահել նախագահներին: Թող հավատան, որ իրենց նախագահները բանակցություններ են վարում` ելնելով իրենց երկրների ազգային շահերից: Անկասկած կարեւոր է, որ մեր գործունեությանը հավատա թե Հայաստանի, թե Ադրբեջանի հասարակությունը: Մենք, մեր հերթին, շահագրգռված ենք երկու երկրներում էլ խաղաղության, կայունության եւ հանգստության զարգացման հարցում: Մենք ձգտում ենք որոշակի արտահայտություններով ձեզ հասցնել մեր քննարկումների թեման: Բնականաբար, բաց ձեւով դրանց մասին խոսել մենք չենք կարող, քանի որ քննարկումները ունեն գաղտնի բնույթ», հայտարարել է Բրայզան, ասելով, որ եթե քննարկվող հարցերը չտան ցանկալի արդյունք, ապա դա կվնասի համանախագահ երկրների, այդ թվում Միացյալ Նահանագների հեղինակությանը:

Լրագիր

21.01.2009

No comments:

Post a Comment