Wednesday, January 21, 2009

Վերաբնակեցման քաղաքականությունը փոխվում է

Ղարաբաղում վերջին շրջանում նկատելի է դառնում Քաշաթաղի եւ Շահումյանի շրջաններին առավել մեծ ուշադրության սեւեռումը իշխանությունների կողմից: Այդ շրջանների, նաեւ, ինչպես ընդունված է ասել, ազատագրված տարածքներում ենթակառուցվածքների վերականգնման անհրաժեշտությունից սկսել են ավելի շատ ու վստահորեն խոսել: Սա, իհարկե, խոսում է հանրապետության ղեկավարների քաղաքականության փոփոխության մասին: Դրա վառ ապացույցներից մեկն էլ այն է, որ օրերս Շահումյանի շրջան է այցելել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, որը ծանոթանալով շրջանի բնակիչներին հուզող խնդիրներին, խոստացել, որ հնարավորինս կօժանդակեն դրանց լուծմանը: Հանդիպման ընթացքում մասնավորապես խոսվել է Շահումյանի շրջանը Հայաստանին կապող ճանապարհի վերականգնման մասին:

Քաղաքականության փոփոխությունը թերեւս սկսվեց այն բանից հետո, երբ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը գնաց Շահումյանի եւ Քաշաթաղի շրջաններ ու հայտարարեց, որ ազատագրված տարածքներ չկան, այլ կան ԼՂՀ Սահմանադրությամբ ամրագրված շրջաններ, որոնք պետք է վերականգնվեն: Դրան հաջորդեցին տարբեր հայտարարություններ` կապված այդ տարածքների եւ դրանց վերականգնման հետ:

Նման մի հայտարարություն էլ արեց ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը` տարեվերջին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ: Նա պատասխանելով այն հարցին, թե երբ է նախատեսվում վերանորոգել Ստեփանակերտ-Աղդամ-Մարտունի ճանապարհահատվածը, շեշտեց, որ Ստեփանակերտ-Աղդամն արդեն վերանորոգված է եւ 2009-ին նախատեսվում է կապիտալ վերանորոգման աշխատանքներ իրականացնել Աղդամ-Մարտակերտ ճանապարհահատվածում, իսկ  2010 թվականին արդեն կարող են խոսել Աղդամ-Մարտունի ճանապարհահատվածի մասին: Նա նաեւ ավելացրեց, որ ֆինանսական միջոցներ ունենալու դեպքում պատրաստ են նաեւ վերանորոգել Աղդամ-Ղարբանդ ճանապարհահատվածը:

Այս ամենն իրոք խոսում է վերաբնակեցման նոր քաղաքականության մասին, ինչը որոշ չափով կփոխի վերաբնակեցվող շրջանների վիճակը, մանավանդ որ մշակվում է նաեւ վերաբնակեցման քաղաքականության հայեցակարգը, վերաբնակվող շրջաններում նախատեսվում են մի շարք նոր ծրագրեր եւ այլն: Հուսանք, որ տարիներ հետո կրկին մաքուր թուղթ ցույց տալով չեն ասի, որ դա է վերաբնակեցմանն ուղղված տարիների աշխատանքը, ինչպես եղավ Քաշաթաղում կազմակերպված կոնֆերանսի ժամանակ:

No comments:

Post a Comment