Wednesday, January 21, 2009

ԱՆԿԵՂԾՈՐԵՆ ՁԵՐ` ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի, կամ ինչպես մեր հեռուստաընկերություններից մեկի մի մեկնաբան կասեր` «ամերիկյան» համանախագահ Մեթյու Բրայզան հավանաբար ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ միասին վերջին անգամ է այցելել տարածաշրջան: Թեեւ իհարկե պետք չէ բացառել, որ Բարաք Օբաման Բրայզային չկտրի Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացից, եւ եթե նրան նույնիսկ ազատեն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնականի պաշտոնից, այդուհանդերձ թողնեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում: Բայց ինչքան մնալն է հավանական, այնքան էլ հավանական է հեռանալը, հետեւաբար Բրայզան թերեւս իսկապես համանախագահի կարգավիճակով վերջին այցն է կատարել տարածաշրջան: Համենայն դեպս նրա խոսքերը, որ հնչել են Բաքվում, վկայում են, որ նա կարծես հենց այդ զգացումն ունի եւ փորձել է վերջում ասել սրտի խորքից բխող խոսք, ուղղված երկու երկրների հասարակություններին: Բրայզան ասել է, որ հասարակությունները պետք է վստահեն նախագահներին ու հավատան, որ նրանք ազգային շահի տեսանկյունից են բանակցում: Չգիտես` հեռանալուց առաջ Բրայզան նախագահներին է ծուղակը գցում, թե հասարակություններին: Իսկ որ ծուղակ կա, կարծես թե ակնհայտ է: Բանն այն է, որ նույն Բրայզան էր հայտարարել, մի քանի ամիս առաջ, երբ նոր էին առաջին անգամ հանդիպել Ալիեւն ու Սարգսյանը, որ հակամարտության կարգավորման սկզբունքների հարցում նրանց մոտեցումներն առավել ներդաշնակ են, քան Քոչարյանի եւ Ալիեւի ժամանակ: Հետո եղան առավել լավատեսական հայտարարություններ կարգավորման սկզբունքների շուրջ համաձայնության գալու վերաբերյալ: Հիմա Բրայզան հայտարարում է, որ նրանցից ամեն մեկը բանակցում է իր պետության ազգային շահից ելնելով: Ծուղակը հենց այստեղ է, միայն թե դեռ անորոշ է ում` նախագահների, թե հասարակությունների համար: Բանն այն է, որ Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի եւ Ադրբեջանի ազգային շահերը հակասում են իրար: Հակասում են թեկուզ այն տարբերակով, որը որ կա այժմ բանակցության սեղանին եւ կոչվում է մադրիդյան առաջարկ կամ սկզբունք: Թեեւ պաշտոնապես չհրապարակված, բայց նույն համանախագահների եւ հակամարտ կողմերի տարբեր հայտարարություններից պարզ է, թե ինչ ասել է այդ մարդիդյան առաջարկը կամ սկզբունքը: Դա ենթադրում է, որ հայկական զինուժը պետք է դուրս գա այն տարածքից, որը մենք համարում ենք ազատագրված, իսկ Ադրբեջանը համարում է օկուպացված, իսկ դրա փոխարեն Ադրբեջանը պետք է համաձայնի ինչ որ ժամանակ անցկացնել Ղարաբաղի կարգավիճակի հանրաքվե, ընդ որում առայժմ անորոշ դետալներով: Այդ տարբերակն ինքնին արդեն հակասում է Հայաստանի ազգային շահին, թեեւ իհարկե որեւէ կասկած չկա, որ օրինակ Սերժ Սարգսյանի պատկերացումով ոչ մի հակասություն էլ չկա եւ կարելի է հանձնել տարածքներն ու ստանալ կարգավիճակ: Սակայն, եթե անգամ տարածքի դիմաց հայկական կողմը ստանում է ոչ թե կարգավիճակի մասին հանրաքվեի համաձայնություն, այլ նույնիսկ հաստատված կարգավիճակ Ղարաբաղի համար, ընդ որում դա լինում է անկախությունը, միեւնույն է, տարածքը հանձնելն արդեն իսկ հակասում է թե անկախ Հայաստանի, թե նորանկախ Ղարաբաղի ազգային շահին, քանի որ դա մեծապես թուլացնում է հայկականության գործոնը տարածաշրջանում: Հետեւաբար հարց է առաջանում, եթե Ալիեւն ու Սերժ Սարգսյանը բանակցում են ազգային շահերից ելնելով, եւ Մեթյու Բրայզան էլ հասարակություններին համոզում է, որ դա այդպես է ու պետք է հավատալ դրան, ապա էլ ինչպես կարող են համանախագահներն ունենալ սկզբունքների շուրջ լավատեսության ակնկալիքներ: Ուրեմն, կամ Բրայզան այդքան էլ հստակ չի պատկերացնում իրավիճակն ու Ղարաբաղի հարցի նրբերանգները թե Հայաստանի, թե Ադրբեջանի համար, կամ նա գիտակցաբար «փոս» է փորում կամ նախագահների, կամ հասարակությունների համար: Դժվար է իհարկե մտածել, որ Միացյալ Նահանգների պես լուրջ պետությունը կհանդուրժեր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում այնպիսի մի գործչի, որը չպատկերացներ իրավիճակն ամբողջությամբ, բոլոր նրբերանգներով: Մինչդեռ ակնհայտ է, որ համենայն դեպս վերջին տարիներին Նահանգների կառավարությունը միանգամայն վստահել է Բրայզային, ընդ որում ոչ միայն Ղարաբաղի, այլ նաեւ տարածաշրջանային այլ քաղաքական ու տնտեսական հարցերին առնչվող գործընթացներում: Հետեւաբար շատ ավելի հավանական է այն, որ Բրայզան պարզապես սարդոստայն է հյուսում: Մնում է միայն տեսնել, թե ով է ընկնելու դրա մեջ` նախագահները, թե հասարակությունները: Իսկ գուցե նախագահներից կամ հասարակություններից մեկն ու մեկը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Լրագիր

21.01.2009

No comments:

Post a Comment