Friday, April 17, 2009

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳՏԵԼ Է ՍԵՓԱԿԱՆ ՀԱԿԱԽԱՂԸ

Թուրքիայի շանտաժը անակնկալ չէր

    ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի այցի ավարտից անմիջապես հետո՝ ապրիլի 8-ին, Թուրքիայի վարչապետ Ռ.Էրդողանը կոշտացրեց Հայաստանի հանդեպ իր դիրքորոշումը, անգամ սկսեց խոսել Ղարաբաղի հարցի քննարկումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ տեղափոխելու մտադրության մասին։ Սա նշանակում է, որ Թուրքիան որոշակի զիջումների է գնացել Միացյալ Նահանգներին տարածաշրջանային այլեւայլ հարցերում, հետեւաբար հույս ունի, որ ԱՄՆ նախագահը ապրիլքսանչորսյան ուղերձում կխուսափի հիշատակել Հայոց ցեղասպանությունը։

   Բնական է, որ այս իրողությունները իրենց արձագանքն էին գտնելու նաեւ Հայաստանի ղեկավարության շրջանում. ապրիլի 10-ի մամլո ասուլիսում նախագահ Ս.Սարգսյանը վերջին առնվազն կես տարվա ընթացքում առաջին անգամ կասկածի տակ դրեց հայ-թուրքական հարաբերությունների մոտալուտ բարելավման հնարավորությունը եւ անգամ ակնարկեց բանակցային գործընթացից Հայաստանի դուրս գալու հավանականության մասին։

   Միաժամանակ նախագահն ընդգծեց, որ եթե հայ-թուրքական սահմանի մոտալուտ բացման հայկական կողմի ակնկալիքը չիրականանա կամ էլ պարզապես սխալ հաշվարկ լինի, դրանից նույնպես կարելի է որոշակի շահաբաժիններ կորզել։ Եւ ամենեւին էլ պատահական չէր այս առիթով Սերժ Սարգսյանի արտահայտած «մենք նույնիսկ այդ պարագայում այս պրոցեսից դուրս կգանք ավելի ուժեղացած» կարծիքը։

   Ապրիլի 10-ին Թուրքիայի վարչապետն ուղղակի բացառեց մեր երկրի հետ համաձայնագրի ստորագրումը, քանի դեռ կարգավորված չէ Ղարաբաղյան հակամարտությունը։ Իսկ նախագահ Ս.Սարգսյանի զուսպ լավատեսությունը Ռ.Էրդողանը մեկնաբանեց այսպես. «Մենք կարող ենք նախնական աշխատանք կատարել (Հայաստանի հետ համաձայնագրի կնքման ուղղությամբ), սակայն դա վերջին հաշվով կախված է Lեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումից»:

   Այս ամենից հետո թվում է, թե թուրքական կողմը ոչ միայն կրկին փակում է «հնարավորությունների պատուհանը», այլեւ ձեռք է բերում մարտավարական որոշակի առավելություն իրենից սահմանների բացումն ակնկալող Հայաստանի հանդեպ։

   Վերջին օրերին հայ-թուրքական հարաբերություններում արձանագրված զարգացումներն ի հայտ են բերել մի շարք հարցականներ։

   Առաջին՝ ինչո՞ւ է Հայաստանը փակ բանակցություններ վարում Թուրքիայի հետ, երբ ամեն քայլափոխի Անկարան դրանք օգտագործում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը խոչընդոտելու, այժմ նաեւ Ղարաբաղի հարցի ադրբեջանանպաստ կարգավորում պահանջելու համար։

   Երկրորդ՝ որտե՞ղ է թաքնված Հայաստանի նախագահի լավատեսության պատճառը, երբ ակնհայտ է, որ հայ-թուրքական հարաբերություններում ուրվագծվում է 2008թ. սեպտեմբերի 6-ից սկսված «ֆուտբոլային դիվանագիտության» տեղապտույտը։

   Երրորդ՝ ստեղծված պայմաններում հիմնավորված չե՞ն Թուրքիայի վարչապետի կոշտ հայտարարություններին «յոթամսյա ձախողված քիրվայության» ավարտ բնորոշումը տված Հայաստանի ընդդիմադիր մամուլի մեկնաբանությունները։

   Հարցի մակերեսային մեկնաբանության դեպքում, թվում է, իսկապես, սկսելով իր հերթական սիրախաղը, Թուրքիան պարզապես օգտագործել է մեր դիվանագիտության կառուցողականությունը կասեցնելու Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը մինչ Անկարա ժամանած ԱՄՆ նախագահի հետ իր «հարցերի կարգավորումը»։ Իսկ դրանից հետո թուրքական կողմը կրկին գզրոցից հանել է Ղարաբաղի հարցը եւ այժմ պահանջում է երկու խնդիրները լուծել «մեկ փաթեթով», ինչը ոչ միայն անընդունելի, այլեւ խիստ վտանգավոր է Հայաստանի համար։

   Սակայն իրականում ամեն ինչ այդչափ պարզունակ չէ։ Հայ դիվանագիտությունը պետք է մերժե՞ր իրեն առաջարկվող խաղը, թե՞ նրա շրջագծում մշակեր ու պատրաստ պահեր սեփական հակախաղը, որը մինչ օրս ոմանց սոսկ «պահուստային տարբերակ» էր թվում։ Կարծում ենք, այդ տարբերակներից երկրորդը, որը որդեգրվեց պաշտոնական Երեւանի կողմից, ավելի ռացիոնալ լուծում էր եւ է։ Հայաստանը համաձայնվել է իր սահմանի ապաշրջափակման «թուրքական տարբերակին», բայց զուգահեռաբար բանակցություններ է սկսել Իրանի հետ միջպետական երկաթգծի շինարարության շուրջ։ Նախապես այս հարցում ոչ միայն ԱՄՆ-ը, այլեւ Հայաստանում գործող ռուսական ընկերությունները վերապահ մոտեցում ունեին եւ խուսափում էին նրա ֆինանսավորմանը մասնակցելուց։

   Հայաստանի ղեկավարությանը մնում էր հայ-թուրքական «փակ երկխոսության» օրակարգի սպառմանը զուգընթաց «հասունացնել» մեր երկրի ապաշրջափակման երկրորդ տարբերակը։ Դրա վկայությունն էր ապրիլի 3-ին Երեւանում ստորագրված Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման նախնական համաձայնագիրը։ Եւ այն փաստը, որ Ս.Սարգսյանի հայտարարությանը վարչապետ Ռ.Էրդողանի տված կոշտ պատասխանից ուղիղ երեք օր հետո՝ ապրիլի 13-ին, Հայաստանի նախագահը մեկնել է Թեհրան, հասկանալի է դարձնում, որ պաշտոնական Երեւանը նախապես պատրաստ էր իրադարձությունների նման զարգացմանը։

   Մեր երկրի ղեկավարությունը հաշվարկել էր հայ-թուրքական երկխոսության օրակարգում Ղարաբաղի հարցը ներառելու Անկարայի մտադրությունը եւ գտել դրա համարժեք պատասխանը՝ «իրանական տարբերակը», որը այլեւս չի կարող արժանանալ որեւէ հակազդեցության մեծ տերությունների կողմից։

   Կարծում ենք, հենց այստեղ է թաքնված նաեւ նախագահ Ս.Սարգսյանի «մենք նույնիսկ այդ պարագայում այս պրոցեսից դուրս կգանք ավելի ուժեղացած» ակնարկի ենթատեքստը։ Քանզի եթե Թուրքիան օգտագործում է հայ-թուրքական սահմանի բացման խնդիրը Ղարաբաղի հարցի կարգավորմանը միջամտելու համար, ապա Հայաստանին այլ բան չի մնում, քան այլընտրանքային երկաթուղային ենթակառուցվածքի շինարարության արագացումը։ Սա վկայում է, որ Հայաստանի կողմից ապաշրջափակման նոր, ավելի ծախսատար սխեմայի ընտրության համար պատասխանատվությունն ընկնում է թուրքական կողմի վրա։

   Եթե Թուրքիան փորձում է Ղարաբաղի հարցը կրկին դարձնել նախապայման, այն զուգորդել հայ-թուրքական սահմանի բացման խնդրի հետ, ապա Հայաստանի համար անիմաստ է դառնում նաեւ հայ-թուրքական փակ ձեւաչափի պահպանումը եւ բանակցային գործընթացի շարունակումը ապրիլի 24-ի նախօրեին։

   Այս ամենը իբրեւ «յոթամսյա ձախողված քիրվայության» ավարտ գնահատողները պետք է պատասխանեն, թե ո՞վ է տուժելու եւ ո՞վ է շահելու Իրան-Հայաստան երկաթուղու առջեւ «կանաչ լույս» վառվելու փաստից։

ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հայոց Աշխարհ

2009-04-14

No comments:

Post a Comment