Friday, April 17, 2009

Ղարաբաղյան հարցում շուտով շոշափելի առաջընթաց կգրանցվի, կարծում է Բրայզան

Բաքվում տեղի ունեցած բանակցություններից հետո ԵԱՀԿ Մինկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան հայտարարել է, որ կողմերը համաձայնություն են ձեռք բերել կենտրոնացնել ուշադրութունը հիմնարար սկզբունքները վերջնական տեսքի բերելու վրա:

BBC ռադիոկայանին տված հարցազրույցում այն հարցին, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հիմնարար սկզբունքները վերջնականորեն մշակելու համար, ամերիկացի համանախագահը, մասնավորապես, պատասխանել է.

«Հիմնարար սկզբունքները հստակեցնում են հակամարտության արդյունավետ լուծումը, հակամարտության լուծման շրջանակները: Դա հավասարակշիռ և արդար պայմաններ կստեղծի գործընթացը տեղաշարժելու համար` հաշվի առնելով տարածաշրջանի երկու էթնիկ խմբերի անվտանգության ապահովման մեխանիզմները, տարածքները վերադարձնելը, փախստականներին իրենց բնակավայրերը հետ բերելը: Այստեղ նաև մտնում են վիճահարույց տարածքների քաղաքական կարգավիճակի հստակեցման մեխանիզմները: Այսպիսով, ներկա դրությամբ մի քանի հատուկ հարցեր գտնվում են լուծման փուլում և մոտ են վերջնական կարգավորմանը: Դրանց լուծումները թույլ կտան ընդհանրացնել հանգուցալուծման շրջանակները, ինչն էլ մենք անվանում են հիմնարար սկզբունքներ:

Սակայն այդ անհամաձայնեցված պահերի մասին ես ոչինչ ավելի չեմ կարող ասել, քանի որ, հարգելով նախագահներին, պետք է պայմաններ ստեղծեմ, որպեսզի նրանք կարողանան ազատորեն բանակցություններ վարել: Նախագահները պետք է ի վիճակի լինեն խիզախ որոշումներ կայացնել:

Առաջիկա մի քանի ամիսների ընթացքում մենք պետք է կոնկրետ արդյունքների հասնենք: Մենք պետք է շոշափելի առաջընթաց գրանցենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում: Կարծում եմ, որ այդ առաջընթացը շատ մոտ է, և հույս ունեմ, որ մենք այն կտեսնենք նախագահներ Սարգսյանի և Ալիևի` հաջորդ ամսին սպասվող հանդիպման ժամանակ»:

Tert.am

2009-04-17

No comments:

Post a Comment