Friday, April 17, 2009

Եթե ընդդիմությունը վերցրեց Երեւանը, իշխանությունը պետք է մտածի իր ապագայի մասին

«Ժամանակ»-ի զրուցակիցը Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանն է:

-Պարոն Սարգսյան, որքանով են կապված Հայաստանի ներքաղաքական զարգացումները Ղարաբաղյան խնդրի եւ ընդհանրապես արտաքին զարգացումների հետ:

- Այս պահին ես կարծում եմ, որ այդ խնդիրներն առավել անջատված են, քանի որ ներքաղաքական խնդիրներում ԼՂ խնդիրը չի շոշափվում, հատկապես, որ մենք գիտենք, որ ընդդիմությունը հայտարարել է, որ այդ հարցում խոչընդոտ չի հանդիսանալու իշխանություններին: Մյուս կողմից` այս պահին Ղարաբաղյան խնդիրը աշխարհաքաղաքական հետաքրքրությունների կիզակետում է հայտնվել, ինչի հետեւանքով ներքին ազդեցությունը ԼՂ խնդրի վրա օբյեկտիվորեն նվազել է: Դրա հետ կապված հակառակն էլ եղավ` ներքաղաքական պայքարն ազատվեց ԼՂ խնդրի բեռից:

- Իսկ գուցե ՀՀ իշխանությունների հանդեպ միջազգային կառույցների մեղմ վերաբերմունքը կապված է հենց ԼՂ խնդրի հետ: Մասնավորապես ինչո՞վ է պայմանավորված, որ ամենայն հավանականությամբ, ԵԽԽՎ ապրիլյան նստաշրջանի օրակարգում Հայաստանի հարցը չի լսվի, թեեւ ԵԽԽՎ բանաձեւերի պահանջները կատարված չեն:

- Այստեղ շատ ավելի կապ ունեն հայ-թուրքական հարաբերությունները: Գուցե այն մեծ շահագրգռությունը, որ Արեւմուտքում կա հայ-թուրքական հարաբերությունների հաստատման նկատմամբ, ինչ-որ տեղ նրանց ստիպում է հեռու մնալ Հայաստանի ներքին քաղաքական խնդիրներից: Սակայն մյուս կողմից` չի կարելի միանշանակ պնդել, որ եթե ԵԽԽՎ նստաշրջանի օրակարգում Հայաստանի հարցը չլսվի, դա մեղմ վերաբերմունք է: Հիմա Հայաստանի ներքաղաքական կյանքում բավականին բարդ սխեմա է ստեղծված` կապված առաջիկա ընտրությունների հետ, որտեղ կարելի է սպասել ներքին քաղաքական լուրջ զարգացումներ: Հայտ է ներկայացրել ՀԱԿ-ը, ինչը բավականին լուրջ գործոն է, եւ բնական է, որ շատերը չէին ուզենա խառնվել այդ գործընթացներին: Նրանք սպասում են տեսնեն, թե ինչ զարգացումներ են լինելու:

Ես կարծում եմ, որ այս ընտրությունները կարեւոր են նաեւ Եվրոպայի համար, եւ նրանք հետեւում են, թե ինչպես են իրենց պահելու իշխանությունները, որից հետո նոր իրենք վերաբերմունք կդրսեւորեն: Եթե իշխանություններն ի վիճակի լինեն այս ընտրություններում ապահովել համեմատաբար հանգիստ ընթացք, բնական է, որ դա իրենց օգտին կշրջի Եվրոպայում առկա կարծիքները: Հենց դրա հետ է կապված, որ հիմա որեւէ սրություն չի երեւում: Ո՞ւմ է պետք այս իրավիճակում որեւէ հայտարարություն անել կամ ինչ-որ բանաձեւ ընդունել, որից հետո կողմերից մեկը, հաստատ պիտի մեղադրանքներ ներկայացնի եվրոպական կառույցներին: Եթե Աստված չանի, կրկին բարդ ընտրություններ անցնեն, այս կամ այն կողմը անպայման ասելու է` այ, տեսեք, եվրոպացիներն իրենց քիթը խոթեցին Հայաստանի գործերի մեջ: Նման վիճակում, նրանք ցանկանում են մի կողմ քաշվել:

- Իսկ այսօր ինչպե՞ս եք գնահատում ընդդիմության ու իշխանության նախընտրական մարտավարությունները, երբ իշխանությունը ընտրությունների է գնում 4 ճակատով, իսկ ընդդիմությունը` մեկ միասնական:

- Իշխանությունները հասկացել են, որ դեմ-դիմաց, երկու բեւեռով իրար դեմ գնալը նշանակում է նորից «մարտիծնել, դրա համար մտածել են ավելի բարդ սխեմա ստեղծել, որի մեջ գուցե կարելի լինի, իրենց համար օգտակար ինչ-որ լուծումներ գտնել: Եթե իշխանությունը մեկ ճամբարով գնար, նորից պետք է ուժային մեքենան գործի դրվեր, ճնշումների ու ոստիկանության ռեսուրսն օգտագործվեր, իսկ երբ 4 ճակատով են գնում, իրենց խնդիրը հեշտանում է: Այս դեպքում իշխանությունը պետք է ձգտի միայն նրան, որ ընդդիմությունը չհավաքի 41 տոկոս, ինչը ավելի փոքր խնդիր է, քան բաց ճակատով ընդդիմության դեմ դուրս գալն ու հաղթելը: Բանն այն է, որ եթե անգամ իշխանությունն էլ չհավաքի 40 տոկոս, ընտրություններից հետո այդ ուժերը կարող են կոալիցիա կազմել ու հաղթանակած դուրս գալ: Իզուր չէ, որ խոսվում է նաեւ նրա մասին, որ ԲՀԿ-ն կարող է ավելի շատ ձայն հավաքել, քան ՀՀԿ-ն: Եթե իշխանությունը գնար մեկ ճակատով, պետք է 60 տոկոս հավաքեր, ինչը երբեք չի կարող:

- Իսկ ինչիսի՞ն են այս պայմաններում, ընդդիմության հաղթանակի շանսերը:

- Այս ընտրություններում իրավիճակը բարդ է, եւ այս բարդ խաղում իշխանության թեկնածուն կարող հաղթելու որեւէ շանս չունենալ: Այդուհանդերձ, ընդդիմությունից ավելի մեծ հմտություն է պահանջվում, որպեսզի թույլ չտա, որ այդ բարդ խաղում իշխանությունն իրեն հաղթի: Մյուս կողմից` պետք է հասկանալ նաեւ, որ նման բարդ խաղում իշխանությունն էլ կարող է տանուլ տալ, ինչպես դա եղավ Ղարաբաղում: Եթե ընդդիմությունը կարողանա երեւանցիներին ներկայացնել խնդրի լրջությունը, համոզել, որ մասնակցեն ընտրություններին, իշխանությունները որեւէ շանս չունեն: Նրանք պետք է աշխատեն միայն թույլ չտալ ընդդիմության բացարձակ հաղթանակ, որ հետո կարողանան երկրորդ փուլում կոալիցիա ստեղծելով իրավիճակը թեքել իրենց կողմը: Այսօր ՀՀ իշխանությունների կողմից չի նկատվում ցանկություն թույլ տալ, որ հանգիստ ընտրություն լինի, եւ դա բնական է: Ինչպե՞ս կարող է թույլ տալ, որ Երեւանում հաղթի ընդդիմությունը, քանի որ եթե ընդդիմությունը վերցրեց Երեւանը, իշխանությունը պետք է արդեն իր ապագայի մասին մտածի: Դրա համար իշխանությունը կփորձի գնալ մինչեւ վերջ, բայց ավելի նուրբ ձեւերով:

- Կիսո՞ւմ եք տեսակետը, ըստ որի Եվրոպական կառույցները կցանկանային Երեւանի քաղաքապետի պաշտոնում տեսնել ընդդիմության ներկայացուցչի:

- Եվրոպան շատ բան կարող է ցանկանալ, բայց իրականությունն այլ է: Մի անգամ նրանք խառնվել են եւ «մարտիեն ստացել ու հիմա չեն ցանկանում կրկին խառնվել:

- Ինչպե՞ս կմեկնաբանեք տեսակետը, թե ՀԱԿ-ի հաղթանակի դեպքում Լեւոն Տեր-Պետրոսյանը չի աշխատի Սերժ Սարգսյանի ենթակայության ներքո: Որքանո՞վ է հիմնավոր այս պնդումը եւ ի՞նչ զարգացումներ կլինեն ընդդիմության հաղթանակի դեպքում:

- Ընդհանրապես դեռ միանշանակ պատասխան տրված չէ, թե արդյոք, ՀԱԿ-ի հաղթանակի դեպքում, Լեւոն Տեր-Պետրոսյանը ցանկություն կունենա աշխատել որպես Երեւանի քաղաքապետ, բայց ես կարծում եմ, որ այդ դեպքում դա հաղթողի խնդիրը չի, այլ պարտվողի խնդիրն է, մտածել, թե ինչպե՞ս են աշխատելու հաղթող կողմի հետ: Ի՞նչ է նշանակում` չեն կարող աշխատել: Բոլոր դեպքերում, իշխանությունների պահվածքը, վիճակը բավականին դժվար է լինելու, քանի որ քաղաքական մեծ ազդեցություն ու հետեւանք կարող է ունենալ ընդդիմության հաղթանակը Երեւանում: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի ենթակայության տակ աշխատելուն, ապա ես չգիտեմ, թե Սահմանադրությամբ ինչպես է նախատեսված, բայց եթե Երեւանի քաղաքապետը ընտրովի պաշտոն է, ապա քաղաքապետն ինքն է տերը իր ոլորտի:

- Այսինքն` եթե Տեր-Պետրոսյանը, այնուամենայնիվ, որոշի հաղթանակի դեպքում զբաղեցնել Երեւանի քաղաքապետի պաշտոնը, ի՞նչ զարգացումներ կլինեն, ի՞նչ ներքաղաքական իրավիճակ կստեղծվի:

- Ողջ քաղաքական համակարգը կենթարկվի մեծ փոփոխությունների, որովհետեւ Երեւանի քաղաքապետը հզոր քաղաքական պաշտոն է, հատկապես հաշվի առնելով այն քաղաքական իրավիճակը, որ հիմա կա Հայաստանում: Դա լուրջ քաղաքական փոփոխությունների հիմք կարող է դառնալ, սակայն դժվար է ասել, թե դրանք որ ուղղությամբ կզարգանան:

Դա կարող է բերել եւ երկիշխանության, եւ իշխող էլիտայի ներսում փոփոխությունների: Այս դեպքում շատ բան կախված է լինելու իշխանության պահվածքից: Եթե որեւէ կերպ չցանկանան համակերպվել իրականության հետ, ստիպված են լինելու կանգնել լուրջ քաղաքական զարգացումների ու խմորումների առաջ, իսկ եթե այդքան հասունություն ունենան, որ հաշվի նստեն իրականության հետ, գուցե եւ ավելի մեղմ զարգացումներ լինեն:

Վահան Գրիգորյան

Ժամանակ Երեւան

2009-04-17

No comments:

Post a Comment