Friday, April 17, 2009

Հարավային Կովկասը Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի շահերի բախման դաշտ է

Հարցազրույց քաղաքագետ Թողրուլ Ջուվարլիի հետ

- Որքանո՞վ է իրատեսական Թուրքիայի առաջարկած «Անվտանգության կովկասյան պլատֆորմի» իրագործումը:

- Դատելով ըստ Ռուսաստանի եւ Թուրքիայի ղեկավարության ակտիվ շփումների եւ այդ գաղափարին ԱՄՆ-ի տված հավանութան՝ «Անվտանգության կովկասյան պլատֆորմը» կարող է դրսեւորել որոշակի կենսունակություն։ Ակնհայտ է, որ հիմնական դերակատարները հետամուտ են տարբեր նպատակների: Ռուսաստանը հույս ունի, որ Թուրքիայի այդ քաղաքական քայլին համերաշխություն արտահայտելով, գործնականում ԱՄՆ-ին եւ ԵՄ-ին զրկում է հարավկովկասյան գործերին մասնակցելու հնարավորությունից: Հավանաբար ԱՄՆ-ը հույս ունի Թուրքիայի օգնությամբ անբացահայտ ձեւով ուժեղացնել սեփական ներկայությունը տարածաշրջանում: Թուրքիան փորձում է ստանձնել տարածաշրջանի առաջատարի դերը եւ հույս ունի, բարելավելով հարաբերությունները Հայաստանի հետ, վերջնականապես հաստատվել տարածաշրջանում: Այդ իմաստով՝ «Անվտանգության կովկասյան պլատֆորմի» առաջադրումը կարծես թե ձեռք է տալիս բոլորին: Նույնիսկ Ադրբեջանը կարող է հույս ունենալ, թե Թուրքիան ձեռք կբերի ղարաբաղյան կարգավորման վրա ազդեցության որոշ լծակներ, թեեւ այսօր ավելի գերակշռում է վախը, թե Թուրքիան անտեսում է Ադրբեջանի շահերը:

- Որքա՞ն արդյունավետ կարող են լինել ՀԱՊԿ երկրների օպերատիվ արձագանքման ուժերը, եւ ի՞նչը խթանեց այդպիսի ուժեր ստեղծելու մասին որոշման կայացմանը:

- Դրանք հազիվ թե արդյունավետ լինեն: Նախ՝ Ռուսաստանը, առաջարկելով այդ քայլը, հետապնդում էր դիվանագիտական նպատակներ։ Երկրորդ՝ այդպիսի ուժեր ստեղծելու գաղափարը ուղեկցվում էր Ռուսաստանի՝ ՀԱՊԿ-ի մեջ մտնող մի շարք երկրների տված վարկերով եւ խոստումներով: Վերջապես, եթե նույնիսկ հաշվի առնենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական գործողությունների վերսկսման տարբերակը, ապա ՀԱՊԿ-ի կողմից «Հայաստանի պաշտպանության» որոշման վերաբերյալ փոխհամաձայնության հանգելու հավանականությունը փոքր է առնվազն այն պատճառով, որ այդ փաստաթուղթը ստորագրած մի շարք երկրներ այս կամ այն չափով լավ քաղաքական եւ տնտեսական հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ։ Այստեղ փոխհամաձայնությունը գործնականում անհնար է։ Ըստ երեւույթին, դա հասկանում է նաեւ Ռուսաստանը, քանի որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան փաստաթղթի ստորագրումից անմիջապես հետո արեց հետաքրքիր հայտարարություն՝ ընդգծելով, որ այդ ուժերի ստեղծման նպատակը երկրների շահերի պաշտպանությունն է ԽՍՀՄ նախկին արտաքին սահմանների երկայնքով։ Այսինքն՝ փաստորեն բացառելով, որ այդ ուժերը կարող են գործի դրվել հայ-ադրբեջանական հակամարտության դեպքում։ Բայցեւայնպես, պետք է հիշել, որ քաղաքականության մեջ հստակորեն գործում է «Երբեք մի ասա՝ երբեք» սկզբունքը։

- Ի՞նչ տեղ են զբաղեցնում Հայաստանը, Ադրբեջանը եւ Վրաստանը ընդհանուր առմամբ ռուս-ամերիկյան հարաբերություններում, եւ արդյո՞ք այդ տեղի ընկալումը Ադրբեջանում ադեկվատ է իրական վիճակին։

- Անկասկած, Հարավային Կովկասը Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի շահերի խաչաձեւման դաշտ է եւ դեռ կմնա այդպիսին երկար ժամանակ։ Հարավային Կովկասում առաջացող ցանկացած բարդ իրավիճակում այդ երկրները ստիպված են լեզու գտնել իրար հետ եւ փնտրել հավասարակշռության նոր կետ։ Դրա դասական դրսեւորումը տեսանք անցյալ տարվա օգոստոսին, երբ Ռուսաստանը փորձեց ապացուցել, թե ով է տնօրինում Հարավային Կովկասում եւ մասամբ հասավ իր նպատակին։ ԱՄՆ-ն էլ առաջին անգամ կանգնեցրեց իր նավերը Ռուսաստանի սահմանի անմիջական մերձությամբ՝ այդ քայլը պատճառաբանելով Վրաստանի պաշտպանությամբ։ Ռուս-ամերիկյան հարաբերություններն Ադրբեջանում, այսպես ասած, դիտարկվում են ղարաբաղյան կարգավորման տեսանկյունից։

- Հավատո՞ւմ եք հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը, եւ ինչպե՞ս դա կարող է ազդել թուրք-ադրբեջանական հարաբերությունների վրա։

- Սկզբունքորեն դա հնարավոր է, քանի որ հարաբերությունների նորմալացումն այսօր ձեռնտու է թե Թուրքիային, թե Հայաստանին։ Առաջինի մասին արդեն խոսվեց վերը, իսկ Հայաստանի համար Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումը կենսական նշանակություն ունի տնտեսական առումով։ Բացի այդ, Հայաստանի համար ճանապարհ է բացվում դեպի Եվրոպա։ Ճիշտ է, այդպիսի նորմալացման հասնելու համար Հայաստանի եւ Թուրքիայի իշխանությունները ստիպված են դիմել որոշակի ռիսկերի։ Ընդ որում՝ դա վերաբերում է ոչ միայն ղարաբաղյան կարգավորմանը, այլեւ այնպիսի նուրբ հարցի, ինչպիսին է 1915 թվականի ցեղասպանության պատմությունը։ Փաստորեն, մենք այն բանի ականատեսն ենք, թե ինչպես է անդադար խաղարկվում հետեւյալ թեման՝ Թուրքիան ներողություն է խնդրում ցեղասպանության համար, իսկ Հայաստանը «հրաժարվում» է քաղաքական առումով այդ հարցը մշտապես բարձրացնելուց։ Բացի այդ, երեւում է, որ Հայաստանը շատ է դես ու դեն ընկնում՝ փորձելով դա օգտագործել որպես քարոզչական զենք ղարաբաղյան կարգավորման մեջ։ Օբյեկտիվորեն՝ գուցե այդպիսի պահվածքը նույնիսկ խանգարում է հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը, ուստի թուրքական ղեկավարությունը ստիպված է շարունակ պնդել, որ երբեք չի հրաժարվի Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունից եւ մեր երկրին ցուցաբերվող քաղաքական օժանդակությունից:

Հարցազրույցը՝ ՏԱՐԱՆԱ ՔՅԱԶԻՄՈՎԱՅԻ

Առավոտ

2009-04-14

No comments:

Post a Comment