Հայ-թուրքական հարաբերության կարգավորումը կանգ առավ “ղարաբաղյան կարգավորում” կոչվող կետում: Մինչ Հայաստանը եւ Ադրբեջանը համաձայնության չգան Ղարաբաղի հարցում, Թուրքիան հարաբերություններ չի հաստատի Հայաստանի հետ, ասում են թուրք ղեկավարները, ադրբեջանցի քաղաքագետներն ու միջազգային մամուլը: Սակայն նրանցից յուրաքանչյուրը սեփական պատճառներն ունի:
Ադրբեջանի եւ նույնիսկ Թուրքիայի դեպքում ամեն ինչ պարզ է՝ Բաքուն եւ Անկարան ցանկանում են օգտվել պահից եւ ուրիշի ձեռքով լուծել Ղարաբաղի հարցը: Ինչ վերաբերում է միջնորդներին, նրանց մոտիվացիան նույնպես հասկանալի է: Հայ-թուրքական սահմանի բացումը համաշխարհային հանրությանը պետք է որպես այլընտրանքային հաղորդակցական հնարավորություն: Սակայն հանրության ինչին են հաղորդակցությունները, որոնք մտնում են Հայաստան, որն այսօր տրանսպորտային փակուղի է: Հայաստանն աշխարհին պետք է ընդամենը որպես տրանզիտ: Իսկ ուր կարող են Հայաստանից տանել ճանապարհները: Կամ Վրաստան, կամ Իրան, կամ էլ Ադրբեջանով Կենտրոնական Ասիա եւ Ռուսաստան:
Եւ թեեւ հայ-թուրքական սահմանը դեռ փակ է, սակայն Հայաստանից “դուրս եկող” երկու ճանապարհների նախապատրաստումն արդեն սկսել է: Խոսքը Բաթում-Հայաստան-Իրան ճանապարհի եւ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման մասին է: Պատահական չէ, որ միջազգային հիմնադրամները համաձայնություն են հայտնում միջոցներ հատկացնել այս նախագծերին: Թերեւս գաղափարն էլ իրենք են առաջադրել: Իսկ այս նախագծերի իրականանալն աճում է հայ-թուրքական հարաբերության ջերմացմանը զուգահեռ:
Մնում է ապահովել երրորդ ճանապարհը՝ Ադրբեջանով: Ահա այստեղ էլ խնդիր է առաջանում: Հաղորդակցությունների ջատագովներին պետք է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բաց սահման: Նրանց համար տարբերություն չկա, թե ում բաժին կհասնի Ղարաբաղը, գլխավորը, որ հաղորդակցությունների այդ մասը բացվի: Հնարավոր է, նույնիսկ նոր խողովակ անցկացնեն:
Եթե, իհարկե, Երեւանին ու Բաքվին համոզեն զիջումների գնալ: Փաստացի, այս անգամ Բաքուն է կտրականապես հրաժարվել փոխզիջումներից: Հայաստանը նույնպես չի ենթարկվել ճնշումների: Սակայն համաշխարհային հանրությունը պարբերաբար ստուգելու է կողմերի “փափկությունը”, պարզելու, թե ում վրա է հեշտ ճնշում գործադրել:
ՆԱՆՈ ԱՐՂՈՒԹՅԱՆ
Լրագիր
No comments:
Post a Comment