Friday, April 17, 2009

Դ.Իշխանյան. «Պետք է կարողանանք այս գործընթացում ունենալ

«Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցում կա միակողմանի կեցվածք: Եւ այդ կեցվածքը համենայնդեպս չի արտահայտում ոչ Հայաստանի հանրապետության, ոչ Լեռնային Ղարաբաղի հանրապետության շահերը, ավելի ճիշտ` ողջ հայ ժողովրդի շահերը»,-այս կարծիքն է արտահայտել ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը` Հետքի հետ հարցազրույցում:

ՄՃԽ-ի զեկույցում, ըստ Դ.Իշխանյանի, որոշակի անհասկանալի պահեր կան, որոնցից նա ընդգծեց «շտապողական, կարծես թե արագացված գործընթացը, որ փորձում են եվրոպական կառույցները Հայաստանին եւ Թուրքիային մղել` միմյանց հետ հարաբերվելու եւ հաստատելու բարիդրացիական ու դիվանագիտական հարաբերություններ»:

«Իհարկե դեմ չլինելով հայ-թուրքական  հարաբերություններին, այնուհանդերձ պետք է նշել,որ նախ թուրքական կողմը չպետք է հանդես գա որոշ նախապայմանով, որին դեմ են եւ Հայաստանի իշխանությունները, եւ դեմ է արտահայտվել նաեւ մեր կուսակցությունը, բայց Հայաստանի իշխանությունները պետք է հստակ ընդգծեն, որ հայ-թուրքական հարաբերություններն ուղղակիորեն որեւէ առնչություն չպիտի ունենան Ցեղասպանության ճանաչման գործընթացի հետ»,-ասել է Դ.Իշխանյանը:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների եւ Արցախի հիմնահարցի առնչություններին, Դավիթ Իշխանյանը գտնում է, որ բնականորեն տարանջատելու իմաստ չկա, եւ հայ-թուրքական հարաբերություններն ուղղակիորեն կապված են Արցախի հիմնահարցի հետ: Եւ այդ համատեքստում ամենեւին էլ պատահական չէ Ադրբեջանի իշխանությունների ու դիվանագիտական կորպուսի կողմից վերջին ժամանակներս վարվող քաղաքականությունը, որը, թվում է, անջատ քաղաքականություն է թուրքական դիվանագիտական քայլերից, բայց Դ.Իշխանյանի համոզմամբ, այդ երկու դիվանագիտական կորպուսների քաղաքականությունը համաձայնեցված եւ համադրված քայլեր են, որոնք թերեւս հուշում են, որ հայ-թուրքական հարաբերությունների բանալիներից մեկը գտնվում է Արցախյան հիմնահարցում եւ Արցախում:

«Այս առնչությամբ մենք պետք է ունենանք մեր հստակ տեսակետը, կեցվածքը, եւ դա պետք է մեկ անգամ եւս ներկայացնենք ի լուր աշխարհի»,-ավելացրել է նա:

«Հարաբերությունների բարելավման շտապողականությունը կարո՞ղ է բացասական ազդեցություն ունենալ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վրա» հարցին ի պատասխան ՀՅԴ ներկայացուցիչն ասաց. «Հավանականության տեսության համաձայն` ամեն ինչ հնարավոր է, սակայն մենք պետք է կարողանանք այս գործընթացում ունենալ մեր տեղը, դիրքը, եւ հստակ կեցվածքը»:

Նա միաժամանակ շեշտեց, որ պետական օղակների կողքին պետք է լինի նաեւ հասարակական կարծիքը: Դատելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին շրջանում արված մի շարք  հայտարարություններից, Դավիթ Իշխանյանը համոզված է, որ ԼՂՀ-ն իր ամբողջականությամբ կարող է ունենալ սեփական տեսակետը, որը կարող է թելադրել նաեւ բանակցային գործընթացում:

«Ղարաբաղը պարտավոր է իր դիրքորոշումը ներկայացնել, քանի որ հայ-թուրքական հարաբերությունները չեն կարող շրջանցել Արցախյան հիմնահարցը: Ղարաբաղի` հստակ կեցվածքի արտահայտման արդյունքում, համոզված եմ, որ շահողի դերում կարող ենք հանդես գալ: Բայց այս առումով ակտիվություն է անհրաժեշտ, հատկապես քաղաքական, ինչը կարող է մեզ ավելի դրական տեղաշարժերի տանել»,-ընդգծել է Դավիթ Իշխանյանը:

www.hetq.am

2009-04-17

No comments:

Post a Comment