Friday, April 17, 2009

ԱՐԻ ԲԱԲԱՋԱՆ, ԳՆԱ ԲԱԲԱՋԱՆ

Երեւանում ապրիլի 16-ին տեղի ունեցավ Սեւծովյան տնտեսական գործակցության երկրների արտգործնախարարների հավաքը, որի ընթացքում Հայաստանն ավարտեց իր նախագահությունն այդ կազմակերպությունում եւ այն փոխանցեց Ադրբեջանին: Ադրբեջանից Երեւան էր ժամանել եւ նախագահությունն ընդունեց այդ երկրի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդգուլիեւը:

Սակայն հավաքի գլխավոր ինտրիգը Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանի ժամանումն էր Երեւան: Դա էր լրագրողների համար հավաքի ընթացքում հիմնական հետաքրքրություն ներկայացնող փաստը: Սակայն հայաստանցի լրագրողների հետաքրքրությունը Ալի Բաբաջանը չբավարարեց, քանի որ նա լրագրողների հարցեր տալու փորձին եւ ցանկությանը մնում էր անհաղորդ եւ ընդամենը հնարավորություն էր տալիս ֆոտոթղթակիցներին եւ օպերատորներին արձանագրել, թե ինչպես է հավաքի նիստերի դահլիճից, որ Արմենիա Մարիոթ հյուրանոցի Տիգրան Մեծ սրահն էր, բարձրանում երկրորդ հարկի սրահներ, ուր ինչ որ աշխատանք էր ընթանում նաեւ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ:

Այդպես Բաբաջանը մի քանի անգամ վերեւ-ներքեւ արեց հյուրանոցում, վերեւ-ներքեւ արեց նաեւ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, վերեւից մի անգամ ներքեւ իջավ եւ բարձարացավ Սերգեյ Լավրովը: Ադյքանը, իսկ վերջում ասուլիս տվեցին Հայաստանի արտգործնախարարն ու Ադրբեջանի փոխարտգործնախարարը, որի ընթացքում երկուսի ներածական խոսքից հետո, որ վերաբերում էր Սեւծովյան տնտեսական գործակցության կազմակերպության միավորող եւ անմեղ գործունեությանը, Էդվարդ Նալբանդյանը ասուլիսը փորձում էր համարել փակված: Ընդ որում, դա անակնկալ էր ոչ միայն լրագրողների, այլ ասուլիսին մասնակցողների` ադրբեջանցի փոխնախարարի, Ալբանիայի արտգործնախարարի տեղակալի եւ Սեւծովյան տնտեսական կազմակերպության գլխավոր քարտուղարի համար: Նալբանդյանը վեր կացավ, իսկ նրանք մի պահ մնացին նստած եւ տարակուսած: Միայն դրանից հետո Հայաստանի արտգործնախարարը որոշեց, որ մի երեք հարցի կարելի է պատասխանել:

Առաջին հարցը վերաբերում էր այն բանին, թե ինչպես կմեկնաբանի Հայաստանի արտգործնախարարը Աբդուլլահ Գյուլի հայտարարությանը, ըստ որի Թուրքիան ինչ որ առումով մասնակցում է Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Հայաստանի արտգործնախարարը պատասխանեց, որ Ղարաբաղի հակամարտության կարգավորման ձեւաչափը Մինսկի խումբն է եւ այլ ձեւաչափ գոյություն չունի: “Դա է ձեւաչափը բանակցությունների, այլ ձեւաչափ գոյություն չունի: Չեմ կարծում, որ այստեղ կարող է որեւէ կասկած լինել այն հայտարարությունների, որոնք արվել էին նախապես, որ Թուրքիան միջնորդ դեր չի կատարում Ղարաբաղի կարգավորման գործընթացում, եւ այդպիսի հայտարարություն արվել էր նաեւ Թուրքիայում”, հայտարարել է Էդուարդ Նալբանդյանը:

Նույնօրինակ հարց է ուղղվել նաեւ Ադրբեջանի փոխարտգործնախարարին, Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը Թուրքիայի մասնակցության վերաբերյալ:

Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Մամեդգուլիեւն ասել է, թե Ադրբեջանը ողջունում է հակամարտության կարգավորման ցանկացած քայլ, քանի որ հակամարտությունը չլուծված լինելով առավելություն չի տալիս դրա որեւէ կողմին:

Հարցը պետք է լուծվի գոյություն ունեցող նորմերի շրջնակում եւ միջազգային իրավունքի սկզբունքների շրջանակում: Ինչ վերաբերում է թուրքական կողմի առաջարկներին, ապա առաջին հերթին Թուրքիան հանդիսանում է Մինսկի խմբի անդամ, Թուրքիան հանդիսանում է տարածաշրջանային լուրջ պետություններից մեկը, խաղացող, այսպես ասենք, դրա համար էլ առաջարկները Թուրքիայի, որով նա փորձում է իր լուման բերել հարցի կարգավորմանը, ես չգիտեմ հատկապես ինչպիսին են դրանք, ադրբեջանական կողմը պատրաստ է դիտարկել եւ ընդունել, եթե առաջարկները բավարարում են Ադրբեջանին”, հայտարարել է Մամեդգուլիեւը:

Լրագիր

2009-04-16

No comments:

Post a Comment