Friday, April 17, 2009

ԻՆՉ ԵՆ ԻՐԵՆՑԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՄԱՏՆԱՆՇԱԾ ԱՌԱՋԸՆԹԱՑՆԵՐԸ

Ես համարում եմ, որ այս մեկ տարվա ընթացքում ամենակարեւորն այն է, որ մենք կարողացանք խորացնել մեր հարաբերությունները մեր բարեկամների եւ գործընկերների հետ: Այս մեկ տարվա ընթացքում մենք կարողացանք սկսել եւ իմ կարծիքով բավական առաջ գնալ Թուրքիայի հետ մեր բանակցություններում: Այս մեկ տարվա ընթացքում մենք կարողացանք ավելի արդյունավետ դարձնել ղարաբաղյան բանակցությունները: Այս մեկ տարվա մեջ մենք կարողացանք ձեւակերպել լուրջ ենթակառուցվածքային ծրագրեր, որոնց իրականացումն էապես կփոխի մեր տարածաշրջանի դիրքավորումը եւ մեր դիրքավորումը մեր տարածաշրջանում: Կարծում եմ այս մեկ տարվա ընթացքում մենք կարողացանք որոշակի էլեմենտներ մտցնել մեր ներքաղաքական կյանք: Ես նկատի ունեմ անվտանգության խորհրդի դերի բարձրացումը, ես նկատի ունեմ մեր պարբերական խորհրդակցությունները քաղաքական ուժերի հետ, ես նկատի ունեմ հասարակական խորհրդի ձեւավորումը”, իր պաշտոնավարման մեկ տարվա կապակցությամբ հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Սերժ Սարգսյանը:

Փորձենք տեսնել, թե նրա նշած ուղղությունները որքանով կարելի է իրականում համարել առաջընթաց, որի պարագայում նշմարվում է իրապես ունեցած որեւէ ձեռքբերում: Սերժ Սարգսյանը խոսում է Թուրքիայի հետ բանակցության առումով սկսելու եւ առաջ գնալու մասին: Առաջ գնալը թերեւս այն է, որ Թուրքիայի վարչապետն ու նախագահը հայտարարում են, ընդ որում բավական հստակ եւ բավական հաճախ, որ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունը կարող է կարգավորվել միայն Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելուց հետո: Թե որն է այստեղ առաջընթացը Սերժ Սարգսյանի համար, թերեւս այնքան էլ հասկանալի չէ, քանի որ Թուրքիան միշտ էլ, այսինքն նախորդ տարիներին էլ, ասում էր եւ ասել է, որ Ղարաբաղի հարցը կարգավորելուց հետո պատրաստ է հարաբերություն սկսել Հայաստանի հետ: Առաջընթաց կարելի է համարել հայ-թուրքական մի քանի հանդիպումները նախագահների, նախագահի ու վարչապետի եւ արտգործնախարարների միջեւ: Բայց բանն այն է, որ այդ հանդիպումներից հետո թուրքական կողմը որպես կանոն միշտ հայտարարում է, որ նախապայմանը Ղարաբաղի հարցն է, իսկ հայկական կողմն էլ առավելագույնը հայտարարում է, որ դա նախապայման եւ բանակցության թեմա չէ: Իսկ ինչն է բանակցության թեման, հայկական կողմը այդպես էլ չի հայտարարել ու չի հայտարարում: Փոխարենը, խոսելով առաջընթացի մասին, Սերժ Սարգսյանը մեկ էլ ասում է, թե թուրքերը կարող է եւ փոշմանել են: Իսկապես նկատելի առաջընթաց է:

Սերժ Սարգսյանը խոսում է Ղարաբաղի հակամարտության բանակցությունն ավելի արդյունավետ դարձնելու մասին: Բայց որեւէ մանրամասն, թե ինչով է բանակցությունն արդյունավետ դարձել, եւ հատկապես ում համար, այդ մեկ տարվա ընթացքում հայ հասարակությանը չի ներկայացվել: Եղել են համանախագահների մի քանի տարածաշրջանային այցեր, եղել է նախագահների մի քանի հանդիպում, եղել է մոսկովյան հռչակագիր, եղել են եւ լինում են սահմանում հրադադարի խախտման բազմաթիվ դեպքեր, զոհեր: Թե ինչն է արդյունավետությունը, թերեւս Սերժ Սարգսյանի անձնական գաղտնիքն է, քանի որ որեւէ տեսանելի հարցում բանակցության արդյունավետության մասին, առավել եւս հայկական շահի տեսանկյունից արդյունավետության մասին, ուղղակի դժվար է նույնիսկ ենթադրություն անել: Իսկ հակառակի, այսինքն մեր շահի տեսանկյունից անարդյունավետության մասին ենթադրության հիմքերը շատ են: Բավական է միայն այն, ինչ Վիեննայում տեղի ունեցած փորձագիտական համաժողովի ընթացքում հայտարարել էին Մինսկի խմբի համանախագահներ Ֆասիեն եւ Բրայզան, ասելով, թե կարգավորման ներկայիս ամենից ռեալ տարբերակն այն է, որ հայկական զորքը դուրս գագրավյալտարածքներից, իսկ Ղարաբաղի համար էլ ժամանակավոր ինչ որ բան որոշեն եւ միայն 10-15 տարի հետ մտածեն կարգավիճակի հանրաքվե անելու մասին: Եվ ամենից կարեւորը: Բանակցության անարդյունավետության, այսինքն Հայաստանի եւ Ղարաբաղի համար անարդյունավետության մասին է վկայում այն, որ մի քանի տարվա ընդմիջումից հետո կրկին շրջանառության մեջ է դրվել Ղարաբաղի ադրբեջանական համայնք հասկացությունը, ընդ որում հայկական եւ ադրբեջանական համայնքներ համատեքստում: Առաջընթացն իսկապես նկատելի է:

Սերժ Սարգսյանը խոսում է լուրջ ենթակառուցվածքային ծրագրերի ձեւակերպման մասին, որոնքէապես կփոխեն մեր տարածաշրջանի դիրքավորումը”: Այստեղ կա մի փոքր անհասկանալի պահ: Ինչ է նշանակում փոխել տարածաշրջանի դիրքավորումը: Արդյոք Կովկասը պետք է փոխի իր դիրքն ու դառնա Միջին Ասիա կամ ասենք Մերձավոր Արեւելք: Եվ օրինակ այդ որ ենթակառուցվածքային նախագծերն են, որոնք այդպիսի հզոր ուժ են ունենալու եւ այսպես ասած գետեր ու լեռներ են շրջելու: Հավանաբար Սերժ Սարգսյանը նկատի ունի Իրան-Հայաստան երկաթուղու եւ Բաթում-Մեղրի ավտոճանապարհի մասին ձեւակերպումները: Իհարկե, առարկայական քայլերն այնքան քիչ են, որ արդեն ձեւակերպումներն են հաջողություն համարվում: Բայց այդ առումով կարելի էր իհարկե մի քանի բան էլ ավելի ձեւակերպել: Միեւնույն է, ձեւակերպելուց վնաս չկա, իսկ օգուտն ակնհայտ է` կարելի է ձեւակերպումը ներկայացնել որպես նախագահության մեկ տարվա ձեռքբերում: Առաջընթացն իսկապես նկատելի է:

Սերժ Սարգսյանը խոսում է ներքաղաքական կյանքում նոր էլեմենտների ներդրման մասին, մասնավորապես նշելով, որ բարձրացրել են անվտանգության խորհրդի դերը: Անվտանգության խորհրդի դերը բարձրացրել է 2005 թվականին փոփոխության ենթարկված Սահմանադրությունը: Իսկ այդ փոփոխությունն ուժի մեջ էր մտնելու 2008 թվականի նախագահի ընտրությունից հետո: Հետեւաբար, դա ուղղակի քարոզչական հնարք է ներկայացնել որպես նախագահական աշխատանքի ձեռքբերում, եթե այդձեռքբերումըամրագրված է Սահմանադրությամբ: Առաջընթացն իսկապես նկատելի է:

Սերժ Սարգսյանը խոսում է կուսակցությունների հետ կլոր սեղաններ կազմակերպելու եւ կարեւոր հարցերի շուրջ խորհրդակցություն անցկացնելու մասին: Սա իսկապես նոր երեւույթ է եւ մոտավորապես 5 տասնյակ մարդ դրանից իրեն շատ-շատ լավ է զգում, քանի որ, ինչպես հայտնի ֆիլմում, “տիեզերագնացին են տեսնում, Իշտոյանին, նախագահին են տեսնում”, ինչ որ բան են ասում նրան, նա է ինչ որ բան ասում իրենց, եթե չասի էլ, ապա գոնե ոնց էլ չլինի մի անգամ նայում է նրանց կողմ: Նախկինում նախագահին տեսնելու հնարավորություն ունենում էր 4-5, կամ քարը տրաքի 9-10 կուսակցության ղեկավար: Իսկ այսօր արդեն ամբողջ 50 կուսակցապետ տեսնում են եւ նստում նույն սեղանի շուրջ: Թե ինչ հարցեր են քննարկում, ինչ արդյունք է դրանից ստանում պետությունը, հասարակությունը, այնքան էլ կարեւոր չէ: Այդ ամենը փակ է լինում, բայց` առաջընթացն իսկապես նկատելի է:

Եվ, վերջապես, Սերժ Սարգսյանը խոսում է Հանրային խորհրդի ձեւավորման մասին, հույս հայտնելով, որ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը եւ խորհրդի մնացյալ անդամները կանեն այնպես, որ այդ կառույցն իսկապես կդառնա կենսունակ: Վազգեն Մանուկյանը նախագահի ընտրությանը` 2008 թվականին, ստացել է ընդամենը 1 տոկոս ձայն: Խոսրով Հարությունյանը նույն այդ ընտրությանը սատարել է Սերժ Սարգսյանին, իսկ դրանից մեկ տարի առաջ տեղի ունեցած խորհրդարանի ընտրությանն էլ դրել է իր թեկնածությունն ու պարտվել Խաչատուր Սուքիասյանին: Իսկ իր կուսակցությունն էլ ընդհանրապես չի մասնակցել այդ ընտրությանը, չունենալով 5 տոկոսը հաղթահարելու որեւէ տեսանելի շանս: Ինչպես են այդ մարդիկ իրենց 1 տոկոս ձայնով եւ Սերժ Սարգսյանին սատար կանգնելու կեցվածքով հանրության շահ ներկայացնելու, երեւի թե իրենց էլ հայտնի չէ, եթե իհարկե հայտնի է որեւէ մեկին: Նույնը վերաբերում է նաեւ Հանրային խորհրդի արդեն նշանակված մյուս 10 անդամներին, որոնք ամեն մի ընտրության կամ եղել են իշխանության կողքը, կամ հայտնի չէ, թե ուր են եղել: Համենայն դեպս, հասարակությունը նրանց ոչ մի տեղ չի տեսել: Բայց կարեւորն իհարկե դա չէ, այլ այն, որ առաջընթացն իսկապես նկատելի է:

Իսկ ով չի նկատում այդ ամենը, նա անկասկած կույր է, կամ հոգեխանգարված: Իսկ եթե կույր կամ հոգեխանգարված չէ, ուրեմն օտարերկրյա գործակալ, կամ, ամենամեղմ դեպքում` “դեղին մամուլիներկայացուցիչ:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

 

 


ԱՌԱՆՑ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՌՆՈՒՄ Է ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՓԱԿՈՒՂԻ

 

Հայ-թուրքական հարաբերության կարգավորումը կանգ առավղարաբաղյան կարգավորումկոչվող կետում: Մինչ Հայաստանը եւ Ադրբեջանը համաձայնության չգան Ղարաբաղի հարցում, Թուրքիան հարաբերություններ չի հաստատի Հայաստանի հետ, ասում են թուրք ղեկավարները, ադրբեջանցի քաղաքագետներն ու միջազգային մամուլը: Սակայն նրանցից յուրաքանչյուրը սեփական պատճառներն ունի:

Ադրբեջանի եւ նույնիսկ Թուրքիայի դեպքում ամեն ինչ պարզ է՝ Բաքուն եւ Անկարան ցանկանում են օգտվել պահից եւ ուրիշի ձեռքով լուծել Ղարաբաղի հարցը: Ինչ վերաբերում է միջնորդներին, նրանց մոտիվացիան նույնպես հասկանալի է: Հայ-թուրքական սահմանի բացումը համաշխարհային հանրությանը պետք է որպես այլընտրանքային հաղորդակցական հնարավորություն: Սակայն հանրության ինչին են հաղորդակցությունները, որոնք մտնում են Հայաստան, որն այսօր տրանսպորտային փակուղի է: Հայաստանն աշխարհին պետք է ընդամենը որպես տրանզիտ: Իսկ ուր կարող են Հայաստանից տանել ճանապարհները: Կամ Վրաստան, կամ Իրան, կամ էլ Ադրբեջանով Կենտրոնական Ասիա եւ Ռուսաստան:

Եւ թեեւ հայ-թուրքական սահմանը դեռ փակ է, սակայն Հայաստանիցդուրս եկողերկու ճանապարհների նախապատրաստումն արդեն սկսել է: Խոսքը Բաթում-Հայաստան-Իրան ճանապարհի եւ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման մասին է: Պատահական չէ, որ միջազգային հիմնադրամները համաձայնություն են հայտնում միջոցներ հատկացնել այս նախագծերին: Թերեւս գաղափարն էլ իրենք են առաջադրել: Իսկ այս նախագծերի իրականանալն աճում է հայ-թուրքական հարաբերության ջերմացմանը զուգահեռ:

Մնում է ապահովել երրորդ ճանապարհը՝ Ադրբեջանով: Ահա այստեղ էլ խնդիր է առաջանում: Հաղորդակցությունների ջատագովներին պետք է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բաց սահման: Նրանց համար տարբերություն չկա, թե ում բաժին կհասնի Ղարաբաղը, գլխավորը, որ հաղորդակցությունների այդ մասը բացվի: Հնարավոր է, նույնիսկ նոր խողովակ անցկացնեն:

Եթե, իհարկե, Երեւանին ու Բաքվին համոզեն զիջումների գնալ: Փաստացի, այս անգամ Բաքուն է կտրականապես հրաժարվել փոխզիջումներից: Հայաստանը նույնպես չի ենթարկվել ճնշումների: Սակայն համաշխարհային հանրությունը պարբերաբար ստուգելու է կողմերիփափկությունը”, պարզելու, թե ում վրա է հեշտ ճնշում գործադրել:

ՆԱՆՈ ԱՐՂՈՒԹՅԱՆ

Լրագիր

2009-04-14

No comments:

Post a Comment