Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի հետ Բաքվում կայացած հանդիպումից հետո հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները ընթանում են` «հաշվի առնելով տարածաշրջանում ի հայտ եկած նոր գործոնները»:
Հանդիպման ընթացքում, ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, անդրադարձ է եղել նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանի հնարավոր բացմանը: «Մեր դիրքորոշումը հետեւյալն է. Ադրբեջանը երբեք չի միջամտում երրորդ երկրների ներքին գործերին: Սակայն, մյուս կողմից, եթե սահմանը բացվի մինչեւ օկուպացված տարածքներից հայկական զորքերի դուրսբերումը, դա, անկասկած, կհակասի Ադրբեջանի ազգային շահերին», - ասել է Մամեդյարովը:
Մ.Բրայզան Ադրբեջանի իշխանությունների հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը կենտրոնանալու են ԼՂ խնդրի կարգավորման շուրջ ԵԱՀԿ ՄԽ կողմից մշակված հիմնարար սկզբունքների վրա: «Մենք պայմանավորվել ենք կենտրոնանալ հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքներն ավարտելու վրա», - ասել է Բրայզան ու հավելել, որ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումը եղել է կառուցողական եւ անցել բարեկամական մթնոլորտում: «Մենք քննարկել ենք ԵԱՀԿ ՄԽ-ում մեր համատեղ ջանքերը` հիմնարար սկզբունքներում մի քանի առանցքային տարաձայնությունների լուծման վերաբերյալ, որոնք կուրվագծեն ԼՂ խնդրի արդար ու հավասարակշռված լուծում: Այն իր մեջ կներառի տարածքների ու փախստականների վերադարձ, ԼՂ-ի եւ այլ տարածքների բոլոր բնակիչների անվտանգության ապահովում, տրանզիտային ուղիների վերականգնում եւ միջազգային երաշխիքներ:
Ինչպես հայտնի է, երեկ մեկնարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի պաշտոնական այցը Մոսկվա: Արդեն հաղորդվել էր, որ Կրեմլում քննարկման հիմնական թեմաներ են հանդիսանալու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, տարածաշրջանային հիմնախնդիրները, մասնավորապես` ղարաբաղյան հիմնախնդիրը: «Ըստ ավանդույթի` բանակցություններում մեծ տեղ է զբաղեցնում միջազգային ու տարածաշրջանային ամենաակտուալ հարցերի քննարկումը: Քննարկվելիք ամենակարեւոր հարցերից է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման թեման», - Ինտերֆաքսին փոխանցել է Կրեմլի աշխատակազմի ներկայացուցիչը:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն էլ ռուսաստանյան «Ռոսիսկայա գազետա» պարբերականում տպագրված զրույցում ներկայացրել է Ռուսաստանի դիրքորոշումը ԼՂ հակամարտության վերաբերյալ: Պատասխանելով թերթի ընթերցողներից մեկի հարցին, թե հնարավո՞ր է, որ Ռուսաստանն ակտիվորեն մասնակցելով ԼՂ խնդրի լուծմանը, գնա որոշակի զիջումների Արեւմուտքին` հարավօսական դեպքերից հետո սեփական իմիջը բարձրացնելու համար, ՌԴ ԱԳ նախարարը նշել է. «ԼՂ հակամարտության լուծման հարցում Ռուսաստանը ոչ ներկայում, ոչ էլ անցյալում միակողմանի դիրքորոշում չի գրավել: Մենք մասնակցում ենք այդ հակամարտության բանակցային գործընթացին` համագործակցելով միջազգային կառույցների հետ, առաջին հերթին խոսքը գնում է ԵԱՀԿ ՄԽ եռանախագահողների մասին»: Ս.Լավրովը նաեւ հավելել է, որ Ռուսաստանն ունի բացարձակապես չեզոք դիրքորոշում, եւ կընդունի Երեւանի ու Բաքվի կողմից ընդունված յուրաքանչյուր որոշում:
Էմմա Գաբրիելյան
Ժամանակ Երեւան
No comments:
Post a Comment