Friday, April 17, 2009

Դ. Բաբայան. «Այնպիսի տպավորություն է, որ զեկույցի հիմնական գաղափարը ղարաբաղյան ուժերի դուրս գալն է ԼՂՀ Սահմանադրությամբ ամրագրված տարածքներից»

«Զեկույցը փաստորեն միակողմանի է, եւ այնպիսի տպավորություն է, որ զեկույցի հիմնական գաղափարը հենց ղարաբաղյան ուժերի դուրս գալն է ԼՂՀ Սահմանադրությամբ ամրագրված տարածքներից, որը իհարկե անընդունելի է: Դա չի կարող բերել հարաբերությունների նորմալ զարգացման: Հուսով ենք, որ սա խմբի սուբյեկտիվ կարծիքն է ու պատկերացումը` հայ-թուրքական հարաբերությունների բարելավման վերաբերյալ, եւ հարաբերությունները կզարգանան այլ ուղղությամբ»,- այսօր Հետքին նման գնահատական է տվել ղարաբաղցի քաղաքագետ Դավիթ Բաբայանը  Միջազգային ճգնաժամային խմբի օրերս հրապարակած զեկույցի վերաբերյալ:

Միջազգային ճգնաժամային խմբի (International Crisis Group) «Թուրքիա եւ Հայաստան. Բացել մտքերը, բացել սահմանները» զեկույցում հիմնականում ընդգծվում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների բարելավման անհրաժեշտությունը: Այս անգամ նույնպես ուշադրությունից չի վրիպել ղարաբաղյան հիմանխնդրի կարգավորման հարցը. նշվում է, որ փակուղում գտնվող Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը դեռեւս սպառնում է խոչընդոտել Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների բնականոնացման փաթեթի վերջնական համաձայնության գալուն:

«Որպեսզի Թուրքիայի հետ հարաբերությունների երկարատեւ նորմալացումը լինի կայուն, Հայաստանը, Ադրբեջանի հետ միասին, վերջնականորեն պետք է որդեգրի ԵԱՀԿ Մինսկի խմբի` Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ հիմնարար սկզբունքները, եւ Հայաստանը պետք է դուրս գա իր կողմից օկուպացված ադրբեջանական տարածքներից»,-ասվում է ՄՃԽ-ի զեկույցում:

«Առաջին հերթին պետք է ասեմ, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումն ինքնին ողջունելի երեւույթ է, մանավանդ նման տարածաշրջանում, ինչպիսին Հարավային Կովկասն էսակայն այդ բարելավման գործընթացը պետք է իր հունով ընթանա եւ այստեղ նախապայմանների ներկայացումը` հարաբերությունների բարելավման գործում, չեմ կարծում, որ կարող է արագացնել այդ գործընթացը եւ դրական ազդեցություն ունենալ: Իհարկե, նախապայմաններ կարելի է դնել` ասենք, հակաթուրքական կամ հակահայկական երեւույթների դեմ պայքարի առումով եւ այլն, այն էլ եթե դա երկու կողմերն անեն, բայց երբ որ հայ-թուրքական սահմանի բացումն անմիջապես կապում են Լեռնային Ղարաբաղի կամ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ եւ այն ենթատեքստում, երբ հայկական, մասնավորապես ղարաբաղյան կողմի առջեւ դրվում է վերջնագրի նման մի պահանջ` ազատել բոլոր տարածները եւ նման երեւույթներ, որը ինքնին սարսափելի հարված կարող է հասցնել հայկական պետականության անվտանգությանը, սա իհարկե անընդունելի է»,-ընդգծել է Դավիթ Բաբայանը:

Նա միաժամանակ նկատել է, որ նման ոճը, դժբախտաբար, գերիշխում է Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցում: Նման մոտեցումը քաղաքագետն անհեռանկարային է համարում, քանի որ որպես նախապայման նշվում է այնպիսի կարեւորագույն խնդրի մասին, որից կախված է հայ ազգի ապագան:

Հայ-թուրքական հարաբերությունները եւ սահմանի բացումը, ըստ նրա ոչ մի ուղիղ կապ չունեն ԼՂ հակամարտության կամ ղարաբաղա-ադրբեջանական  հարաբերությունների կարգավորման հետ: Այս տեսակետից ՄՃԽ-ի զեկույցը, Դ.Բաբայանի համոզմամբ, որեւէ ձեւով դրական ազդեցություն չի կարող ունենալ:

www.hetq.am

2009-04-17

No comments:

Post a Comment