Friday, April 17, 2009

2009-1921թթ. Նոր Ղարս կամ Մոսկվա՞

Առանց Հայաստանի` Ռուսաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան կքննարկեն հայ-թուրքական եւ ղարաբաղյան կարգավորման հարցերը:

Առաջիկա հինգշաբթի օրը` ապրիլի 16-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, առանձին-առանձին, աշխատանքային այցով մեկնում են Ռուսաստան: Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էլ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների հավաքին մասնակցելու նպատակով այդ օրը կլինի Երեւանում:

Իլհամ Ալիեւի այցը Մոսկվա իրականացվում է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով, այս մասին հաղորդում են ՌԴ նախագահի մամուլի գրասենյակն ու ռուսաստանյան գործակալություններ` նշելով, որ բացի երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերից` քննարկվելու է նաեւ ղարաբաղյան հիմնախնդիրը եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը:

Այսպիսով, հայ-թուրքական հարաբերությունների հաստատման եւ սահմանների բացման հարցերը քննարկման առարկա կդառնան Ռուսաստան-Ադրբեջան-Թուրքիա ֆորմատով: Միացյալ Նահանգների նախագահի վերջին հայտարարություններն ու ակնկալիքները հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ, իհարկե, նշանակալի ուղերձ էին տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերի վերահաստատման ճանապարհին: Պաշտոնական Վաշինգտոնը ձգտում է բաց տեսնել հայ-թուրքական սահմանները: Սակայն նաեւ ակնհայտ է, որ հայ-թուրքական հարաբերությունների հարցում վերջին շփումների արդյունքում նույնիսկ ամենաթույլ տեղաշարժը հնարավոր կարող դառնալ միայն ռուսական իշխանության համաձայնությունից հետո: Բացի այդ, գոյություն ունի ամենագլխավոր հարցը` արդյո՞ք պաշտոնական Մոսկվային այսօր ձեռնտու է հայ-թուրքական սահմանի բացումը: Հազիվ թե, քանի որ ըստ ռուս փորձագետների` այդ դեպքում ուղղակի անիմաստ կդառնա ռուսական ռազմական բազաների ներկայությունը Հայաստանում:

Անշուշտ ուշագրավ է այն հանգամանքը, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, ով հրաժարվեց մասնակցել Ստամբուլում ապրիլի 6-7-ը կայացած` «Քաղաքակրթությունների դաշինք» գագաթնաժողովին` ըստ էության հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունների վերաբերյալ ի ցույց դնելով Ադրբեջանի դժգոհ վերաբերմունքը ԱՄՆ նախագահին, պատրաստվում է մեկնել Ռուսաստան: Գոնե այս տեսանկյունից հարցը դիտարկելիս կարելի է բխեցնել, որ պաշտոնական Մոսկվան իր դիրքորոշումը հայ-թուրքական սահմանի բացման առումով չի փոխել:

Ինչեւէ, Ադրբեջանի անկախ դիտորդները կարծում են, որ Իլհամ Ալիեւի նման կեցվածքը պայմանավորված է տարածաշրջանում ակնկալվող աշխարհաքաղաքական փոփոխությունների, ինչպես նաեւ Ադրբեջանի ռազմավարական ընտրությամբ: Ադրբեջանական «Զերկալոն» նկատել էր, որ Բաքուն մտադիր է ավելի շատ բարեկամանալ Ռուսաստանի հետ, քանի որ պաշտոնական Մոսկվան, ի տարբերություն Արեւմուտքի, իրենցից չի պահանջում ժողովրդավարության հաստատում: Իսկ հայ-թուրքական սահմանի բացման հնարավորությունն էլ իր հերթին է առիթ հանդիսացել Ադրբեջանի ղեկավարության համար առավել ակնհայտ իրականացնել ռուսաստանամետ քաղաքականություն:

Մամուլում անգամ տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ Իլհամ Ալիեւը Մոսկվայի ցանկությամբ է հրաժարվել մասնակցել ստամբուլյան համաժողովին: Նման կասկածների համար հիմք էր հանդիսացել Ադրբեջանի նախագահին ուղղված անհապաղ հրավերը Մոսկվա: Քաղաքագետ Իլգար Մամեդովի կարծիքով՝ Թուրքիայի փոխարեն Մոսկվա մեկնելու հրավերի ընդունումը վկայում է, որ Ադրբեջանի ղեկավարությունը Կրեմլի հետ համընթաց է քայլում: «Սա եւս մեկ անգամ վկայում է այն մասին, որ պաշտոնական Բաքուն գործում է Կրեմլի հրահանգով: Թուրքիա մեկնելու մերժումը, այդ եղբայրական երկրի հետ հարաբերությունների սրումը, ինչպես նաեւ Ռուսաստան կատարելիք այցը վկայում են, որ Ադրբեջանն արդեն կատարել է իր ռազմավարական ընտրությունը: Դա անհաջող ընտրություն է՝ հօգուտ Ռուսաստանի», - նշել է Մամեդովը: Առհասարակ պետք է նկատել, որ ռուս-ադրբեջանական շփումները վերջին շաբաթներին բավական ակտիվ էին: Մարտի վերջին տեղեկություններ ստացվեցին էներգետիկ ոլորտում ռուս-ադրբեջանական համագործակցության վերաբերյալ: Ռուսաստանն ու Ադրբեջանը պատրաստվում են նոր էներգետիկ ուղի ստեղծել` Իրան գազ մատակարարելու նպատակով: Ադրբեջանի Նավթային պետական ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլլաեւը այս առթիվ տեղեկացրել էր, որ Ադրբեջանը պատրաստ է տարանցիկ պետություն հանդիսանալ ռուսական գազը Իրան մատակարարելու նպատակով: Ռ.Աբդուլլաեւը նաեւ նկատել է, որ եթե կատարվեն համապատասխան աշխատանքներ, ապա հնարավորություն կստեղծվի Իրանի հյուսիսային հատվածին ավելի շատ գազ մատակարարել, քանի որ Իրանն այսօր դրա անհրաժեշտությունն ունի, իսկ այս առիթով ռուսական «Գազպրոմը» արդեն իսկ ցանկություն է հայտնել Իրան գազ մատակարարել: Վերջերս էլ Մոսկվայում Ադրբեջանի Նավթային պետական ընկերության նախագահ Ռ.Աբդուլլաեւի եւ «Գազպրոմի» ղեկավարության միջեւ բանակցությունների արդյունքում կողմերը փաստաթուղթ ստորագրեցին` ադրբեջանական գազը ռուսական կողմից վաճառելու մասին, համաձայն որի` «Գազպրոմը» եկող տարվա հունվարից գնելու է Ադրբեջանում արդյունահանվող ողջ գազը:

Էմմա Գաբրիելյան

Ժամանակ Երեւան

2009-04-14

No comments:

Post a Comment