Friday, April 17, 2009

ՊԱՐԶ Է, ՈՐ ԿՈԼՅԱՆ ԱՎԵԼԻ ԲԱԽՏԱՎՈՐ ԷՐ, ՔԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Ինչպես երեւում է, Հայաստանը Թուրքիայից չստացավ նույնիսկ կեսն այն բանի, ինչ Կոլյա Օստենբակենը Ինգա Զայոնցից: Ինչպես հայտնի է, Ինգան սիրեց Կոլյային, իսկ ահա Թուրքիան Ադրբեջանին չդավաճանեց եւ ուղղակի հալած յուղի նման առաջ գնացող հայ-թուրքական բանակցության վերջին պահին մեկ էլ հայտարարեց, որ Ղարաբաղի հարցը հայ-թուրքական հարցի կարգավորման նախապայման է ու մինչեւ այն չլուծվի, ոչ սահման բացել կա ու ոչ էլ՝ որեւէ փաստաթուղթ ստորագրել: Չնայած Թուրքիան երբեք այլ բան չէր էլ հայտարարել: Այդ Հայաստանի իշխանությունն էր, որ բոլորին փորձում էր հավատացնել, թե հայ-թուրքական բանակցությունը զերծ է Ղարաբաղի խնդիրը քննարկելուց:

Այժմ ստացվում է, որ կամ Հայաստանի իշխանությունն էր կեղծում եւ իրականում քննարկում էր այդ խնդիրը, կամ Թուրքիան, ինչպես Սերժ Սարգսյանն է ասում, վերջին պահին փոշմանել է: Ընդ որում, Սերժ Սարգսյանը ասում է, որ հայ լրագրողները հավատան Հայաստանի իշխանությանը: Շատ լավ, բայց ինչ է ասում Հայաստանի իշխանությունը, որ հավատաս այդ ասածներին: Հայաստանի իշխանությունն ասում է, որ հայ-թուրքական բանակցությանը Ղարաբաղի հարցը նախապայման չէ: Ու էլ ոչինչ չի ասում: Թուրքիան օրինակ ասում է, որ Ղարաբաղը նախապայման է եւ որ քննարկում ու խոսում են այդ հարցի մասին: Այդ բանը Թուրքիան հայտարարում է սկսած Սարգսյան-Գյուլ երեւանյան հանդիպումից, որից հետո Թուրքիայի նախագահը հայտարարեց, թե Սերժ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել զիջումների գնալ Ղարաբաղի հարցում, որ կարգավորվի հայ-թուրքական հարաբերությունը:

Հայաստանը միմիայն հերքում է այդ ամենը, ընդ որում հերքում է ոչ այնքան հստակ, որքան հստակ այդ բանի մասին խոսում է Թուրքիան: Բայց Թուրքիան գոնե խոսում է այն մասին, թե ինչ կա: Իսկ Հայաստանի իշխանությունն ասում է միայն, թե ինչ չկա: Այսինքն, Թուրքիան օրակարգի մասին ինչ որ բան ասում է, Հայաստանն ընդհանրապես ոչինչ չի ասում: Լավ, հավատանք Հայաստանի իշխանությանը, որ չկա Ղարաբաղի հարց: Բայց այդ դեպքում պարզ հետաքրքրություն է առաջացնում, թեկուզ մեր իշխանության հանդեպ հավատի ամրապնդման համար, թե ինչ կա ի վերջո հայ-թուրքական բանակցության օրակարգում: Եթե Ղարաբաղ չկա, եթե ցեղասպանության հարց չկա, ապա ինչի շուրջ են բանակցում կողմերը: Ինչ է առաջարկում Հայաստանը, որ Թուրքիային համոզի բացել սահմանը: Արդյոք Հայաստանը միայն ասում է` “բացեք սահմանը եւ վերջ”:

Չէ որ բանակցությունը ենթադրում է, որ կողմերն իրար ինչ որ բան են առաջարկում ինչ որ բան ստանալու դիմաց եւ փորձում են համոզել, որ իրենց առաջարկները համարժեք են ակնկալիքներին: Ինչ է առաջարկում Թուրքիային Հայաստանը սահմանը բացելու դիմաց, կամ ինչ է ակնկալում Հայաստանից Թուրքիան, որ բացի սահմանն ու հաստատի դիվանագիտական հարաբերություն: Իսկ գուցե կողմերը ոչ մեկից էլ որեւէ ակնկալիք չունեին, կամ ունեին, բայց ոչ իրարից, այլ ասենք Ամերիկայից կամ Ռուսաստանից, որ այդ երկրներից որեւէ մեկը Թուրքիային կամ Հայաստանին կմղեր ինչ որ բանի եւ առաջընթաց կապահովեր այսպես կոչված հայ-թուրքական բանակցության գործընթացում: Միգուցե հենց դրա համար էլ, տեսնելով, որ իրականում թե ԱՄՆ, թե Ռուսաստանը դեռեւս որեւէ մեկին որեւէ բանի մղելու մտադրություն կամ պատրաստակամություն չունեն, Բարաք Օբամայի թուրքական այցից հետո Թուրքիայի նախագահն ու վարչապետը հստակ եւ միարժեքորեն հայ-թուրքական հարաբերության նախապայմանի դերում հաստատեցին Ղարաբաղի հարցը:

Այսինքն, կարելի է ասել, որ միջազգային քաղաքականության օրակարգում հայ-թուրքական հարցը մտնում է որոշակի սառեցման փուլ, կամ ավարտվում էֆուտբոլային դիվանագիտությանառաջին խաղակեսը: Շատ հնարավոր է նաեւ, որ կողմերին հայտնի էլ չէ, թե երբ է սկսվելու երկրորդ խաղակեսը: Թե ինչ հաշվով են կողմերը գնում ընդմիջման, դա էլ թերեւս հստակ չէ, բայց հիմքեր կան ենթադրելու, որ առավելությունը թուրքերի կողմն է: Համենայն դեպս ակնհայտ է, որ չնայած Սերժ Սարգսյանը հայտարարում է, թե եթե նույնիսկ գործընթացից դուրս գանք, ապա դուրս կգանք ուժեղացած, այդուամենայնիվ ակնհայտ է, որ Հայաստանն այս ամբողջ պրոցեսի ընթացքում ընդամենը մի դիտարժան պահ է ստեղծելմրցակցի դարպասիմոտ` հրավերը, որ ուղղվեց Աբդուլլահ Գյուլին: “Խաղիմնացած մասում գնդակը նույնիսկ Հայաստանի մոտ էլ չհայտնվեց:

Ի դեպ, Հայաստանը կարծես թե դա ընդունում էլ է, ասելով, թե գնդակը Թուրքիայի դաշտում է եւ թուրքերը պետք է ինչ որ բան անեն: Մինչդեռ, եթե այդքան հավատարիմ ենք ֆուտբոլային տրամաբանությանը, ապա այդ դեպքում ոչ թե Հայաստանը պետք է նստի ու սպասի, թե ինչ կանի Թուրքիան գնդակի հետ, այլ պետք է խլի գնդակը Թուրքիայից: Չէ որ ֆուտբոլում առավելություն ունի նա, ով ավելի հաճախ է տիրում գնդակին` անկախ այն բանից, տիրում է իր կիսադաշտում, թե հակառակորդի: Կարեւորը գնդակին տիրելն ու այն վերահսկողության տակ պահելն է: Ինչպես իր հարցազրույցներից մեկում ասում էր 60-ականների անգլիացի հանրահայտ մարզիչ Ռոն Գրինվուդը, որ համարվում է տոտալ ֆուտբոլի ոչ պաշտոնական կնքահայրերից մեկը, “բարձրակարգ թիմը գնդակն իր մոտ է պահում եւ հանգիստ` թեկուզ առանց գրոհելու, խաղարկում է այնքան, մինչեւ որ գտնում է գրոհի հարմար պահն ու օգտագործում այդ հնարավորությունը”: Այնպես որ, եթե գնդակը գտնվում է Թուրքիայի ձեռքին, ապա Հայաստանը ոչ թե պետք է իր գործն արածի նման ձեռքերը ծալի ու սպասի, թե ինչ է անելու Թուրքիան, այլ նոր միայն իր գործը համարի սկսված եւ ձեռնամուխ լինի գնդակը Թուրքիայի ձեռքից խլելուն:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Լրագիր

2009-04-14

No comments:

Post a Comment