Friday, April 17, 2009

ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԴԱՄԲԱՐԱՆՈՒՄ ԳԱՆԳԱՏՎԵԼ ԵՆ ՔԵՄԱԼ ԱԹԱԹՈՒՐՔԻՆ

Հայաստան-Թուրքիա երկխոսությանն Ադրբեջանի հակազդեցությունը հետզհետե վերածվում է հիստերիկ սանձարձակության: Ընդ որում հակազդեցության թիրախը սոսկ Հայաստանը կամ հայերը չեն, այլեւՙ վարչապետ Էրդողանի կառավարությունն ու նրա «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունը: Հակազդեցությունը դրսեւորվել է ապրիլի 15-ին, երբ Անկարա գործուղված Միլի մեջլիսի կին պատգամավորներն այցելել են Քեմալ Աթաթուրքի դամբարան, որոնց առաջնորդել է Ազգայնական շարժում կուսակցության ղեկավարներից Շենոլ Բալը:

«Գորշ գայլերի» խոսափող «Ենի չաղի» վկայությամբ, ադրբեջանցի կին պատգամավորները նախ ծաղկեպսակ են դրել դամբարանին, ապաՙ որպես Հայաստանի հետ Թուրքիայի մերձեցմանը հակազդելու դրսեւորում, Աթաթուրքին գանգատվել են Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության իշխանություններից, թե հայերին են գրկաբաց ընդունում: Քեմալ Աթաթուրքի դամբարանի պատվավոր հյուրերի մատյանում արձանագրվել են հետեւյալ տողերը. «Հայր իմ, թեեւ այսօր դու մեզ հետ չես, սակայն համայն թուրքերի անհուն հորիզոններին լույս սփռող քո գաղափարները մեզ համար մշտապես ուղեկից են հանդիսանալու: Ամենայն անկեղծությամբ խոստանում ենք քեզ, որ ոչ մի խոչընդոտ մեզ չի կարողանալու շեղել քո նախանշած լուսավոր ուղուց»:

Ադրբեջանցի կին պատգամավորներին այնուհետեւ ընդունել է Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահ Քյոքսալ Թոփթանը, այսպես կոչված մխիթարանքի խոսքերով. «Անհնար է, որ մեկ միլիոն ադրբեջանցիներ վտարված լինեն հայրենի հողից, իսկ մենք մեր սահմանները բացենք Հայաստանի առջեւ»: Ադրբեջանցի պատգամավորները, «Ենի չաղի» վկայությամբ, Լեռնային Ղարաբաղից բերած հող են նվիրել Թոփթանին: Պարզապես հայտնի չէՙ այդ հողն իրենք են վերցրել, թե դա Դաշտային Ղարաբաղից վերցված հող է, որը դեռեւս Ադրբեջանի օկուպացման տակ է մնում:

Ազգ

2009-04-17

No comments:

Post a Comment