Friday, April 17, 2009

Կարեւորը կարգավորման օրակարգն է կամ նախերգանք ղարաբաղյան հրադադարի 15-ամյակի առթիվ

Հաջորդ ամիս կլրանա ղարաբաղյան հրադադարի 15-րդ տարին: Հակամարտության կարգավորման ողջ գործընթացում եղել են զանազան շրջափուլեր, ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդ կազմակերպության համանախագահները, ապա համանախագահ երկրների առաջնորդները հանդես են եկել Հարավային Կովկասի առանցքային հակամարտություն հռչակած ղարաբաղյան հակամարտության կարգավորման իրատեսական լինելու մասին:

Հաստատապես կարող ենք ասել, որ այդ փուլերը պայմանավորված են եղել միջնորդ երկրներից որեւէ մեկի կամ գուցե բոլոր երեք երկրների աշխարհաքաղաքական որոշակի շահերով: Հենց այդ շահերից ելնելով միջնորդներն ինչ-որ պահի անկեղծ հավատացել են, որ կարգավորումը մոտ է ու համաձայնությունը հնարավոր, կամ էլ հենց այդ քաղաքական եւ կամ աշխարհաքաղաքական շահերն են նրանց պարտադրել, անկախ հավատից, հանդես գալ լավատեսական հայտարարություններով:

Սակայն ինչպես տեսնում ենք, չնայած այդ բոլոր շրջափուլերին, հարավկովկասյան վերջին հակամարտությունը շարունակում է մնալ այնպես, ինչպես 1994թ. մայիսի 8-ին` հրադադարի հաստատման օրը: Եվ դա միայն արտաքին հարթությունն է: Ներքին հարթություններում Ղարաբաղի հարցը ենթարկվել է շատ որոշակի վերափոխումների, որը պայմանավորված է հենց նույն միջնորդների շահերով, աշխարհաքաղաքական իրադրությամբ, զարգացումներով, հակամարտող կողմերի ներքաղաքական իրավիճակով եւ այլն: Բայց մի բան հաստատապես անփոփոխ է` Ղարաբաղի հարցը եղել եւ մնում է ու իմ համոզմամբ` կշարունակի մնալ Հարավային Կովկասում, Կասպիցի ողջ տարածաշրջանում, Իրանում եւ Սեւ ծովի ավազանում ազդեցության համար նշանակալի գործիք: Սակայն երեւի թե աշխարհագրական անվանումը կարեւոր չէ, այլ էական ու հիմնականն այն է, որ Ղարաբաղի հարցը հանդիսանում է ազդեցության համար պայքարի լծակ, թերեւս հանգուցային կետ: Իսկ եթե հաշվի առնենք անցյալ տարի օգոստոսին Կովկասում տեղի ունեցած հնգօրյա պատերազմի հետեւանքները, Հարավային Օսիայի եւ Աբխազիայի խնդրի de facto լուծումը, ապա կարող ենք հաստատապես ենթադրել, որ Ղարաբաղի հարցի հանդեպ ուշադրությունն այժմ շատ ավելի մեծ է, քանի որ այդ ուշադրությունը նախկինում բաժանված էր առնվազն երկու կամ երեք մասի, իսկ այժմ, փաստորեն, կենտրոնացած է միայն մեկ ուղղությամբ` Ղարաբաղի:

Երեւի թե այդ իրողությունն է պատճառը, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման կապակցությամբ այժմ հնչող միջնորդական լավատեսությունները` կարծես թե ազդարարելով այդ լավատեսության հերթական փուլը, թերեւս մի փոքր տարբերվում են նախկիններից, այսինքն` նախկին շրջափուլերից: Տարբերություն է թեկուզ այն, որ լավատեսությունների հերթական փուլն ունի, որքան էլ Երեւանը հերքի, արդեն նոր մասնակից` Թուրքիա, ինչն էլ դեռ անցյալ տարվա աշնանը ձեւավորել էր նոր տանդեմ Թուրքիա-Ռուսաստան, իսկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի Թուրքիա կատարած այցից հետո արդեն չի բացառվում, որ այդ տանդեմին միանա նաեւ ԱՄՆ-ն: Հիմա ավելի շատ հենց այդ տանդեմն է անում լավատեսական հայտարարություններ, որ խնդրի կարգավորումը մոտ կամ իրական է: Մինչդեռ ակնհայտ է, որ տեսանելի, շոշափելի գետնի վրա չկա կարգավորման կամ համաձայնության նախադրյալ, քանի որ Ադրբեջանը շարունակում է պնդել իր անզիջում ակնկալիքի մասին, իսկ Հայաստանն էլ` թե Ղարաբաղի ինքնորոշումն իր համար սկզբունք է: Հետեւաբար, կամ բանակցող կողմերն են դիվանագիտական հայտարարություններով խաբում իրենց ժողովուրդներին, կամ միջնորդների լավատեսությունն է խաբուսիկ եւ հետապնդում է հարակից շահեր` չվերաբերելով բուն խնդրին:

Նախադեպերը վկայում են, որ լավատեսական հայտարարություններին լուրջ վերաբերվելը այնքան էլ ճիշտ չէ: Սակայն, մյուս կողմից, երաշխիք չկա, որ մենք այժմ գործ ունենք նոր նախադեպի հետ: Դա, իհարկե, քիչ հավանական է: Սակայն խնդիրն ամենեւին դա չէ: Խնդիրն այն է, թե բանակցությունն ինչ օրակարգով է ընթանում: Բանակցային օրակարգն ինքնին արդեն ենթադրում է որոշակի կարգավորում` տարածաշրջանում կողմերի դերակատարության, նշանակության առումով: Փաստաթուղթը կարող է ստորագրվել հենց այսօր կամ 15, 20, 30...100 տարի հետո: Խնդիրը դա չէ, այլ այն, թե բանակցային գործընթացն ինչ խնդիրների շուրջ եւ ինչ ուղղությամբ է ընթանում: Ահա այդ առումով պետք է մտորել, առավել եւս, որ փաստ է` բանակցությունն, այս պահին գոնե, ընթանում է հայկական կողմի համար զիջումների ուղղությամբ:

 Արման Բաբաջանյան

Ժամանակ Երեւան

2009-04-17

No comments:

Post a Comment