Saturday, April 25, 2009

ԲՈԼՈՐԻՆ ԲԱՎԱՐԱՐՈՂ ԼՈՒԾՈՒՄ ԿԱ

Դա բնակչության փոխանակումն է

Հարցազրույց ԼՂՀ նախկին արտգործնախարար ԱՐՄԱՆ ՄԵԼԻՔՅԱՆԻ հետ

   -Պարոն Մելիքյան, այնուամենայնիվ, կարելի՞ է գտնել Ղարաբաղյան հիմնահարցի այնպիսի լուծում, որը բավարարի ե՛ւ հայության, ե՛ւ ադրբեջանցիների սպասումները։

   -Մինսկի խմբի համանախագահները այսօր շրջանառության մեջ են դրել լուծման մի տարբերակ, ըստ որի, հայկական զորքերը պետք է դուրս բերվեն ԼՂԻՄի տարածքը շրջապատող գոտուց։ Սակայն չի խոսվում Շահումյանի, Գետաշենի, մի շարք այլ խնդիրների մասին։ Փոխարենը այս կերպ փորձում են միանգամից լուծել բոլոր տարածքային վեճերը։ Այս լուծումը ակնհայտորեն հայանպաստ համարել չի կարելի։

   Համանախագահները խոսում են նաեւ ադրբեջանցի ներքին տեղաշարժված անձանց վերադարձի մասին։ Ապա ասվում է, թե Ղարաբաղը պետք է դառնա երկհամայնքային հիմունքներով ինքնակառավարվող տարածք։ Այս դրույթները եւս արմատապես հակասում են հայաստանյան շահերին։

   Համանախագահները չեն խոսում ներքին տեղաշարժված հայ բնակչության մասին, Ադրբեջանի բռնազավթած հայկական տարածքների մասին։ Ի տարբերություն ադրբեջանական կողմի հստակ պահանջների, հայկական կողմը իր պահանջները չի որոշակիացնում եւ հաճախ միայն վախվորած պնդումներ է անում նվազագույն հավակնությունների մասին։

   Չեմ կարծում, թե Մինսկի խումբը երբեւէ հայկական շահերն արտացոլող փաստաթուղթ է ներկայացրել բանակցող կողմերի քննարկմանը։ Միշտ խոսք է եղել փոխզիջումների մասին եւ սակարկության առարկա է եղել, թե հայկական կողմը որ տարածքները պետք է վերադարձնի։ Այս կարգի լուծումը չի բխում հայկական շահերից, իսկ տարածքներ վերադարձնելու մասին ցանկացած ճամարտակություն անգամ քննարկման առարկա չի կարող դառնալ։

   Կա լուծում, որը կբավարարի հակամարտող երկու կողմերին էլ։ Չեմ կարծում, թե այսօր մարդկանց տեղից տեղ տեղափոխելու անհրաժեշտություն կա։ Պետք չէ նրանց եւս մեկ անգամ տանջել, մանավանդ երբ ոչ ոք չի կարող երաշխավորել նրանց խաղաղ, անվտանգ ապագան նոր բնակավայրում։

   Միանգամայն պարզ է, որ բաքվեցի հայերը Բաքու վերադառնալու զանգվածային ցանկություն չունեն, սակայն Շահումյան ու Գետաշեն անպայման կվերադառնան։ Մարդիկ հարկադրված են լքել իրենց բնակավայրերը եւ այսօր լիարժեք իրավունք ունեն բնակվելու իրենց ընտրած վայրում։ Ուրեմն կարող են բնակություն հաստատել ազատագրված տարածքներում։ Եւ այդ տարածքները նրանց պետք է հատկացվեն անհատույց՝ որպես փոխհատուցում կրած տանջանքների։ Լուծումը՝ բնակչության փոխանակումն է։ Ադրբեջանցիները կապրեն Ադրբեջանում, հայերը՝ իրենց հայրենիքում։

   Այսինքն՝ պետք է նախաձեռնել ինտենսիվ վերաբնակեցման ծրագիր, որը հնարավոր կլինի իրագործել միայն այն դեպքում, երբ հայտարարվի, որ ազատագրված տարածքները որեւէ պարագայում վերադարձվել չեն կարող։ Իսկ հայ փախստականների թվաքանակը անհամատեղելի է այն ադրբեջանցիների թվի հետ, ովքեր հարկադրված են հեռացել Հայաստանից։ Բանն այն է, որ ադրբեջանցիների նկատմամբ բռնություններ չեն եղել, եւ նրանք հեռացել են շատ շահավետ փոխանակումներ կատարելուց հետ։ Իսկ հայերը՝ ավելի քան 500 հազար մարդ, Սումգայիթից ի վեր մազապուրծ են եղել։

- Պարոն Մելիքյան, ի՞նչ կասեիք հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարի մասին։

   -Մենք այսօր հայտնվել ենք տարօրինակ դիվանագիտական դաշտում։ Հայաստանը գործի դրեց այն մեխանիզմը, որի նկատմամբ ինքը վերահսկողության լծակներ ու հնարավորություններ չունի։ Իսկ Թուրքիան ակտիվացրեց դիվանագիտական գործողությունները Կովկասում եւ նոր հարաբերությունների մեջ մտավ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության հետ։ Այսօր Թուրքիան փնտրում է իր ապագա ռազմավարական դաշնակցին՝ նրան, ով կտա ամենաբարձր գինը։

   Ընդհանրապես արտաքին քաղաքական հարթությունում հաջողության հասնելու համար նախ պետք է հստակ նախանշել նպատակները եւ դրանք իրագործելու գործողությունների ծրագիրն ու քայլերի հաջորդականությունը։ Առանց այս աշխատանքի ցանկացած նախաձեռնություն ի սկզբանե ձախողված է։

   Մենք դեռ հաղթանակների մասին չենք կարող խոսել։ Սահմանը փակ է, եւ այն բացելու համար Թուրքիան նախապայմաններ է առաջադրում։ Եթե սա փակուղի է, ապա կարելի է նոր գործընթաց նախաձեռնել եւ դուրս գալ փակուղուց։

   Պետք չէ կարծել, թե մի ռաունդ հաղթելով կամ պարտվելով հավերժական արդյունք ենք արձանագրում։ Ամեն ինչ փոփոխական է եւ հաղթելու համար ամեն օր պետք է պայքարել։ Թուրքիան այսօր ակտիվացած է, սակայն դա մեզ համար ճակատագրական չէ։ Ճակատագրական կարող է լինել սեփական արտաքին քաղաքականության բացակայությունը։ Կան հակախաղի եւ բարենպաստ պայմաններ ստեղծելու հնարավորություններ։ Ուղղակի պետք չէ համակերպվել։

ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 

Հայոց Աշխարհ

2009-04-23

No comments:

Post a Comment