Saturday, April 25, 2009

Ավելի խորը քննարկման փուլ

«Անկեղծ կարող եմ ասել, որ ավելի քան երբեւէ զգում եմ կառուցողական ոգին եւ ասում եմ, որ փաստացի մուտք ենք գործում բանակցությունների նոր փուլ»,- երեկ «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: «Անցած մեկ տարվա ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները ծանոթանում են միմյանց եւ դիրքորոշումներին, եւ այժմ ես զգում եմ, որ մենք մտնում ենք նոր` հիմնարար սկզբունքների դեռեւս չհամաձայնեցված տարրերի ավելի խորը եւ հանգամանալի քննարկման փուլ: Արդյունքում պետք է ունենանք կարգավորման վերաբերյալ փոխադարձ համաձայնություն` հիմնված Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք առանցքային սկզբունքների վրա` տարածքային ամբողջականության, ինքնորոշման եւ ուժի չկիրառման»,- ասել է Բրայզան: Ըստ նրա, Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի` Պրահայում մայիսի 7-ին ծրագրվող հանդիպման վերաբերյալ առայժմ վերջնական համաձայնություն ձեռք չի բերվել: «Դեռ ոչ, սակայն մենք շատ մոտ ենք դրան, եւ եթե եռանախագահներին հաջողվի պահպանել այս օրերին Երեւանում ձեռք բերված առաջընթացը եւ խորացնել այն Բաքվում եւ Արցախում` Լեռնային Ղարաբաղում, առաջիկա օրերին, ապա, կարծում եմ, այո, մայիսի 7-ի հանդիպումը կկայանա»,- նշել է Բրայզան: Իսկ այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երեւանից մեկնելու են Բաքու, այնտեղից էլ` Ստեփանակերտ: Շաբաթ կամ կիրակի օրը նրանք վերադառնալու են Երեւան, որտեղ երկուշաբթի օրը հանդես կգան այցի ամփոփիչ ասուլիսով: «Ազատություն» ռ/կ-ի հարցին` արդյո՞ք Թուրքիայից Երեւան ժամանած ամերիկացի համանախագահը որեւէ ուղերձ է բերել Հայաստանի իշխանություններին, Մեթյու Բրայզան պատասխանել է. «Իհարկե, շատ արդյունավետ քննարկումներ եմ ունեցել Թուրքիայում, եւ ինձ համար պարզ դարձավ, թե որքան լուրջ է մոտենում Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացմանը: Թուրքիայում, ինչպես եւ Հայաստանում, բավական հստակ տեսակետներ են ձեւավորվել գործընթացի հետագա խորացման եւ այլ հարցերի ներգրավման վերաբերյալ: Ամերիկյան տեսանկյունից, հայ-թուրքական հարաբերությունները զարգանում են ուրույն ձեւով: Ես աշխատում եմ Լեռնային Ղարաբաղի հարցի վրա, իմ պարտականությունների մեջ են մտնում նաեւ թուրք-ամերիկյան հարաբերությունները, սակայն դրանք լիովին տարբեր հարցեր են: Կարծում եմ, վարչապետ Էրդողանի` օրերս արված հայտարարությունները դա հաստատում են, սակայն Թուրքիայում քիչ չեն նաեւ մարդիկ, ում տեսակետը այս հարցում այլ է: Իմ կարծիքով, Թուրքիայի բարձրագույն ղեկավարները հետեւողական են Հայաստանի հետ հարաբերություններում ամբողջությամբ նոր եւ դրական էջ բացելու հարցում»: Անդրադառնալով Հայաստանի քաղաքական եւ քաղաքագիտական որոշ շրջանակների պնդումներին, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները որոշակի ճնշում են գործադրում Ղարաբաղի հարցում` հայ-թուրքական հարաբերություններում առաջընթացի հասնելու համար, Մեթյու Բրայզան ասել է. «Իմ աշխատանքը կայանում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ապահովելու մեջ, եւ դրա վրա են կենտրոնացած իմ ջանքերը, եւ մենք առաջընթաց ենք արձանագրում»: Իսկ հարցին, թե, իր կարծիքով՝ ո՞րն է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ճանապարհին կանգնած գլխավոր խոչընդոտը՝ Ղարաբաղյան հակամարտությո՞ւնը, թե՞ Ցեղասպանության հարցը, ԱՄՆ փոխպետքարտուղարի օգնականը պատասխանել է. «Սրանք առանձին հարցեր են: Եվ դրանց ուղղությամբ համաձայնության հասնելու համար մեծ խիզախություն եւ հմտություն է անհրաժեշտ ինչպես Թուրքիայի, այնպես էլ Հայաստանի քաղաքական համակարգերից: Նրանք, պետք է ասել, ջանադրաբար աշխատում են այդ ուղղությամբ»:

168 ժամ

2009-04-23

No comments:

Post a Comment