Սպասվող, սակայն այնուամենայնիվ անսպասելի որոշումը կայացվել է՝ Հայաստանը եւ Թուրքիան ստորագրել են “ճանապարհային քարտեզը”: Այդ մասին հայտարարվել է Շվեյցարիայում, ուր Հայաստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները ժամանել են՝ չհայտարարելով նախօրոք:
Մինչ “ճանապարհային քարտեզը” ընդունելը տարբեր կողմերից իրարամերժ հայտարարություններ էին հնչում: Թուրքիայի ղեկավարությունը հայտարարում էր, թե չի կարգավորի հարաբերությունը Հայաստանի հետ, քանի դեռ կարգավորված չէ Ղարաբաղի խնդիրը: Հայկական կողմը կտրականապես հերքում էր նման նախապայմանի առկայությունը: Ընդ որում, ԱՄՆ եւ Եվրամիության ներկայացուցիչները՝ ի դեմս բարձրաստիճան պաշտոնյաների ու Ճգնաժամերի միջազգային խմբի փորձագետների, Թուրքիային կոչ էին անում բաց չթողնել Հայաստանի հետ հարաբերությունը կարգավորելու շանսը եւ չառաջադրել ղարաբաղյան կարգավորումը որպես խոչընդոտ:
Սակայն, դրան զուգահեռ տեղ է ունենում ղարաբաղյան կարգավորման մաքոքային բանակցության ակտիվացում: Մինսկի խմբի համանախագահները ժամանում են ու մեկնում, Բրայզան, հակառակ ավանդույթի, աղմկոտ հայտարարություններ չի անում, Ֆասիեն չի բացահայտում կարգավորման սկզբունքները, իսկ Մերզլյակովն ընդհանրապես լռում է:
Ի՞նչ պայմաններով է կնքվել համաձայնությունը Շվեյցարիայում, արդյոք դրանում հիշատակվում է ղարաբաղյան խնդիրը: “Ճանապարհային քարտեզի” տեքստում, ամենայն հավանականությամբ, չկա ղարաբաղյան կարգավորման պայմանը, սակայն դրանով հանդերձ կան անդրկուլիսային պայմանավորվածություններ, որ հակամարտությունը պետք է կարգավորվի զուգահեռաբար: Ավելի ճիշտ, ոչ թե կարգավորվի, այլ տրանսֆորմացվի: Չէ որ մադրիդյան առաջարկներում խոսք է գնում ոչ թե հակամարտության լուծման եւ Ղարաբաղի կարգավիճակը որոշելու մասին, այլ այն մասին, որ հակամարտության գիծը տեղաշարժվի հօգուտ Ադրբեջանի, Ղարաբաղը վերածելով փոքր ու ոչ պետքական անկլավի: Պարզ ասած, առաջարկվում է Ադրբեջանին հանձնել տարածքները, որոնք սահմանակից են Իրանին եւ որոնցով պետք է հաղորդակցություններ անցնեն: Եւ այդժամ խողովակներն ու ճանապարհները կանցնեն ոչ թե հայկական, այլ արդեն ադրբեջանական տարածքով:
Կհամաձայնի՞ արդյոք Հայաստանը նման կարգավորման: Մոտավորապես մեկ ամիս առաջ միջնորդները հայտարարեցին, թե Հայաստանն ու Ադրբեջանը հիմնականում համաձայնացրել են կարգավորման պլանը, եւ չլուծված է մնում միայն Լաչինի հարցը: Օրերս Մեդվեդեւի հետ հանդիպումից հետո Ալիեւը հայտարարեց, թե եթե հայերն այդքան ուզում են, Ադրբեջանը կարող է զիջել նրանց Լաչինը: Այնպես որ, եթե միջնորդները չեն խորամանկել, Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ չեն մնացել չհամաձայնեցված հարցեր: Եւ Ռուսաստանի նախագահ Մեդվեդեւն, ամենայն հավանականությամբ, այսօր հենց այդ մասին է խոսելու Սերժ Սարգսյանի հետ, պնդելով, թե ինքն է համոզել Ալիեւին հայերին թողնել Լաչինը: Իսկ փոխարենը “կսփոփի” նրանով, որ հայ-ադրբեջանական նոր “սահմանին” կկանգնեն ռուսական զորքեր, ինչպես կանգնած են հայ-թուրքական սահմանին:
ՆԱՆՈ ԱՐՂՈՒԹՅԱՆ
Լրագիր
No comments:
Post a Comment