Saturday, April 25, 2009

Ինչո՞ւ ՀԿ-ների հարցն ամենացավոտներից է նախարարի համար

Հարցի պատասխանը կարելի է փնտրել ԼՂՀ ֆինանսների նախարար, փոխվարչապետ Սպարտակ Թեւոսյանի անհասկանալի ու անորոշ պարզաբանումներից, որոնք տվել է օրերս հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ, երբ լրագրողներից մեկը հետաքրքրվել է, թե ոչ պետական լրատվամիջոցներն այս տարի պետության կողմից ֆինանսական աջակցություն ստանալու են, թե ոչ:

Հարցին կոնկրետ պատասխան տալու փոխարեն ֆինանսների նախարարը սկսել է բացատրել, թե ինչպես պետք է գործեն հասարակական կազմակերպությունները, որտեղից իրավունք ունեն ֆինանսական օժանդակություն ստանալ եւ այլն:

Նա, իհարկե, չմոռացավ խոստովանել, որ հարցը միշտ էլ ամենացավոտներից մեկն է եղել իշխանությունների համար, քանի որ, ինչպես ինքն է նշել, գործընթացից դժգոհողներ միշտ էլ կային, հատկապես լրատվամիջոցները:

Դժգոհությունների պատճառը թերեւս Ղարաբաղում հայտնի է շատերին: Բանը նրանումն է, որ նախկինում մի շարք ՀԿ-ներ, առանց որեւէ խնդրի, ֆինանսավորվում էին պետության կողմից: Թե ինչին էին ուղղվում այդ գումարները, նպատակային էին օգտագործվում, թե ոչ` դժվար է ասել:

Սակայն մի քանի տարի առաջ, Ղարաբաղի մի շարք ՀԿ-ներ հասան նրան, որ պետական բյուջեից ֆինասական օգնություն ցուցաբերվի ոչ թե կազմակերպություններին, այլեւ նրանց կողմից ներկայացված կոնկրետ ծրագրեըի իրականացմանը, այն էլ` մրցութային կարգով: Ինչեւէ, սկսվեց մի նոր գործընթաց. կազմակերպությունները տարբեր անվանակարգերում ծրագրեր էին ներկայացնում եւ այդ նպատակով ստեղծված հասարակական կազմակերպությունների խորհուրդը որոշում էր, թե որ ծրագիրն է հաղթող ճանաչվում:

Կարծես, թե այդ գործընթացից դժգոհողներն այնքան էլ շատ չէին, բայց անցյալ տարի որոշվեց այլեւս նման կարգով չտրամադրել գումարները: Վարչապետ Արա Հարությունյանը հայտնելով իր դժգոհությունը գործընթացի վերաբերյալ, խոստացավ, որ 2009-ից մրցույթի միջոցով կտրամադրվեն նշված գումարները: Թե ինչով չէր գոհացնում վարչապետին արդեն մի քանի տարվա փորձ ունեցող այդ խորհուրդը` այդպես էլ չնշվեց:

Արդյունքում` անցյալ տարի մի շարք ՀԿ-ների հենց այնպես գումարներ տրամադրվեցին`առանց մրցույթի, չնայած ասում էին, որ մրցույթ է կայացել, բայց մրցույթի մասին նախապես չէին հայտարարել: Ավելին` չէին էլ ցանկանում ապահովել գործընթացի հրապարակայնությունը, որի արդյունքում շատ մեծ դժվարությամբ մեզ հաջողվեց ստանալ ֆինանսական աջակցություն ստացած կազմակերպությունների ցանկը:

Ի դեպ, 2008թ. պետբյուջեի կատարման մասին հաշվետվության համաձայն, ՀԿ-ներին եւ ոչ պետական թերթերին պետական աջակցություն է ցուցաբերվել 43 մլն 404 հազար դրամի չափով:

Այս տարի նույնպես չի հայտարարվել մրցույթի մասին: Իսկ մեր այն հարցին, թե ինչ կարգով են այս տարի ֆինասական աջակցություն ստացել եւ ստանալու ՀԿ-ները, ինչ սկզբունքով են ընտրվելու դրանք, Սպարտակ Թեւոսյանը դարձյալ հստակ չասաց, սակայն շեշտեց, որ ՀԿ-ին աջակցություն է ցուցաբերվում, նախ որ կազմակերպությունը կայանա, եւ որ իր կայացմամբ աջակցի պետությանը:

Նախարարն ավելացրեց, որ ծրագրերը ներկայացվում են եւ հանձնաժողովը քննում եւ որոշում է կայացնում, թե ում պետք է աջակցել: Թե որոշող հանձնաժողովը ինչ հանձնաժողով է, ում են արդեն ֆինանսական աջակցություն ցուցաբերել`այդ մասին նույնպես չխոսվեց: Նախարարը խոստովանեց, որ պատրաստ չէ պատասխանելու հարցին` խոստանալով շուտով տեղեկացնել, թե ում են ֆինանսավորել եւ ինչ չափով:

Անահիտ Դանիելյան

www.hetq.am

2009-04-23

No comments:

Post a Comment