Saturday, April 25, 2009

ԼՂ-ն` հայ-թուրքական հարաբերություններում

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ) երեկ կազմակերպվել էր քննարկում «Հայ-թուրքական դիվանագիտությունը. նորություններ» թեմայով, որին մասնակցում էին Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր, արդի հայոց պատմության ամբիոնի վարիչ, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Ռիչարդ Հովհաննիսյանը, նրա որդին` «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Րաֆֆի Հովհաննիսյանը, ՌԱՀՀԿ տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը, ԵՊՀ Քաղաքակրթական եւ մշակութային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Դավիթ Հովհաննիսյանը, ԵՊՀ դասախոս Աշոտ Սողոմոնյանը, Թուրքիայի «Հյուրիեթ Դեյլի Նյուզ» գործակալության լրագրող Վերջիհան Զիֆլիօղլուն եւ այլք: Բանախոսների մի մասը կարծում էր, որ ԼՂ հարցը այսօր հայ-թուրքական բանակցություններում որպես նախապայման չի դիտարկվում, ոմանք էլ հակառակ կարծիքին էին: Ռ. Կիրակոսյանը, որ նախօրեին էր վերադարձել Ստամբուլից, նշեց, որ իր տպավորությամբ` Թուրքիայում այսօր որոշ փոփոխություններ են տեղի ունեցել, եւ որ շատերն արդեն հոգնել են Ադրբեջանի պահանջկոտությունից: Ամերիկահայ վերլուծաբանի կարծիքով` Թուրքիայում այսօր լուրջ ներքին պայքար է գնում ազգայնականների ու աշխարհիկների միջեւ, ու դեռ պարզ չէ, թե ով կհաղթի այդ պայքարում: Այսինքն` ըստ նրա, թուրքերի ինքնության հարցը դեռեւս լուծված չէ: Ռ. Կիրակոսյանը որոշակի մտահոգություններ ունի` կապված Թուրքիայի կողմից ղարաբաղյան հարցը որպես նախապայման դիտելու, ինչպես նաեւ՝ այն հարցում, որ ՀՀ իշխանությունների լեգիտիմության պակասը եւ դրա հետեւանքով արտաքին քաղաքականության մեջ ամեն գնով հաջողության հասնելու ձգտումը (ներքին խնդիրներից հայ հասարակությանը շեղելու համար) կարող են հիմք հանդիսանալ, որ իշխանությունները սխալ քայլեր կատարեն: Նրա ասելով` հայ-թուրքական հարաբերությունները այսօր շաղկապված են նաեւ ռուս-թուրքական, թուրք-ամերիկյան եւ թուրք-ադրբեջանական հարաբերություններին: Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր Ռ. Հովհաննիսյանի կարծիքով էլ՝ ՀՀ առաջին նախագահից սկսած մինչ այսօր Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել: Նրա խոսքերով, այսօր շատ կարեւոր է այս հարցը` հայկական ու թուրքական կողմերը հստակ ծրագիր ունե՞ն, թե՞ ոչ: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին` Ռիչարդ Հովհաննիսյանը նշեց, որ եթե անգամ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման «ցեղասպանություն» արտահայտությունը չօգտագործի այս ապրիլի 24-ի իր ելույթում, դա մեծ ողբերգություն չէ: Ըստ նրա, Օբաման դա կանի հաջորդ տարիներին: Բացի այդ` ճանաչել-չճանաչելը, ըստ նրա, քաղաքական գործոն է, եւ ոչ թե պատմական, քանի որ որեւէ մեկը չի կասկածում, որ տեղի է ունեցել ցեղասպանություն: Ըստ ԵՊՀ դասախոս Դ. Հովհաննիսյանի՝ այն, որ ԼՂ հարցը այսօր նախապայման չէ հայ-թուրքական հարաբերություններում, հաստատ է: Նա նշեց այն գործոնները, որոնք պատճառ դարձան այս գործընթացի սկսվելուն: Դրանք էին` օգոստոսյան Վրաց-օսական պատերազմը, որը նվազեցրեց Վրաստանի նկատմամբ վստահության աստիճանը, եւ Հայաստանը սկսեց դիտարկվել որպես հնարավոր տարանցիկ երկիր, նաեւ` Թուրքիայի կողմից, այն, որ տարածաշրջանում այդ պատերազմի հետեւանքով փոխվեց ուժերի հարաբերակցությունը` ԱՄՆ-ը ներկայացված է ողջ սեւծովյան ավազանում իր նավատորմով, իսկ Ռուսաստանին մնացել է մի փոքր հատված ու Աբխազիան: Կարեւոր էր նաեւ, ըստ Դ. Հովհաննիսյանի, Օբամայի նախագահ ընտրվելն ու Ռուսաստանի նոր քաղաքականությունը այն առումով, եթե հայ-թուրքական սահմանը բացվի, Հայաստանի իշխանությունները իրենց չեզոք կեցվածքը Վրաստանի նկատմամբ այլեւս փաստարկել չեն կարողանա: Ամեն դեպքում, ըստ նրա՝ Հայաստանը 2001թ. սկսած (դա այն տարին էր, երբ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու լուրջ հնարավորություն կար)՝ կորցրել է իր ինքնուրույնությունն ու նաեւ` արտաքին քաղաքական դաշտում որոշումներ կայացնելու հնարավորությունը` կախվածության մեջ ընկնելով Ռուսաստանից: Թուրքիայից ժամանած ազգությամբ հայ լրագրողն իր խոսքում նշեց, որ անձամբ իր համար շատ կարեւոր են, որ հայերն ու թուրքերն առանց երրորդ կողմերի նստեն սեղանի շուրջ ու խոսեն, եւ որ ոչ մի նշանակություն չունի` Օբաման կարտասանի՞ «ցեղասպանություն» բառը, թե՞ ոչ: Նա այդ հարցը կարեւորեց նաեւ այն պատճառով, որ հայերի եւ թուրքերի հարաբերություններում բացվի երկու ազգերի, այսպես ասած, մտքում եղած սահմանը: Իսկ ԵՊՀ դասախոս Ա. Սողոմոնյանի կարծիքով՝ Թուրքիան դարձյալ ԼՂ հարցը համարում է նախապայման: Այդ եզրակացությանը նա եկել էր` դատելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի վերջին հայտարարություններից ու նրանից, որ Թուրքիայի ԱԳ նախարարի Հայաստան այցելության ժամանակ ոչ մի փաստաթուղթ կամ հայտարարություն չստորագրվեց:

Հրայր ՄԱՆՈՒԿՅԱՆ

168 ժամ

2009-04-23

No comments:

Post a Comment