Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ հայտարարություններն ու զարգացումները գնալով ավելի ինտենսիվ են դառնում, ավելին` դարձյալ հնչեցվում են այն հայտարարությունները, իբր մոտ ապագայում կարգավորման հարցում բեկում է լինելու, կամ հարցի լուծումը մոտ է: Դրանցից մեկն էլ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի օրերս արած հայտարարությունն էր, թե առաջիկա ամիսներին Ղարաբաղի հակամարտությունն ինչ որ լուծում կստանա:
Եւ այս ակտիվությունն ակնհայտորեն պայմանավորված է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված` գերտերությունների եւ միջազգային կառույցների «շտապողական» ջանքերով: ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչն էլ արտահայտելով Միացյալ Նահանգների դիրքորոշում, նշել է, որ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների նորմալացումը պետք է տեղի ունենա առանց նախապայմանների եւ խելամիտ ժամկետներում:
Առաջիկա օրերին էլ դարձյալ տարածաշրջան կայցելեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Թե Ղարաբաղում բացի նախագահից այս անգամ ում հետ կհանդիպեն նրանք` դեռ հայտնի չէ, բայց որ ղարաբաղյան կարգավորման շուրջ ակտիվություն կա` դա ակնհայտ է:
Եւ այս ամենի ֆոնին Ղարաբաղում զարմանալիորեն հանգիստ են` եւ իշխանությունները, եւ շարքային քաղաքացիները: Բոլորը զբաղված են ներքին խնդիրների լուծմամբ. տնտեսական ճգնաժամին դիմակայելու մասին են մտածում, կամ, ասենք, հանրապետության մի շարք ցանքատարածություններում կրծող վնասատուների բազմացման դեմ պայքարի մասին եւ այլն: Անհանգստացած են եղանակային պայմանների վատթարացմամբ եւ դրա հետեւանքներով: Ամեն ինչի մասին մտածում են, բացի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման, որի շուրջ ավելի շատ խոսում են հենց Ղարաբաղից դուրս:
Ղարաբաղցիների հանգստությունը թերեւս կարելի է տարբեր կերպ մեկնաբանել. կամ մարդիկ գտնում են, որ իրենք իրենց հարցը լուծել են եւ իրենց չի հետաքրքրում, թե ինչ են խոսում այդ մասին Ղարաբաղից դուրս: Կամ, հարկ չեն համարում մեկ անգամ եւս շեշտել իրենց դիրքորոշումը, չնայած մեկ-մեկ արտահայտում են իրենց դիրքորոշումը: Կամ էլ պարզապես համոզված են, որ միեւնույն է վերջում Ղարաբաղի ժողովրդի խոսքն է որոշիչը լինելու: Թե որքանով այս փաստարկները կարդարացնեն իրենց` պարզ կլինի հետո, բայց որ զարգացումներն ավելի մեծ խոհեմություն եւ զգոնություն են պահանջում, հարցի լրջության գիտակցում` դա պարզից էլ պարզ է: Չէ, որ հաճախ նման փոստարկները աշխարհաքաղաքական խաղերում պարզապես երկրորդ պլան են մղվում:
Անահիտ Դանիելյան
No comments:
Post a Comment