Saturday, April 25, 2009

Մայիսի 31-ի ընտրությունները մինի նախագահական ընտրություններ են

Հարցազրույց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի հետ

- Պարոն Իսկանդարյան, Ձեր կարծիքով՝ հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ բանակցություններում թուրքական կողմն այսօր ԼՂ հարցը որպես նախապայման ներկայացնո՞ւմ է, թե՞ ոչ: Թեեւ սկզբնական շրջանում ներկայացվում էր, թե ԼՂ հարցը այլեւս նախապայման չէ, սակայն վերջերս 2 անգամ Թուրքիայի վարչապետը հայտարարեց, որ մինչեւ չլուծվի ԼՂ հարցը, սահմանները չեն բացվի: Արդյո՞ք Թուրքիան փոխել է իր դիրքորոշումը:

- Չեմ կարծում, թե լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել: Հռետորիկայի փոփոխությունը եւ քաղաքականության փոփոխությունը դրանք տարբեր բաներ են: Գործընթացը շարունակվում է, եւ դա ցույց է տալիս ինչպես Թուրքիայի ԱԳՆ-ի այցը ապրիլի 16-ին Հայաստան, այնպես էլ Օբամայի այցը Թուրքիա ապրիլի 6-ին: Եթե ուշադրություն դարձրել եք` Օբաման հանդիպեց Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների հետ: Որեւէ մեկը հիշում է, թե վերջին անգամ երրորդ երկրում ԱՄՆ նախագահը այլ երկրների արտգործնախարարների հետ նրանց վերաբերող հարցով (ոչ թե նախագահների) երբ է հանդիպել: Ես նման բան չեմ հիշում: Ընդ որում, այցից հետո տարածած հայտարարության մեջ սկզբում գրված էր Թուրքիայի եվրոինտեգրման, հետո` հայ-թուրքական հարաբերությունների մասին, եւ դրանից հետո նոր միայն՝ Մերձավոր Արեւելք, Պաղեստին եւ այլն: Այնպես որ` գործընթացը շարունակվում էր եւ՛ ապրիլի 6-ին, եւ՛ 16-ին, եւ՛ այսօր: Կշարունակվի նաեւ ապրիլի 24-ին, երբ Օբաման չի արտասանի «ցեղասպանություն» բառը: Եվ սահմանների բացման շատ լուրջ հնարավորությունը այսօր էլ մնում է: Խոսակցությունն այն մասին, թե՝ սահմանների բացման դիմաց ԼՂ-ի հարակից տարածքները հետ տվեք, հիմարություն է: Եթե հնարավոր լիներ օկուպացված տարածքները վերցնել սահմանների բացման դիմաց, դա կարելի էր անել 10 տարի առաջ: Եթե պրոցեսը այսօր շարունակվում է, դա նշանակում է՝ ԼՂ հարցը չի կապվում սահմանի բացման հետ: Իսկ այն, ինչ ասում են Թուրքիայի նախագահն ու ԱԳ նախարարը, ասվում է առաջին հերթին ներքին օգտագործման համար, երկրորդ` ինչ-որ բան, այնուամենայնիվ, պետք է ասել Ադրբեջանին, որովհետեւ այնտեղ խուճապային տրամադրություններ են սահմանի բացման հետ կապված: Ադրբեջանցիները, իհարկե, փորձում են ինչ-որ բան անել` Մոսկվայում, Թուրքիայում, Եվրոպայից արդեն հույսները կտրել են: Բայց հենց սկզբից էլ պարզ էր, որ Ադրբեջանը ասելու էր` տղերք, մի բացեք սահմանը: Եթե թուրքերի համար Ադրբեջանը այնքան կարեւոր լիներ, որ նրանց հաշվի առնեին, հայ-թուրքական սահմանի բացման այս պրոցեսը պարզապես չէին սկսի: Բայց, փաստորեն, սկսել են: Տեսականորեն այն կարող է ընդհատվել, բայց այնքան է այդ պրոցեսն այսօր հեռուն գնացել, որ եթե հանկարծ թուրքերը կանգնեցնեն այդ պրոցեսը, դա իրենց համար վատ կլինի:

- Այսինքն` համաձա՞յն եք նախագահ Սերժ Սարգսյանի այն մտքի հետ, որ բոլոր դեպքերում մենք գործընթացից շահած դուրս կգանք:

- Ես նախագահի հետ համաձայն չեմ: Ես ասում եմ այն, ինչ կա: Եթե թուրքերն այսօր ցանկացած առիթով, օրինակ` ինչ-որ կրակոցներ լինեն ԼՂ-ում, թուրքերն էլ ասեն` վայ, մենք նեղացանք, պրոցեսից դուրս ենք գալիս, էլ չենք շարունակի, դա շատ վատ կանդրադառնա Թուրքիայի վրա: Մեզ վրա էլ վատ կանդրադառնա` սահմանները չեն բացվի: Բայց թուրքերը որպեսզի այդպես վարվեն, լուրջ պատճառ է պետք: Ադրբեջանը այդպիսի լուրջ պատճառ չէ, Ադրբեջանի պարագան նախկինում էլ էր պարզ: Դրա համար էլ ես չեմ պատկերացնում, որ պրոցեսն ընդհատվի: Այն կարող է երկարաձգվել, բայց ոչ ընդհատվել, որովհետեւ կստացվի, որ մենք լավն ենք, իսկ թուրքերը վատն են: Մենք սպիտակ կոստյումով ենք, ուզում ենք` առանց նախապայմանների, իսկ թուրքերը, որ իրենք են սկսել պրոցեսը, իրենք են եկել այստեղ մի քանի անգամ, ապրիլի 24-ին էլ Օբաման չի արտասանել «գենոցիդ» բառը, հանկարծ ընդհատում են այդ գործընթացը:

- ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան հայտարարեց, որ մայիս-հունիս ամիսներին ԼՂ հարցի վերաբերյալ կարող է փաստաթուղթ ստորագրվել:

- Քաղաքական գործիչների հայտարարությունները նրա համար չեն, որ ճիշտ լինեն: Բրայզան ցուցադրում է լավատեսություն, որովհետեւ նրա աշխատանքն է այդպիսին: Իսկ ի՞նչ եք ուզում, որ ասի: Այն, ինչ ես նոր ասացի, նա դա չի կարող ասել: Ի՞նչ է փոխվել, ի՞նչ կարեւոր իրադարձություն է տեղի ունեցել, որ ԼՂ հարցը շուտով լուծվի: Հայերն այն կլուծեն, որովհետեւ ուզում են բացել թուրքական սահմա՞նը: Կամ, ասենք, Ալիեւը կգնա Մոսկվա կամ չգիտեմ որտեղ եւ ինչ-որ բանի՞ կհասնի: Ակնհայտ է, որ ո՛չ: ԼՂ հարցը ինտելեկտուալ պրոբլեմ չէ: Պրոբլեմը հավասարակշռության մեջ է: Ոչ միայն բանակների, այլեւ` աշխարհագրական, մարդկային ռեսուրսների, տարբեր երկրների լոբբինգի, տարբեր երկրների ներկայացուցիչների եւ այլն: Այդ բալանսը, արդեն 14-15 տարի է, ինչ չի փոխվում: Օգոստոսյան (Վրաց-ռուսական) պատերազմը ամրապնդեց հարցի չկարգավորված վիճակը: Դա ԼՂ հարցը դարձրեց էլ ավելի չլուծելի, էլ ավելի սառեցրեց, քան նախկինում էր: Մայնդորֆյան հռչակագիրը սեւով սպիտակի վրա դա արձանագրեց. մենք կլուծենք այս խնդիրը խաղաղ միջոցներով, երկխոսելով, եւ այլն եւ այլն: Օգոստոսյան պատերազմից հետո երկու բան հասկանալի դարձավ: Առաջին` փող հավաքենք, վարժեցնենք` կգրավենք 10 րոպեում` այս մոդելը չի գործում: Վրացիները փորձեցին` չաշխատեց: Երկրորդ` ՆԱՏՕ-ն չի գա ու չի օգնի, եթե գար, Վրաստան էլ կգար: Հետեւաբար` պատերազմ չի լինի: Իսկ այդ դեպքում էլ ինչո՞վ կարող են ադրբեջանցիները վախեցնել Հայաստանին, ԼՂ-ին եւ այն մարդկանց, ովքեր ստատուս-քվոյի կողմնակիցներ են:

- Ներքաղաքական ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում` Երեւանի ավագանու ընտրությունների հետ կապված:

- Ակնհայտ է, որ ընդդիմության համար սրանք քաղաքական ընտրություններ են: Ոչ ոք լրջորեն չի մտածում, թե Լեւոն Տեր-Պետրոսյանն ուզում է քաղաքապետ դառնալ, որ ասֆալտ փռի, աղբահանությամբ զբաղվի եւ այլն: Նա ուզում է քաղաքապետ դառնալ, որ ավելի լավ դիրքերից շարունակի քաղաքական պայքարը: Այս տեսակետից` սրանք նման են նախագահական ընտրությունների: Բայց մյուս կողմից էլ` թեեւ Երեւանը Հայաստանի մեծ մասն է, այնուամենայնիվ, ամբողջը չէ, ուստի սրանք մինի նախագահական ընտրություններ են: Կլինի քաղաքական ընտրապայքար, բայց որ իշխանություններն արդեն չեն կարող թողնել Տեր-Պետրոսյանին դառնալ քաղաքապետ, դա ակնհայտ է, իշխանությունները չեն կարող իրենց թույլ տալ նման բան, որովհետեւ պայքարը քաղաքական է: Եթե իմանային, որ դա կմնա միայն քաղաքի մակարդակով, եւ Տեր-Պետրոսյանն ասֆալտ կանի, կթողնեին, բայց պարզ է, որ այդպես չէ: Ուստի ընտրությունները կանցնեն այնպես, ինչպես միշտ են անցել: Հետեւաբար` Տեր-Պետրոսյանը չի ճանաչի ընտրությունները: Սա արդեն հայկական քաղաքական ավանդույթ է: Հետո, կտեսնենք, թե ինչ կլինի` կախված նրանից, թե որքան կոպիտ կանցնեն ընտրությունները, եւ ինչպես կարձագանքի Արեւմուտքը, ինչքան ուժեղ կլինի ընդդիմության հակազդեցությունը, եւ որքանով կհաջողվի «ռասկրուտիտ» անել միտինգային ակտիվությունը: Բայց որ ընտրությունների արդյունքում հաղթող չի հայտարարվի Լ. Տեր-Պետրոսյանը, եւ նա էլ չի ճանաչի արդյունքները, կարծում եմ՝ հաստատ է: Չեմ կարծում, որ կլինի երկրորդ մարտի մեկ: Տեսականորեն դա ոչ ոք չպետք է ուզենա: Մյուս կողմից էլ՝ չեմ կարծում, թե Երեւանի ավագանիում ընդդիմության տեղեր ունենալն իշխանության նկատմամբ դժգոհության գոլորշին բաց թողնող լուրջ գործոն կարող է լինել:

Հրայր ՄԱՆՈՒԿՅԱՆ

168 ժամ

2009-04-23

No comments:

Post a Comment