Saturday, April 25, 2009

ԻՆՉՈՒ Է ՔԼԻՆԹՈՆԸ ՄԻԱՅՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՀԱՎԱՍՏԻԱՑՆՈՒՄ

Մինչ բոլորը սպասում են, թե ինչ կասի ապրիլի 24-ին Բարաք Օբաման, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ասում է, որ հույս ունի, թե առաջիկա ամիսներին Ղարաբաղի հակամարտությունն ինչ որ լուծում կստանա: Այդ հայտարարությունն իհարկե նորություն համարել չի կարելի: Շատերն են հուսացել ու հույս ունեն այժմ ու դեռ կունենան ապագայում: Նույնիսկ հույսի հիմքերի մեջ խորանալը թերեւս այդքան էլ իմաստալից չէ, քանի որ հուսացողները բավական տեղեկացված մարդիկ են, եւ գուցե նրանց հույսի հիմքը նույնիսկ ակնարկների տեսքով հայտնի չէ հասարակությանը, որպեսզի հնարավոր լինի գնահատել դրա իրատեսականությունը: Այնպես որ, նկատի ունենալով, որ գործ ունենք դիվանագետների եւ քաղաքական գործիչների հետ, պետք չէ բացառել, որ նրանք կարող են նաեւ միանգամայն գիտակցված ձեւով հայտնել չարդարացված հույսեր, դրանից ունենալով լրիվ այլ ակնկալիքներ: Այսինքն, կարող է գործի դրվելբլեֆկոչված երեւույթը, որն իրականում կարող է լուծել տրամագծորեն հակառակ հարց, քան թե այն, ինչի լուծման մասին հայտարարվում է: Բայց այդ ամենի մասին կարող ենք միայն գուշակել, գլխի ընկնել, եւ վերլուծելը նույնիսկ դժվարանում է, քանի որ հույսերը վերլուծելն անշնորհակալ զբաղմունք է:

Հետաքրքրականն այն է, որ Հիլարի Քլինթոնը հայտարարել է, թեիրենք հավաստիացրել են Ադրբեջանի կառավարությանը, որ ակտիվացնելու են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ջանքերը”: Ինչու է Հիլարի Քլինթոնը տալիս միայն Ադրբեջանի կառավարության անունը: Ինչու նա չի ասում, որ նույնը հավաստիացրել են նաեւ Հայաստանի իշխանությանը, առավել եւս, որ Հայաստանի իշխանության գլուխ կանգնած Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ Ղարաբաղի հակամարտության կարգավորումը իր երազանքն է եւ հենց դա տեղի ունեցավ, ինքը կհեռանա քաղաքականությունից: Գուցե ԱՄՆ չի ցանկանում, որ Սերժ Սարգսյանը քաղաքականությունից հեռանա, գուցե ԱՄՆ համարում է, որ Սերժ Սարգսյանի գործը միայն Ղարաբաղի հարցը կարգավորելը չէ, եւ զբաղեցնելով Հայաստանի նախագահի պատոնը, նա դեռ շատ բաներ է պարտավոր անել, եւ միայն Ղարաբաղի հարց լուծելն ու հեռանալը չի ստացվի: Բայց այդ դեպքում ԱՄՆ չի կարող Ադրբեջանի համար հարցը կարգավորել, իսկ Հայաստանի համար թողնել չկարգավորված:

Բայց արդյոք կարելի է այդ առումով լինել վստահ: Թերեւս ոչ: Միանգամայն հնարավոր է, որ Ղարաբաղի հարցն Ադրբեջանի համար կկարգավորվի, իսկ Հայաստանի համար մնա չլուծված: Բանն այն է, որ Ղարաբաղի հարց կոչվածն ավելի շուտ գործընթաց է, քան կոնկրետ իրավիճակ: Այդ գործընթացը շարունակվելու է այնքան, քանի դեռ շարունակվում է աշխարհում ուժերի եւ դիրքերի վերադասավորության գործընթացը: Հետեւաբար, այդ պայմաններում կարգավորում արտահայտությունը ենթադրում է կարգավորում ըստ շահի, այսինքն, ամեն ոք իր գործն է կարգավորում այդ գործընթացում: Հետեւաբար, միանգամայն հնարավոր է, որ արձանագրվի մի իրողություն, երբ Ադրբեջանի գործերն ավելի կարգավորված կլինեն, քան Հայաստանինը, բայց հարցը որպես այդպիսին կարգավորված չի լինի: Մադրիդյան առաջարկներ կոչվածը հենց դա էլ թերեւս ենթադրում է, երբ խոսվում է Ղարաբաղի կարգավիճակի հարցը հետաձգելու մասին: Ընդ որում, այդ մասին միայն Ալիեւը չէ, որ խոսում է, այլ խոսում են առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:

Իսկ եթե նույնիսկ ենթադրենք, որ ոչ թե Ղարաբաղի կարգավիճակը որոշելու տարբերակի քննարկումն է թողնվում ապագային, այլ որոշվում է կոնկրետ տարբերակն, ու դրա իրականացումն է ապագային մնում, ապա միեւնույն է, կրկին, այդ որոշմամբ կարգավորվում է Ադրբեջանի դիրքը, Ադրբեջանի գործը: Բանն այն է, որ այդպիսով Ադրբեջանը ստանում է երկու կարեւոր գործոն` ժամանակ, եւ այդ ժամանակն իր օգտին ծառայեցնելու ռազմավարական առավելություն` ի դեմս այն տարածքների, որոնք նախատեսվում է վերադարձնել Ադրբեջանին կարգավիճակի վերաբերյալ ինչ որ համաձայնությունների դիմաց: Այս փուլում, Ադրբեջանին դրանից ավելին պետք էլ չէ: Ի տարբերություն Բենդերի, Ալիեւը մտածում է ամբողջը, բայց մաս-մաս վերցնելու մասին: Այսինքն, ի տարբերություն Սերժ Սարգսյանի, Ալիեւը ոչ թե մտածում է Ղարաբաղի հարցը լուծենք եւ վերջ, այլ թերեւս գիտակցում է, որ Ղարաբաղի հարցը գործընթաց է, եւ կարեւորն այդ գործընթացի մեջ համակողմանի առավելություն ձեռք բերելն է: Թերեւս դրա համար էլ ԱՄՆ Ադրբեջանին է միայն հավաստիացնում, որ կարգավորելու են Ղարաբաղի հարցը, քանի որ կարծես թե նկատում է, որ Հայաստանի պատկերացումները կարգավորման մասին բոլորովին այլ են եւ ընդամենը տեղավորվում են առեւտրական պատկերացումների շրջանակում` սա տալիս ենք, սա վերցնում, եւ ապրում ենք գոհ ու երջանիկ:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Լրագիր

2009-04-23

No comments:

Post a Comment