Saturday, April 25, 2009

Ադրբեջանը ՌԴ-ին տալու բան ունի, իսկ ի՞նչն է լինելու Հայաստանի «տալիքը»

Այսօր Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն, եւ ժպտալով կսեղմի մեր ռազմավարական դաշնակից երկրի նախագահի այն ձեռքը, որը մի քանի օր առաջ արդեն հասցրել է սեղմել Ադրբեջանի նախագահ Ալիեւը` ՌԴ-ի մյուս ռազմավարական դաշնակիցը:

Այցի օրակարգում ընդգրկված է ԼՂ խնդրի կարգավորումը, որի շուրջ հատկապես վերջին մի քանի շաբաթների ընթացքում ոչ ստանդարտ ակտիվացում է նկատվում: Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով. «Տարածաշրջանում ընթացող պրոցեսների` վերջին շրջանի ակտիվացման նկատմամբ ՌԴ-ն չի կարող անտարբեր լինել, եւ Ադրբեջանի ու ՀՀ նախագահների այցելությունները վկայում են ՌԴ-ի ակտիվ ազդեցությունը տարածաշրջանային բոլոր պրոցեսների վրա: Այս այցելություններն ուղղակիորեն կապված են հայ-թուրքական հարաբերությունների հետ: Այցի օրակարգի գլխավոր հարցը, անխոս, լինելու է ԼՂ խնդիրը, բայց այդ այցը, այնուամենայնիվ, հայ-թուրքական հարաբերությունների վերջին զարգացման հետ կապված` ՌԴ-ի արձագանքն է լինելու, քանի որ հայ-թուրքական հարաբերությունները գալիս-հանգում են ԼՂ խնդրի լուծմանը»: Իսկ այն, որ սկզբում Ալիեւը այցելեց Մոսկվա եւ հետո նոր Սերժ Սարգսյանը` ի՞նչ կարող է նշանակել եւ ի՞նչ վտանգ կարող է թաքնված լինել այցելությունների նման հաջորդականության տակ` ի պատասխան մեր այս հարցի` Ս.Գրիգորյանն ասաց. «Եթե դուք ակնարկում եք այն վտանգի մասին, որ հնարավոր է ՌԴ-ն եւ Ադրբեջանը որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերեն, հետո Հայաստանին փաստի առաջ կանգնեցնեն, ապա պետք է չբացառել նման վտանգների հնարավոր լինելը: Ինչո՞ւ, քանի որ Ադրբեջանը ՌԴ-ին տալու բան ունի, ինչի դիմաց ՌԴ-ն հնարավոր է ԼՂ հարցի վերաբերյալ իր ակցենտներում որոշակի փոփոխություն մտցնի: Օրինակ` Ադրբեջանը խոստանա իր նավթի եւ գազի ամբողջական տարհանումը ՌԴ-ի տարածքով, ինչի դիմաց ՌԴ-ն ԼՂ խնդրի հետ կապված հարցերում պետք է համոզի, ճնշի ՀՀ-ին: (Հատկապես` որ այդպիսի մի պայմանավորվածություն Ալիեւի ՌԴ վերջին այցի ժամանակ ձեռք բերվեց): Բայցեւայնպես, ես չեմ կարծում, որ ԼՂ հարցում ՌԴ-ի քաղաքականության փոփոխությունն այնքան մեծ լինի, որ նա ուզենա ԼՂ հարցում փոխել ստատուս քվոն: ՌԴ-ին դա ձեռնտու չի, եւ նա այդ բանը չի անի` ոչ թե սիրելով ՀՀ-ին, այլ որովհետեւ, եթե ստասուս քվոն փոփոխվի հօգուտ հակամարտող երկրներից մեկի, ապա ՌԴ-ն կկորցնի այն լծակները, որոնցով կարողանում է ճնշել կամ ազդել ՀՀ-ի եւ Ադրբեջանի վրա»: Ս.Գրիգորյանը չբացառեց նաեւ, որ մոսկովյան այցի ժամանակ ՌԴ-ն ԼՂ խնդրի հետ կապված քննարկումներում որոշակի առաջարկներ անի Ս.Սարգսյանին, բայց բացառեց, որ այդ առաջարկները «ստիպողական լինեն եւ վերաբերեն որոշակի տարածքներ հանձնելուն»: «Կարծում եմ` եթե որեւէ խոսակցություն գնա, ապա այն հավանաբար, կվերաբերի տարածաշրջանում, մասնավորապես` ԼՂ զոնայում ռուսական կամ ԱՊՀ երկրների խաղաղարար ուժերի տեղակայմանը: Այսինքն` ՌԴ-ն կփորձի այս իրավիճակից կոնկրետ բան կորզել իր համար` մեծացնելով իր ազդեցությունը կոնֆլիկտի կարգավորման հարցում, այլ ոչ թե կուժեղացնի Ադրբեջանի դիրքերն այդ պրոցեսում», - ասաց քաղաքագետը: Նա միաժամանակ ընդգծեց, որ այս այցը «որեւէ կոնկրետ առարկայական արդյունք չի արձանագրի» խնդրի կարգավորման հարցում` պատճառաբանելով. «Ես դեռեւս չեմ տեսնում տարածաշրջանային երկրների` ՌԴ-ի, Թուրքիայի, Իրանի, նաեւ գլոբալ խաղացողների` ԱՄՆ-ի, ԵՄ-ի շահերի այնպիսի համընկնում, ինչը բերի նրան, որ նրանք բոլորը միասին ստիպեն ՀՀ-ին որեւէ քայլի գնալ»:

ՀԱԿ արտաքին հարցերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը դժվարացավ որեւէ կանխատեսում անել Ս.Սարգսյանի մոսկովյան այցի արդյունքների վերաբերյալ: Նա կարծում է, որ հակամարտող երկու երկրների ղեկավարներին Մոսկվա հրավիրելու ՌԴ-ի նախաձեռնությունը միտված է վերահսկելի դարձնել տարածաշրջանում վերջին շրջանում նկատվող ակտիվությունը: «Իհարկե, ՌԴ-ն կջանա որեւէ կոնկրետ պայմանավորվածություն ձեռք բերել ԼՂ խնդրի կարգավորան ուղղությամբ եւ քայլ առաջ անել, ինչը դրական կդիտվեր միջազգային հանրության կողմից, բայց հավանական չեմ համարում նման զարգացումը»: Իսկ հնարավո՞ր է, որ ՀՀ ղեկավարի այցը Մոսկվա կապված լինի հայ-թուրքական հարաբերությունների հետագա ընթացքի հետ: Վ.Կարապետյանն ասաց. «Չեմ կարծում, որ հայ-թուրքական հարաբերությունների հարցը պետք է Մոսկվայում լուծվի: Այն պետք է լուծվի Երեւանում եւ Անկարայում: Մանավանդ` ՀՀ իշխանությունները պնդում են, որ հայ-թուրքական հարաբերությունների հաստատման հարցում որեւէ նախապայման լինել չի կարող, իսկ թուրքական կողմն անընդհատ հայտարարում է իր նախապայմանների մասին, անգամ խոսում տարածքներ ազատելու մասին: ՀՀ-ն, ըստ իս, պետք է այդ հայտարարություններին համարժեք պատասխան տա եւ ոչ թե հարցի լուծումը որոնի մոսկվաներում կամ այլ տեղերում»:

Հեղինե Մանուկյան

Ժամանակ Երեւան

2009-04-23

No comments:

Post a Comment