Saturday, April 25, 2009

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՇՏԱՊՈՒՄ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ

   Այն ճշգրտությունը, որ ներկայումս դրսեւորում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները իրենց տարածաշրջանային այցի ժամկետների ընտրության հարցում, վկայում է Ղարաբաղյան բանակցային գործընթացում նշմարվող նոր ու վտանգավոր միտումների գոյության մասին։

   Դրանց բնորոշ են երկու հիմնական առանձնահատկություն. առաջինը հայ-թուրքական սահմանի բացման շուրջ ծավալվող դիվանագիտական խաղն է, իսկ երկրորդը՝ անցած նոյեմբերին որոշակի փաստաթղթի վերածված Մայնդորֆյան նախաձեռնությունը շարունակելու եւ խորացնելու Ռուսաստանի ձգտումը։ Դա վկայում է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը վերահսկելու համար շուրջ 1,5 տասնամյակ շարունակվող գերտերությունների պայքարը թեւակոխում է նոր հանգրվան, երբ գոնե արտաքուստ նրանք դեռ չեն դրսեւորում իրենց տարաձայնությունները։

   Ղարաբաղի հարցը հայտնվելով հայ-թուրքական ու ռուս-ադրբեջանական զույգ «սիրախաղերի» աքցանի մեջ, աստիճանաբար սկսում է դուրս սպրդել համաշխարհային քաղաքականության արեւմտյան ճարտարապետների ձեռքերից։ Ճիշտ նույն կերպ էլ հայ-թուրքական սահմանի բացման հարցն է աստիճանաբար վերածվում միակողմանիորեն ամերիկյան թելադրանքի։

   Թեեւ ներկայումս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները միահամուռ փորձում են ճեղքում արձանագրել Ղարաբաղյան բանակցային գործընթացում, բայց միաժամանակ յուրաքանչյուրն իր համար ձեռնարկում է այնպիսի քայլեր, որոնք վաղ թե ուշ խարխլելու են շինծու միասնականությունը։

   Ապրիլի 21-ին ժամանելով Երեւան, միջնորդներն այստեղից շարունակելու են իրենց այցելությունը Բաքու, ապաեւ Ստեփանակերտ եւ երկուշաբթի օրը՝ ապրիլի 27-ին, նորից լինելու են Երեւանում։ Նման երթուղու ընտրությունը վկայում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները փորձում են ինչ-որ «նոր գաղափարներ» առաջարկել Երեւանին ու Բաքվին, իսկ վերջում էլ դրանք որպես «կատարված փաստ» հրամցնել Ստեփանակերտին։

   Եւ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ համանախագահների Երեւանից բացակայության օրերին նախատեսվում է նաեւ Հայաստանի նախագահ Ս.Սարգսյանի աշխատանքային այցը Մոսկվա, ապա պարզ կդառնա, որ միջնորդների ներկա «տարածաշրջանային ոդիսականի» հիմնական «խաղաթուղթը» Ռուսաստանի միջոցով Հայաստանի իշխանություններին «ինչ-որ բան հասկացնելու» մտադրությունն է։

   Մինչդեռ Ռուսաստանի համար Հայաստանի վրա «ազդեցություն գործադրելու» հիմնական շարժառիթը ադրբեջանական գազի արտահանման երթուղիների հստակեցման հարցն է, որը զուգահեռաբար լուծվում է ապրիլի 22-24-ին Սոֆիայում տեղի ունեցող էներգետիկ համաժողովում։ Սակայն ներկայումս Բուլղարիայի մայրաքաղաքում ընթացող այս միջոցառումը, որին մասնակցելուց վերջին պահին հրաժարվել է Ռուսաստանի վարչապետ Վ.Պուտինը, ի հայտ է բերում ՆԱԲՈՒԿԿՈ գազային ծրագրի շուրջ կողմերի միջեւ խորացող տարաձայնությունները։

   Այս պայմաններում թե՛ Հայաստանը եւ թե՛ Ադրբեջանը հայտնվել են «երկու կրակի» արանքում։ Հայաստանից պահանջում են հստակեցնել իր դիրքորոշումները, մինչդեռ Բաքուն «ղարաբաղյան աճուրդի» ընդհանուր սեղանին է դրել սեփական գազային ռեսուրսներն ու տրանզիտային հնարավորությունները։

   Բնական է, որ ճիշտ այն պահին, երբ պետք է որոշվի, թե ո՞վ է հաղթել այդ «տենդերում», ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները փորձում են ինչ-որ բան պոկել հակամարտող կողմերից։ Դրա բովանդակությունը ակնհայտ է դառնում օրերս տեղի ունեցած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մոսկովյան այցի արդյունքներից։ Ակնհայտ է, որ խոսքը ազատագրված տարածքների մի մասի վերադարձի եւ կոմունիկացիաների բացման հեռանկարի մասին է, որը թույլ կտա նաեւ խորացնել հայ-թուրքական երկխոսությունը։

   Ղարաբաղի հարցում Ռուսաստանի դիրքորոշումը ներկայումս հստակ է սոսկ որպես միջնորդական գործընթացը վերահսկելու մտադրություն, ինչը ամենեւին էլ չի կանխորոշում հարցի բովանդակային կողմը։ Դա կարող է պարզ դառնալ միայն այն բանից հետո, երբ հայտնի կլինեն Սոֆիայում ընթացող էներգետիկ գագաթաժողովի արդյունքները։ Ուստի, երբ Ռուսաստանի նախագահ Դ.Մեդվեդեւը հայտարարում է, որ «Ռուսաստանը ցանկանում է հասնել առավելագույն առաջընթացի Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման բանակցություններում», իրականում ակնարկում է Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման արագացումով ՆԱԲՈՒԿԿՈ ծրագրի գործարկումը խափանելու եւ Ադրբեջանին Ռուսաստանի ազդեցության գոտի վերադարձնելու զույգ առաջադրանքների մասին։

   Մինչդեռ Սոֆիայում Բաքվից պատասխան են սպասում հենց ՆԱԲՈՒԿԿՈ ծրագրի գործարկման հարցում, ուստի Իլհամ Ալիեւն իր հերթին, մի կողմից, խոստումներ է տալիս ռուսական կողմին, մյուս կողմից էլ ակնարկում է. «Այն դեպքում, եթե ՆԱԲՈՒԿՈ խողովակաշարը կառուցվի, ապա բնական է, որ ստեղծված պայմաններում մենք կարող ենք մեր գազի մի մասը մատակարարել այդ ուղղությամբ»։

   Հասկանալի է, որ Ադրբեջանի նման երկիմաստ դիրքորոշումը չի կարող բավարարել մրցակցող կողմերից եւ ո՛չ մեկին, ուստի, կարծում ենք, ներկա հանգրվանում հայ դիվանագիտության գերխնդիրը «ժամանակ ձգելն է», մինչեւ որ գերտերությունների էներգետիկ շահերի բախումը կրկին կխարխլի Ղարաբաղի հարցի շուրջ նշմարվող միջնորդների առերեւույթ, տակտիկական միասնությունը։

 ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հայոց Աշխարհ

2009-04-23

No comments:

Post a Comment