Saturday, April 25, 2009

ԼՂՀ-ն ուշադրության կիզակետում. սահմանին առնչվող խոսակցությունները կենտրոնանում են խնդրի խաղաղ կարգավորման վրա

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի Թուրքիա կատարած այցից հետո երկրի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարեց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը անհնար է առանց Հայաստանի և Ադրբեջանի միջև ղարաբաղյան խնդրի կարգավորման: Իսկ պաշտոնական Երևանը հայտարարեց, որ Թուրքիայի հետ հարաբերությունները չի պայմանավորում Ղարաբաղով: Շատ փորձագետներ կարծում են, որ այդ կերպ գործընթացը փակուղի է մտել:

Ապրիլի 10-ին տված մամուլի ասուլիսի ընթացքում Սերժ Սարգսյանն առաջին անգամ հայտարարեց, որ Հայաստանը կարող է դուրս գալ հայ-թուրքական բանակցային գործընթացից: Նա դա պայմանավորեց նրանով, որ թուրքական մամուլը և պաշտոնական Անկարան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապում են ցեղասպանության ճանաչման և ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ: «Կարո՞ղ են արդյոք թուրքերը, փոխելով դիրքորոշումը, մեր առջև պայմաններ դնել: Չի կարելի բացառել նման շրջադարձը: Բայց այդ դեպքում մենք դուրս կգանք գործընթացից` ուժ հավաքած»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Այս ֆոնի վրա ապրիլի 4-5-ը չնախատեսված այցեր եղան. Բաքու այցելեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան, իսկ նրա ֆրանսիացի գործընկեր Բեռնար Ֆասիեն այցելեց Երևան և Բաքու: Բացի այդ, Հայաստանի ԱԳՆ-ում չնախատեսված խորհրդակցություններ տեղի ունեցան Հայաստանի և Ղարաբաղի արտաքին գերատեսչությունների ղեկավարների միջև: Հայկական մամուլում նյութեր հայտնվեցին այն մասին, որ հայկական կողմը, հնարավոր է, ղարաբաղյան խնդրի առնչությամբ զիջումների հաշվին գնա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար:
Ընդսմին, կողմերից ոչ մեկը չի ժխտում ղարաբաղյան խնդրի լուծման անհրաժեշտությունը: Տարբերությունը դրա լուծման ուղիների մեջ է: Թուրքիան, Ադրբեջանը և միջնորդները պնդում են, որ հայկական ուժերը պետք է դուրս բերվեն հակամարտության գոտուց, փախստականները վերադարձվեն, պետք է Ադրբեջանին հանձնել նախկին ԼՂԻՄ շուրջ գտնվող տարածքները և Ղարաբաղին ժամանակավոր կարգավիճակ տալ: Հայկական կողմը նման տարբերակ չի ընդունում:
«Մեր տեսանկյունից` ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման հիմքեր և տարածաշրջանում կայուն խաղաղություն ստեղծելու համար անհրաժեշտ է առաջին հերթին արձանագրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության փոխադարձ ճանաչում և փոխադարձաբար հրաժարվեն խնդիրը ռազմական ճանապարհով լուծելուց: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության փոխադարձ ճանաչումը և ռազմական արկածախնդրությունից հրաժարվելը պետք է լինի բանակցությունների մեկնակետը, այլ ոչ թե վերջնակետը»,- կարծում է Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը:
Ղարաբաղի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանն ասում է, որ Ղարաբաղի խնդիրները պարզ են: «Մենք շատ պրագմատիկ խնդիր ունենք լուծելու. երաշխավորել Ղարաբաղի բնակչության իրավունքները իր համար ընդունելի պետական ինքնորոշման ձևով, իր համար ընդունելի սահմաններում, անվտանգության սեփական համակարգի նախապատվությամբ: Ղարաբաղյան խնդիրը շատ տարողունակ գործընթաց է, և այստեղ չեն կարող լինել արագացված լուծումներ»:
Այդուհանդերձ, միջնորդների առաջարկած ղարաբաղյան հակամարտության կարգավորման նախագիծը, ըստ երևույթին, նաև Ադրբեջանին դուր չի գալիս: Առաջարկված սկզբունքների համաձայն` Բաքուն ամբողջությամբ կորցնում է իշխանությունը նախկին ԼՂԻՄ-ի նկատմամբ: Դա Ադրբեջանին չի գոհացնում, որը ցանկանում է ստանալ ամբողջը: Եվ դրանում պաշտոնական Անկարան օգնում է նրան` հայտարարելով, որ անհնար է հայ-թուրքական սահմանի բացումը մինչև ղարաբաղյան հակամարտության լուծումը:
«Այսքան ցավագին արձագանքելով հայ-թուրքական հարաբերությունների թվացյալ ջերմացմանը և ռազմավարական գործընկերոջ ու «ավագ եղբոր» նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու պատրաստակամություն հայտնելով` Ադրբեջանը, մեղմ ասած, լուրջ կասկածի տակ է դնում իր` վստահելի տնտեսական գործընկեր և քաղաքական դաշնակից լինելը,- կարծում է ղարաբաղցի քաղաքագետ Նորայր Հովսեփյանը: - Եթե ենթադրենք, որ Ադրբեջանում վերջերս ծավալված հակաթուրքական քարոզչությունը ընդամենը թուրք-ադրբեջանական համատեղ սցենարի մի դրվագ է, ապա պետք է արժանին մատուցել պաշտոնական Բաքվին, որը փայլուն կատարել է իր դերը, թեև խաղը, ընդհանուր առմամբ, զուրկ լինելով դիվանագիտական նրբություններից, քիչ համոզիչ եղավ: Համենայն դեպս, Ղարաբաղում, ի տարբերություն Եվրոպայի և Ռուսաստանի, նման կարծիք է ձևավորվել»,- կարծում է քաղաքագետը:
Ակնհայտ է, որ ղարաբաղյան խնդրի կարգավորումը տարածաշրջանային քաղաքականության մեջ դառնում է թիվ մեկ թեման: Արդեն Մինսկի խմբի «մաքոքային դիվանագիտության» աշխուժացման նշաններ կան, նույնիսկ Եվրամիությունն է պատրաստակամություն հայտնել աջակցել ղարաբաղյան խնդրի կարգավորմանը, սակայն կարգավորման առաջարկված սկզբունքների էությունը դրանից չի փոխվել: Կնշանակի, կողմերը մնում են տրամագծորեն հակասական դիրքերում:
«Պարզ է, որ համանման դիվանագիտությունը, առավել ևս` վախեցնելու փորձերը, չեն կարող տանել ղարաբաղյան խնդրի լուծման: Անտեսելով իրողությունները և թվացյալը իրականության փոխարեն հրամցնելով` Ադրբեջանի իշխանությունները հետևողականորեն շարունակում են հակահայկական քաղաքականությունը` մոլորության մեջ պահելով առաջին հերթին սեփական հասարակությունը: Իրականում Թուրքիան Ադրբեջանի վրա հատուկ ազդեցություն ունի, և, կառուցողական մոտեցման դեպքում, հակամարտության լուծման գործում կարող է կարևոր դերակատարություն ունենալ` համոզելով Ադրբեջանին հրաժարվել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ անհիմն հավակնություններից»,- ասում է Հովսեփյանը:

Նաիրա Հայրումյան 

«ԱրմենիաՆաուի» Ղարաբաղի թղթակից
Published: 17 Ապրիլ, 2009

No comments:

Post a Comment