Saturday, April 25, 2009

Մասիս Մայիլյան. «Հայաստանն ու ԼՂՀ-ն պետք է պայմանավորվեն»

Ռուսաստանը կրկին ակտիվացնում է իր ջանքերը ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում:

Մասնավորապես` ապրիլի 16-ին Մոսկվայում Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Դմիտրի Մեդվեդեւի ու Իլհամ Ալիեւի հանդիպման ժամանակ նրանց միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել հունիսին Սանկտ Պետերբուրգում տնտեսական կոնֆերանսի ժամանակ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ ԼՂ հակամարտության կարգավորմանը նվիրված գագաթնաժողով անցկացնելու վերաբերյալ: Այս հարցում պայմանավորվածություն ձեռք բերելու համար ապրիլի 23-ին Մոսկվա է մեկնում նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Այս առնչությամբ, «Ժամանակ»-ը ԼՂ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանրային խորհրդի ղեկավար, ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանի հետ զրույցում փորձեց պարզել, թե ինչպես են այդ հանդիպմանը վերաբերվում Ղարաբաղում, հատկապես, որ այդ գագաթնաժողովին մասնակցում են Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները, իսկ ԼՂՀ ներկայացուցիչները հերթական անգամ անտեսվել են: Հարցին, թե որքանո՞վ է հնարավոր, որ Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԼՂ խնդրին նվիրված գագաթնաժողովին մասնակցի նաեւ Ղարաբաղը, ի՞նչ պետք է անել նման մասնակցության հասնելու համար (առնվազն ՀՀ պատվիրակության կազմում) եւ ո՞րն է այս հարցում ԼՂՀ դիրքորոշումը, Մ.Մայիլյանը պատասխանեց. «Տեսականորեն նման հնարավորություն գոյություն ունի: Մոսկվայի մեծ ցանկության եւ Բաքվի քաղաքական կամքի առկայության դեպքում ԼՂՀ նախագահը կարող է հրավիրվել Սանկտ Պետերբուրգում տեղի ունենալիք գագաթնաժողովին մասնակցելու: Այդ դեպքում կվերականգնվեր լիարժեք բանակցային ձեւաչափը եւ հնարավոր կլիներ ակնկալել որոշակի առաջընթաց խնդրի կարգավորման հարցում»: Նրա խոսքով` Հայաստանի պատվիրակության կազմում ԼՂՀ ներկայացուցիչների մասնակցությունը քաղաքական առումով նպատակահարմար չէ:

«Եթե մի կողմ թողնենք Սանկտ Պետերբուրգում կայանալիք գագաթնաժողովի կոնկրետ դեպքը եւ խոսենք ԼՂՀ-ի` որպես հակամարտության երրորդ լիիրավ կողմի կարգավիճակի վերականգնմանն ուղղված քայլերի մասին, ապա ես բազմիցս հրապարակայնորեն խոսել եմ նման հնարավորության մասին: Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանի ու ԼՂՀ-ի իշխանությունները բաշխեն իրենց դերերն ու լիազորությունները բանակցային գործընթացում: Այն առանցքային հարցերը, որոնք պետք է վերաբերեն ԼՂՀ իշխանությունների իրավասությունների ոլորտին, Հայաստանի իշխանությունները չպետք է քննարկեն ոչ միջնորդների, ոչ էլ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ: Այդ դեպքում Ղարաբաղը կվերականգնի հակամարտության կողմ լինելու իր կարգավիճակը, որն, ի դեպ, ճանաչված է ՄԱԿ-ի ու ԵԱՀԿ-ի կողմից ընդունված որոշումներում եւ այլ փաստաթղթերում», - նշեց Մ.Մայիլյանն ու հավելեց, որ օգտագործելով երկու հայկական պետությունների ռեսուրսները` հնարավոր է վերականգնել ձեւախեղված բանակցային ձեւաչափը: Այսինքն` Հայաստանը պետք է գագաթնաժողովին իր գնալը պայմանավորի ԼՂ ներկայացուցիչների մասնակցությա՞մբ` հարցին էլ արձագանքեց. «Հայաստանը չի կարող հայտարարել, որ եթե Ղարաբաղը չի մասնակցում գագաթնաժողովին, ուրեմն ես էլ չեմ մասնակցում: Հարցն այն է, որ երկու հայկական պետությունները պետք է լիազորությունների բաշխում կատարեն, պայմանավորվեն, թե որ երկիրը ինչ հարցերի համար է պատասխանատու, որից հետո մեկը մյուսի խնդիրների վերաբերյալ հանդես չի գա»:

Ինչ վերաբերում է տեսակետին, թե ԼՂՀ իշխանությունները, ինչ-որ պահից սկսած, պետք է հայտարարեն, որ չեն լիազորում Հայաստանին հանդես գալ իր անունից, փորձագետն ասաց, որ դա պետք է անել պայմանավորվելով, կառուցողական մթնոլորտում, ոչ թե հակադրվելով, բայց հիմա նման բան չկա: «Եթե նման պայմանավորվածություն լիներ, Ղարաբաղին ստիպված կլինեին հրավիրել բանակցությունների սեղանի շուրջ, որովհետեւ կան հարցեր, որոնք հետաքրքրում են հակառակորդ կողմին, եւ Հայաստանը պետք է հայտարարի, որ այս-այս հարցերը ես չեմ կարող քննարկել, քանի որ դրա լիազորությունը չունեմ: Եթե որեւէ մեկը շահագրգռված է այդ հարցերի լուծմամբ, պետք է բանակցի այդ հարցի պատասխանատու Ղարաբաղի հետ: Իսկ հիմա Հայաստանն ամեն ինչ վերցրել է իր վրա եւ տանում է», - ընդգծեց նա` հավելելով, որ օրինակ, իր անձնական կարծիքով, տարածքային հարցերը, ԼՂՀ-ի ու Ադրբեջանի ապագա սահմանների, ինչպես նաեւ կարգավիճակի հարցերը պետք է լինեն Ղարաբաղի ենթակայության ներքո, թեեւ Հայաստանը նույնպես կարող է կարգավիճակի որոշման հարցում դերակատարում ունենալ, քանի որ ԼՂՀ-ի անվտանգության երաշխավորն է:

Իսկ որքանո՞վ է հիմնավոր ԱՄՆ վարչակազմի դիրքորոշումը, ըստ որի, եթե հայ-թուրքական սահմանը բացվի, դա կօգնի ԼՂ խնդրի լուծմանը: Որքանո՞վ է ճիշտ կապել հայ-թուրքական հարաբերությունները ԼՂ խնդրի լուծման հետ եւ կիսո՞ւմ եք տեսակետը, ըստ որի` այդ երկու հարցերն իրար կապելը պայմանավորված է ՀՀ իշխանությունների սխալ քաղաքականությամբ: Այս հարցերին ի պատասխան` Մ.Մայիլյանն ասաց. «Իրական քաղաքականության տեսանկյունից, քանի որ Հայաստանի իշխանությունները հայտարարել են, որ ցանկանում են բարելավել իրենց հարաբերությունները Թուրքիայի հետ առանց նախապայմանների, ապա հիմա հենց թուրքական կողմը պետք է քաղաքական կամք ցուցաբերի եւ գնա երկարատեւ բարիդրացիական հարաբերությունների հաստատման` իր քայլերը չկապելով ԼՂՀ-ի ու Ադրբեջանի միջեւ առկա հակամարտության հետ»: Նրա խոսքով` եթե Թուրքիան իսկապես հավակնում է տարածաշրջանային առաջնորդության, ապա նա չի կարող հետագայում եւս մնալ ադրբեջանական անհիմն ամբիցիաների պատանդը: «Անկարայի իրատեսական մոտեցումը կարող է արտահայտվել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմամբ եւ հայ-թուրքական ցամաքային սահմանը ապաշրջափակելով: Թուրքիայի այդպիսի քայլերը կբերեին ադրբեջանական դիրքորոշման մեղմացման եւ դրանով, կառուցողական դեր կխաղային ԼՂ խնդրի կարգավորման գործում», - ասաց փորձագետը: Ինչ վերաբերում է հարցին, թե Հայաստանի ներքաղաքական զարգացումներն ինչպե՞ս են ընկալվում Ղարաբաղում, մասնավորապես` Երեւանի ավագանու ընտրություններում ընդդիմության հնարավոր հաղթանակի մեջ Ղարաբաղի իշխանությունն ու հասարակությունը վտանգ տեսնո՞ւմ են, թե՞ ոչ` ԼՂՀ ԱԳ նախարարի նախկին տեղակալն արձագանքեց. «Ղարաբաղում ուշադիր հետեւում են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին եւ շահագրգռված են թե Հայաստանի կայունությամբ, թե ժողովրդավարական ընտրությունների անցկացմամբ: Բոլոր մակարդակների իշխանության ձեւավորումը Հայաստանի քաղաքացիների իրավունքն է, եւ նրանց կարծիքը հարգանքով կընդունվի Արցախում եւ Սփյուռքում»:

Արթուր Խեմչյան

Ժամանակ Երեւան

2009-04-21

No comments:

Post a Comment