Saturday, April 25, 2009

ՄԻԱՑՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման կարգախոսի ներքո Արցախյան ազատամարտի մեծագույն ձեռքբերումը` ազատագրված հայրենի տարածքները հանձնելու պատրաստակամություն ցուցաբերելուց հետո, ՀՀ իշխանությունները այժմ էլ շարունակում են իրենց պարտվողական ու դավաճան քաղաքականությունը, այս անգամ Թուրքիայի հետ \'հարաբերությունների բնականոնացման\' քողի ներքո պատրաստվելով պաշտոնապես ճանաչել 1921թ. տխրահռչակ Կարսի պայմանագրով գծված Հայաստան-Թուրքիա ներկա սահմանները:

Այս մասին վերջին կասկածները փարատելու եկան վերջերս հրատարակված Միջազգային Ճգնաժամային Խմբի (ICG) զեկույցն ու թուրքական մամուլը, և այնտեղ անանուն \'բարձրաստիճան հայ պաշտոնատարների\' կատարած խոստովանությունները:

Ճգնաժամային խմբի զեկույցն ու դրանում Հայաստանին արված պարտվողական ու նվաստացնող \'հանձնարարականները\' ցույց են տալիս, թե ինչ հունով են ընթանում Հայաստան-Թուրքիա \'բանակցությունները\' ու ինչ բովանդակություն է ունենալու պատրաստվող համաձայնագիրը: Չպետք է մոռանալ, որ նույն այդ տխրահռչակ Ճգնաժամային խմբի Լեռնային Ղարաբաղի հարցով 2007թ. հրատարակած հանձնարարությունները, փոքր և ոչ էական խմբագրումներով, մի քանի ամիս անց վերածվեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների Մադրիդյան պաշտոնական առաջարկների:

Հակառակ անընդհատ կրկնվող իրենց կեղծ հավաստիացումներին, ՀՀ իշխանավորները պատրաստվում են Թուրքիայի հետ գնալ խայտառակ համաձայնության, ուղղակիորեն ընդունելով վերջինիս նախապայմաններից երկուսը` Թուրքիայի ներկա սահմանների ճանաչումն ու ցեղասպանության շուրջ հանձնաժողովի ստեղծումը, և անուղղակիորեն` երրորդը, Արցախի հարցում կապիտուլյացիան:

Նման քայլերի դիմելով իշխանավորների նպատակն է` հաճոյանալ արտաքին ուժերին ու ավելացնել իրենց ու իրենց արբանյակների առևտրական շահերը:

Միացում ազգային նախաձեռնությունը գտնում է, որ`

- վերոնշյալ պայմանների ընդունումը դավաճանական քայլ է, և այն ընդունողները պատասխան են տալու ժողովրդի և պատմության առաջ,

- երկրում ստեղծված տնտեսական, սոցիալական, ժողովրդագրական և բարոյահոգեբանական ներկա խայտառակ պայմաններում, Թուրքիայի հետ սահմանների բացումը լի է ազգային անվտանգությանը սպառնացող բազմակողմանի վտանգներով, և հետևաբար, ինչքան ժամանակ այդ պայմանները էապես չեն բարելավվել, Հայաստանի ու հայ ժողովրդի շահերից չի բխում սահմանների բացումը,

- Ռուսաստան-Ադրբեջան նոր մերձեցումը և Արցախի շուրջ ձևավորվող լուրջ և վտանգավոր միտումները անմիջական հետևանքն են նաև ՀՀ իշխանավորների պարտվողական քաղաքականության:

Միացում ազգային նախաձեռնությունը ՀՀ իշխանավորներից պահանջում է`

- անմիջապես դադարեցնել հարաբերությունների հաստատման շուրջ Թուրքիայի հետ տարվող բանակցությունները,

- ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին իրազեկել բանակցությունների ընթացքում կատարված զիջումների մասին,

- չհամարձակվել Արցախյան ազատամարտի ձեռքբերումներից դույզն զիջումն իսկ կատարել:

Միացում ազգային նախաձեռնությունը իր զարմանքն է հայտնում վերոնշյալ հարցերի նկատմամբ քաղաքական և հասարակական ուժերի ցուցաբերած լռության կապակցությամբ, և նրանց կոչ է անում այդ  տվյալների լույսի ներքո հստակ դիրքորոշում արտահայտել ՀՀ իշխանություններ-Թուրքիա բանակցությունների և նախապատրաստվող համաձայնության, ինչպես նաև Արցախյան հարցում զիջումների կապակցությամբ:

 Նախաձեռնությունը նաև կոչ է անում բովանդակ հայ ժողովրդին, Հայաստանում թե արտերկրում, իր բողոքն ու մերժումը բարձրաձայնել ազգի և պատմության առջև իշխանությունների անպատասխանատու ու դավաճանական վերոնշյալ կեցվածքների համար:

Միացում ազգային նախաձեռնությունը նաև կոչ է անում Հայաստանի բնակչությանը` կազմակերպվել և պայքարել` գոյացնելու համար ազգային պատասխանատվության գիտակցությունը կրող իշխանություն, որի ներքին քաղաքականության հիմքում կլինի արդարության սկզբունքը, ինչի արդյունքում երկիրն ու ժողովուրդը հոգեպես, բարոյապես և նյութապես ուժեղ լինելով, կկարողանան դիմակայել դրսից թե ներսից սպառնացող որևէ վտանգի:

ՄԻԱՑՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

Երևան, 23 ապրիլի 2009 թ.

Լրագիր

No comments:

Post a Comment