Հայաստանի բոլոր վերջին քայլերը և ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների ինտենսիվացումը վկայում են այն մասին, որ այս երկիրն աստիճանաբար սկսում է դուրս գալ Ռուսաստանի վերահսկողությունից: Այս մասին հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն: Նրա խոսքերով` Հայաստանը հասկացել է, որ այն, ինչ ակնկալում էր Ռուսաստանից, չի ստանա, «իսկ ահա Արևմուտքը պատրաստ է Հայաստանին ֆինանսավորել»:
«Ես չեմ բացառում, որ շուտով Հայաստանը կսկսի պահանջել, որպեսզի ռուսական բազաները դուրս բերվեն իր տարածքից: Այս ամենը, իհարկե, արվում է՝ հայկական լոբիի ազդեցիկ ուժերի ծրագրին համաձայն: Այդ իսկ պատճառով Ռուսաստանը, որպեսզի ինչ-որ կերպ Հայաստանին պահի իր վերահսկողության ներքո, կխոստանա ոչինչ չփոխել ղարաբաղյան հարցում»,- հայտարարել է Գուլուզադեն:
Հայաստանի «արևմտամետ դիրքորոշումը», ադրբեջանցի քաղաքագետի կարծիքով, Մոսկվայի համար իսկական աղետ կդառնա և կնշանակի, որ Ռուսաստանը վերջնականապես կորցում է Հարավային Կովկասը: «Այդ իսկ պատճառով ղարաբաղյան հակամարտությունը չի կարգավորվի. դա Մոսկվայի շահերից չի բխում, քանի որ Ռուսաստանը քաջ գիտակցում է, որ միայն այս հակամարտությունը պահպանելով կարող է ճնշում գործադրել Երևանի և Բաքվի վրա»,- ենթադրում է Վաֆա Գուլուզադեն:
No comments:
Post a Comment