Saturday, April 25, 2009

«ԵՐԳՈՂ ՇԱՏՐՎԱՆՆԵՐԸ» ԽԱՆԳԱՐԵՑԻՆ ԱԿՑԻԱՅԻՆ

«Ամո՛թ փախչող նախարարին», «Արցախ-Հայաստան միացում», «Հող հանձնողը՝ դավաճան» վանկարկումներով երեկ արտաքին գործերի նախարարության մոտ էին հավաքվել «Միացում» ազգային նախաձեռնության անդամները, որոնց ձայները եւ ուղղակի, եւ ոչ ուղղակի իմաստներով հասանելի չէին հայոց բարձրաստիճան այրերին: Բանն այն է, որ ակցիայի մեկնարկին զուգահեռ, սկսեցին փորձարկվել Հանրապետության հրապարակի երգող շատրվանները, եւ երաժշտության ձայնը պարզապես խլացնում էր ակցիայի սակավաթիվ մասնակիցների ձայները: Արդեն չորս ամիս է, ինչ «Միացում» ազգային նախաձեռնության անդամները դիմել են ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարին՝ հանդիպման խնդրանքով, որի նպատակը պետք է լինի ոլորտի ուղղակի պատասխանատուին ներկայացնել ԼՂՀ հարցի վերաբերյալ իրենց մոտեցումները, ներկայացնել մտավախությունները եւ երաշխիքներ ստանալ, որ նման մտահոգություններն անհիմն են: Հանդիպումը շարունակ մերժվում է՝ պատճառաբանությամբ, թե վերջինս զբաղված է: Նախաձեռնության անդամներին առաջարկվում է հանդիպում երկրորդական կամ երրորդական պաշտոնյաների հետ, բայց վերջիններիս դա չի բավարարում: Մեկ անգամ նույնիսկ գրավոր պատասխան է ուղարկվել, բայց դա էլ ավելի է ավելացրել մտահոգությունները: Նախաձեռնության համակարգող մարմնի անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ նախարարից իրենք այժմ միայն ընդունելություն չէ, որ խնդրում են՝ «Արցախի խնդրի հետ կապված զարգացումները ընթանում են ի վնաս հայերի, եւ դրա դեմը պետք է առնենք: Այսօր հայերը բանակցության սեղանին են նստում՝ այլեւս զիջելու ոչ մի բան չունենալով, որովհետեւ արդեն զիջման պատրաստակամություն հայտնել են: Եթե զիջման ոչ մի բան չկա, բանակցությունն էլ անհեթեթ է, եւ դրա վնասները մենք ապագայում ենք ստանալու»: Թուրքիայի հետ հարաբերությունների մեջ մտնել եւ դրանից շահ ակնկալելը, ըստ Սեֆիլյանի, կլինի միամտություն, եւ ճանապարհները բացելուց միայն հակառակորդն է օգտվելու. «Մենք միշտ պետք է հիշենք, որ Թուրքիան սովորական հարեւան չէ, թշնամի հարեւան է»,- ասում է նա:

Զարմանալիորեն այսօր բավականին սակավ էր ակցիան հսկող ոստիկանների թիվը, ավելին, ամեն անգամվա պես նրանք այսօր չփորձեցին ցրել հավաքվածներին: Իսկ ԱԳՆ պաշտոնյաներից որեւէ մեկն այդպես էլ դուրս չեկավ ակցիայի մասնակիցներին ընդառաջ:

 Ն. Գ.

Առավոտ

2009-04-23

No comments:

Post a Comment