Saturday, April 25, 2009

ԱՐՑԱԽԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈւԺԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆԸ

Ապրիլի 21-ին Արցախի քաղաքական կուսակցությունները՝ "Ազատ հայրենիքը", Արցախի ժողովրդավարական կուսակցությունը, ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեն, "Շարժում 88"-ը, ԼՂՀ կոմունիստական կուսակցությունը եւ "Արցախի Արմենական" կուսակցությունը Ստեփանակերտում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հրապարակել են իրենց համատեղ հայտարարությունը, որտեղ ասվում է. "Քաղաքական վերջին զարգացումները, որ դրսեւորվում են տարածաշրջանի երկրների փոխհարաբերությունների ճշտման գործընթացներով, շոշափում են նաեւ հայ ժողովրդի կենսական նշանակության հարցեր, ինչը մտահոգության տեղիք է տալիս։

Մեզ համար անընդունելի է Հայոց ցեղասպանության իրողությունը կասկածի կամ քննարկումների առարկա դարձնելու որեւէ փորձ, ուստի՝ մենք միջազգային հանրությանը կոչ ենք անում ոչ թե մոռացության կամ հաշտվողականության հորդորներ հղել հայ ժողովրդին, այլ հետամուտ լինել, որպեսզի Թուրքիան ճանաչի Օսմանյան կայսրության կողմից հայ ժողովրդի եւ մարդկության դեմ գործած ոճրի փաստը՝ նյութական եւ բարոյական փոխհատուցման հանձնառությամբ հանդերձ։ Որպես ոչ վաղ անցյալում Ցեղասպանության իրական սպառնալիքը դիմագրաված եւ պարտադրված պատերազմում անկախության եւ ինքնիշխանության անկապտելի իրավունքը պաշտպանած ժողովրդի քաղաքական կամքի կրողներ, մենք դիմում ենք տարածաշրջանի երկրներին եւ միջազգային հանրությանը՝ երբեք հարցականի տակ չառնել Արցախի ժողովրդի ինքնիշխանությունը եւ անկախ պետության իրողությունը։

Համոզված ենք, որ հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի ծիրում Հայոց ցեղասպանության եւ Արցախի անկախության միջազգային ճանաչումը, որը լիովին համահունչ է արդարության եւ օրինականության մասին ժամանակակից աշխարհի չափորոշիչներին, կնպաստի բոլոր իրավազրկված ժողովուրդների իրավունքների վերականգնմանը եւ արդարության հաստատմանը"։

Հայտարարությունը հրապարակելուց հետո քաղաքական ուժերի ներկայացուցիչները պատասխանել են լրագրողների հարցերին: ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանի կարծիքով՝ տարածաշրջանում ստեղծվել է սկզբունքորեն նոր աշխարհաքաղաքական իրավիճակ: "Մի կողմից՝ դա պայմանավորված է անցյալ տարվա օգոստոսին Վրաստանում տեղի ունեցած իրադարձություններով, մյուս կողմից՝ այդ իրադարձություններից Թուրքիայի եւ Ռուսաստանի հարաբերություններում նկատվող ավելի խորը փոխըմբռնմամբ: Ռուս-թուրքական հարաբերություններում ակնհայտ ջերմացում է երեւում, ինչը տրանսֆորմացվում է նաեւ Ադրբեջան-Ռուսաստան հարաբերություններում, որը միշտ էլ պոտենցիալ վտանգ է ներկայացրել։ Նկատի ունեմ ղարաբաղյան խնդրի արդարացի կարգավորման հեռանկարը",- ասաց Վ. Աթանեսյանը։

ԱԺ հանձնաժողովի նախագահի կարծիքով՝ հայ-թուրքական բանակցությունների ներկա ձախողվածությունը շանս է ստեղծում, որպեսզի ԼՂՀ քաղաքական ուժերը մեկ անգամ եւս վերահաստատեն իրենց միասնականությունն արտաքին քաղաքական հարցերում, մեկ անգամ եւս հիշեցնեն միջազգային հանրությանը, միջնորդներին, որ Ղարաբաղի համար անընդունելի է խնդրի կարգավորումը՝ ըստ Հարավային Կովկասն ազդեցության գոտիների բաժանելու դոկտրինայի։

"Մենք չենք հանդուրժելու խնդրի կարգավորման այնպիսի տարբերակ, որը չի ենթադրում մեր ժողովրդի ինքնիշխանությունը՝ նրա համար ընդունելի սահմաններում: Ե՛ւ Թուրքիան, ե՛ւ Ադրբեջանը գայթակղություն ունեն, որ եթե Ռուսաստանը որոշի, թե Հայաստանը հրաժարվում է Ղարաբաղից, ապա Հայաստանը չի կարող ընդդիմանալ: Այսօր հայկական դիվանագիտության խնդիրն այդ գայթակղությունը չեզոքացնելն է,- ասաց Վ. Աթանեսյանը։- Ես չեմ կարծում, թե Թուրքիան կարողանալու է իրացնել իր դիվանագիտական հետաքրքրությունը, որովհետեւ եթե այս պահին այսրոպեական շահը նրան մերձեցնում է Ռուսաստանին, ապա արմատական հետաքրքրություններ ունեցող Եւրամիությունը եւ ԱՄՆ-ն, որոնք Թուրքիայի վրա ավելի մեծ ազդեցության լծակներ ունեն, թույլ չեն տալու, որպեսզի Թուրքիան փորձի ավելի խորամուխ լինել: Բայց, որպեսզի նրանք թույլ չտան, մենք պետք է անընդհատ հիշեցնենք, որ Թուրքիան չի կարող չեզոք միջնորդ լինել, քանի որ նախ՝ նա Ցեղասպանություն է իրականացրել եւ, ամենաէականը՝ նա է հիմնադրել Ադրբեջան պետությունը":

Գագիկ Աղբալյան

Հրապարակ

2009-04-22

No comments:

Post a Comment