Tuesday, February 17, 2009

ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՉՎԱԽԵՆԱԼՈՒ ՃԻՇՏ ԺԱՄԱՆԱԿՆ Է

Դարձյալ անհարմար բան ստացվեց։ Թուրքական թերթերից մեկն, ինչպես հայտնի է, որոշ մանրամասներ էր ներկայացրել ղարաբաղյան խնդրում Թուրքիայի միջնորդությամբ իբր ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ, որից հետո ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ Թուրքիայի արտգործնախարարությունները հերքեցին դա։ Իսկ «անհարմար բան» ստացվեց այն առումով, որ երեք երկրներից ոչ մեկը ղարաբաղյան հակամարտության կարգավորման կոնկրետ ծրագիրը չհերքեց։ Երեքն էլ, եթե կարելի է այսպես ասել, հերքեցին միայն «հարակից մանրամասները»։ Դա նույնն է, թե, օրինակ, ինչ-որ կարեւոր դավադրություն բացահայտվի, բոլոր մանրամասները հրապարակվեն, ու դավադրության մասնակիցները միաբերան պնդեն, թե այդ ամենը ստոր հերյուրանք է, որովհետեւ հանդիպումը տեղի է ունեցել ոչ թե չորեքշաբթի, այլ ուրբաթ։ 


Բայց խնդիրը նույնիսկ սա չէ։ Բանն այն է, որ ամեն անգամ, երբ կարգավորման ծրագրի արդեն իսկ համաձայնեցված կետերը հայտնվում են մամուլում, եւ պարզվում է, որ խոսքը միշտ գրեթե նույն ծրագրի մասին է (հինգ շրջանները վերադարձվում են Ադրբեջանին, փախստականները վերադառնում են, Ղարաբաղի կարգավիճակը որոշվում է հանրաքվեով, հետո Քելբաջարն էլ է վերադարձվում, ճանապարհները բացվում են եւ այլն), դրանից անմիջապես հետո Հայաստանի իշխանությունները հայտարարում են, թե Ղարաբաղը ոչ մի դեպքում Ադրբեջանի կազմում չի լինի։ Սերժ Սարգսյանն այս անգամ էլ այդպես վարվեց. երեկ ԲՀԿ համագումարում հայտարարեց, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում չի լինելու, եւ ԼՂՀ անկախությունը կայացած փաստ է։ Եվ պատկերացրեք` որպես կանոն, շատերին թվում է, թե դրանով նա հերքում է մամուլում իբր պատահաբար հայտնված մանրամասները։ Իրականում ոչ մի հակասություն չկա։ Միջնորդները հենց դա էլ ասում են. հայկական զորքերը դուրս կբերվեն գրավյալ տարածքներից, խաղաղապահները կտեղաբաշխվեն, հետո Ղարաբաղի կարգավիճակը կորոշվի։ Եվ եթե Սերժ Սարգսյանը դրանից հետո միայն հայտարարում է, թե Ղարաբաղն Ադրբեջանի կազմում չի լինի, նշանակում է` նա համաձայն է զորքերը դուրս բերել հինգ շրջաններից։ 
Հենց այստեղ էլ սկսվում են իրական հակասությունները, բայց` ոչ թե Հայաստանի եւ միջազգային հանրության կամ Ադրբեջանի, այլ Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ։ Չէ՞ որ Ղարաբաղը պաշտոնապես հայտարարում է` ազատագրված տարածքներն, ըստ Սահմանադրության, ԼՂՀ անբաժանելի մասն են։ Այսինքն, պարզվում է, որ Սերժ Սարգսյանի դավանածՂարաբաղի անկախություն եւ հուսալի ցամաքային կապ Հայաստանի հետտարբերակն ամենեւին չի բավարարում Ղարաբաղին։ Ադրբեջանին, ի դեպ, նույնպես չի բավարարում (բայց` այլ պատճառներովԱյլ կերպ ասած, այս ամբողջ գործընթացը մեծ բլեֆ է եւ լրջագույն վտանգներ է պարունակում, որովհետեւ եթե Սերժ Սարգսյանը ստորագրի կարգավորման փաստաթուղթը, իսկ Ղարաբաղը չհամաձայնվի, դա շատ արագ կհանգեցնի պատերազմի, իսկ եթե Հայաստանն ի վերջո ինքն էլ չստորագրի փաստաթուղթը, դա կհանգեցնի մեր նկատմամբ միջազգային պատժամիջոցների։ Որպես մարտավարություն գուցեեւ ճիշտ է Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ նման հակասություններն ընդգծելը, բայց դա միայն կարճատեւ էֆեկտ կունենա։ Այն իմաստով, որ ստիպված կլինեն Ղարաբաղին նույնպես ճանաչել որպես բանակցային կողմ։ Լավ, ենթադրենք` Ղարաբաղը նույնպես մասնակցում է բանակցություններին, բայց մերժում է առաջին փուլում հինգ շրջանների վերադարձը։ Բա հետո՞։ Ո՞րն է հաջորդ քայլը։ Այլ տարբերակ չկա, հաջորդ քայլը պատերազմն է։ 
Ի դեպ, մի հետաքրքիր նրբերանգ։ Այսօր ամենամոդայիկ եւ առավել հաճախ հնչող նախադասությունը հետեւյալն է. «Հարավային Օսեթիայի հետ կապված վերջին դեպքերը ցույց տվեցին, որ ցանկացած հակամարտություն հնարավոր է եւ պետք է կարգավորել բացառապես խաղաղ բանակցությունների միջոցո»: Գեղեցիկ է հնչում, բայց բացարձակապես կապ չունի իրականության հետ։ Ճիշտ հակառակը` վրաց-օսեթական պատերազմը ցույց տվեց, որ կոնկրետ այդ հակամարտությունը հնարավոր էր կարգավորել միայն պատերազմի միջոցով։ Այդպես էլ եղավ։ 16 տարի շարունակվող բանակցությունները ոչինչ չտվեցին, իսկ վեցօրյա պատերազմի արդյունքում խնդիրը կարգավորվեց: Իհարկե` առայժմ ոչ վերջնականապես, բայց դա ընդամենը ժամանակի խնդիր է։ 
Այնպես որ, Սերժ Սարգսյանը ճիշտ ժամանակին է հիշել, որ «մենք պատերազմից չենք վախենում»։ Վախենալ, իհարկե, պետք չէ, բայց Սերժ Սարգսյանի նման «գերագույն գլխավոր հրամանատար» ունենալու դեպքում զգուշանալ հաստատ պետք է։

ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ

Չորրորդ Իշխանություն

2009-02-13

No comments:

Post a Comment