Tuesday, February 17, 2009

Աբդուլա Գյուլը ժամանել է Մոսկվա

Ռուսաստանը առանցքային դեր ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում: Այդ մասին «Վեստի» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը, որը երեկ սկսել էր պետական այցը Ռուսաստան, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Թուրքիան, ըստ Գյուլի, «մեծ նշանակություն է տալիս Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ կայացած եռակողմ հանդիպմանը, որի ավարտին ընդունվեց հռչակագիր՝ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին»: «Մենք կարծում ենք, որ Ռուսաստանը այդ հարցում առանցքային դեր ունի, քանի որ նա նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է,- ընդգծել է Թուրքիայի նախագահը՝ հավելելով:- Կովկասում հակամարտությունների կարգավորման գործում ցանկացած դրական զարգացում անմիջապես դրական ազդեցություն է ունենում տարածաշրջանի բոլոր երկրների վրա, ինչպես եւ իրադարձությունների ցանկացած բացասական շրջադարձ բացասաբար է անդրադառնում տարածաշրջանային բոլոր խաղացողների վրա»: «Թուրքիան արդեն բավական վաղուց Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղիներ է փնտրում եւ օգտագործում է երկխոսության ցանկացած հնարավորություն»,- վստահեցրել է Աբդուլա Գյուլը եւ որպես օրինակ վկայակոչել Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղի կապակցությամբ իր Երեւան կատարած այցելությունը՝ «շատ լավ եւ օգտակար» գնահատելով այցի շրջանակներում իր հանդիպումը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Առավոտ

13.02.2009

No comments:

Post a Comment