Tuesday, February 17, 2009

Մոտենում են «հաղթական ավարտին»

«Կողմերը մոտեցել են համաձայնությանը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, թեեւ դա չի նշանակում, որ մենք հասել ենք հաղթական ավարտին»,- նման հայտարարություն է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: «Իհարկե, նախագահները պետք է ավելի լավ ճանաչեն միմյանց, աշխատեն միասին. միայն այդ դեպքում նրանք կարող են լիարժեք վստահել միմյանց: Սակայն ես կարող եմ վստահությամբ ասել, որ վերջին հանդիպման ընթացքում նախագահները չէին վախենում փոխզիջումների գնալ: Նրանք երկուսն էլ փորձում էին պարզել, թե հատկապես ի՞նչ է պետք մյուս կողմին՝ համաձայնության հասնելու համար, նրանք երկուսն էլ փորձում էին հաղթահարել մնացած տարաձայնությունները: Ես զգում եմ դրական ու կառուցողական մթնոլորտը, ինչպես նաեւ՝ գործն ավարտին հասցնելու երկու նախագահների իրական ցանկությունը: Դա անվիճելի առաջընթաց է»,- ասել է Բրայզան «Ամերիկայի Ձայնին» տված հարցազրույցում: «Մենք մոտեցել ենք մի համաձայնագրի մշակմանը, որը կբխի Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումից, որն, ի դեպ, ճանաչում է ողջ ԵԱՀԿ Մինսկի խումբը: Համաձայնագիրը պետք է ներառի նաեւ ինքնորոշման եւ ուժ չգործադրելու հայեցակարգերը: Հուսով եմ, որ համաձայնագիրը ձեռք կբերվի եկող ամռան կեսերին: Չեմ կարող ասել, թե կոնկրետ ե՞րբ դա տեղի կունենա: Ամեն ինչ նախագահների ձեռքերում է, որոնք պետք է մեր օգնությամբ` որպես միջնորդների, փոխզիջումների ուղղությամբ ընդհանուր լեզու գտնեն առանցքային հարցերի շուրջ»,- ասել է Բրայզան: «ԱՄՆ նոր վարչակարգը դեռեւս փորձում է որոշակիացնել արտաքին քաղաքական հոսանքի ուղղությունը, որին պետք է հետեւեն մեր դիվանագետները Կովկասյան տարածաշրջանում: Բայց ես հստակ գիտեմ, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ խաղաղ համաձայնագիրը կմնա Օբամայի վարչակազմի առաջնահերթություններից մեկը: Այդ ոլորտում երկար տարիներ աշխատող մարդկանց առաջարկվել է մնալ իրենց պաշտոններում: Նոր վարչակարգը հիանալի գիտի, թե ինչ է նշանակում խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումը Լեռնային Ղարաբաղում եւ տարածաշրջանում»,- ասել է նա` նշելով, որ համանախագահների այցը տարածաշրջան, ամենայն հավանականությամբ, կկայանա մինչեւ փետրվարի վերջը: «Մեր նպատակը Ցյուրիխում նախագահների հանդիպման դրական արդյունքներից օգտվելն է: Մենք` համանախագահներս, պետք է ուշադրություն դարձնենք նրան, ինչի վերաբերյալ պայմանավորվել են նախագահները, մի քանի եղանակներ առաջարկենք վերջին տարաձայնությունների լուծման համար: Ներկայումս հենց այդ ուղղությամբ ենք աշխատում ես եւ իմ գործընկերները: Մենք ցանկանում ենք մեր գաղափարները փետրվարի վերջին ներկայացնել արտաքին գործերի նախարարներին ու նախագահներին, լսել նրանց մեկնաբանությունները եւ շարունակել առաջ ընթանալ»,- հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը:

168 Ժամ

2009-02-15

No comments:

Post a Comment