Tuesday, February 17, 2009

ԹՈՐՔԸ, ՓԱՍՏՈՐԵՆ, ՉԻ ՄՆՈՒՄ ԹՈՐՔ

Թուրքիայի ԱԳ նախարար Ալի Բաբաջանը, Շվեյցարիայում իր հայաստանցի պաշտոնակցի հետ հանդիպելուց հետո, Անկարա վերադառնալու փոխարեն մեկնում է Բաքու` Նալբանդյանի հետ իր ունեցած հանդիպման մասին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին պատմելու: Չեմ կարծում, թե Բաբաջանը ինչ-որ աշխարհացունց բան ուներ ադրբեջանցիներին պատմելու: Բաքու կատարած նրա այցի իմաստը բոլորովին այլ է, բոլորովին ցուցադրական. ի ցույց դնել, որ ահա, Թուրքիան հաջողությամբ խցկվել է Ղարաբաղի հարցով բանակցային գործընթացի մեջ եւ «կառուցողական դեր է ստանձնել»: Բաբաջանի գործելակերպը, ի դեպ, շատ է նման միջնորդի դերակատարում ստանձնած դիվանագետների գործելակերպին. հանդիպում հայկական կողմը ներկայացնող ԱԳ նախարարի հետ, հետո` քաղաքավարական հանդիպում Սերժ Սարգսյանի հետ, հետո` մեկնում ուղիղ Բաքու, հանդիպում Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ, հետո` հանդիպում ադրբեջանական արտգործնախարարության ընդարձակ ներկայացուցչական կազմի հետ: Բաբաջանը, ի դեպ, այսպես գործելու լեգիտիմ իրավունք ունի, որովհետեւ ոչ ոք չի էլ հերքում, որ Թուրքիան կարեւոր դերակատարում է ստանձնել Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Ավելին` նման միջնորդության գաղափարը հենց Սերժ Սարգսյանինն է, որն անձամբ է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին Երեւանում խնդրել միջնորդական առաքելություն իրականացնել հայ-ադրբեջանական հարաբերություններում: Գյուլը, թերեւս, այդ պահին չի հավատացել սեփական ականջներին ու երջանկությանը, թե չէ Երեւանից միանգամից Բաքու կթռչեր: Բայց քանի որ երջանկությունը շատ հանկարծահաս էր, Երեւանից նախ մեկնեց Անկարա, Բաբաջանին էլ թողեց Երեւանում, որպեսզի վերջինս Նալբանդյանից ճշտի, թե արդյո՞ք ինքը ճիշտ է հասկացել Սերժ Սարգսյան անունով այդ հոգնած եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականի խփած գոլերից երջանկության ակնհայտ նշաններ ցույց տվող մարդուն: Բաբաջանը խաբարը տարավ, թե ամեն ինչ շատ ճիշտ է հասկացված, եւ Գյուլը մեկնեց Բաքու: Հետո Գյուլի ու Բաբաջանի փաստացի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը սկսեց չվստահել իր երկու զինակիցներին եւ կասկածի տակ էր առնում, թե Գյուլն ու Բաբաջանը ճիշտ են հասկացել Սերժ Սարգսյան անունով այդ հոգնած մարդուն, որը ֆուտբոլային մազոխիզմի նշաններ էր ցուցադրում: Ախր` ինչպես կարող է խելքը չթռցրած հայաստանցի որեւէ ներկայացուցիչ նման առաջարկ անել Թուրքիայի որեւէ ներկայացուցչի: Գյուլն ու Բաբաջանն էլ նեղվեցին Էրդողանի վրա` չե՞ս հավատում` ինքդ հանդիպիր Սերժ Սարգսյան անունով այդ տխուր մարդուն եւ տես, որ մենք նրա բոլոր ասածները շատ լավ ենք հասկացել: Էրդողանը, ահա, Դավոսում հանդիպեց Սերժ Սարգսյան անունով այդ հյուծված մարդուն եւ տեսավ, որ Գյուլն ու Բաբաջանը ճիշտ են` կլիենտ նաշ: Ու հիմա Թուրքիան ակտիվ միջնորդական գործունեություն է ծավալում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ` դառնալով ԼՂ հարցով բանակցային գործընթացի փաստացի մասնակից: Այն աստիճան, որ Ղարաբաղի հարցով բանակցային գործընթացը կազմակերպող ԵԱՀԿ բարձրաստիճան ներկայացուցիչը հայտարարում է, որ Թուրքիան դրական դերակատարում կարող է ունենալ ԼՂ հարցի կարգավորման գործում: Այդ նույն ժամանակ Սերժ Սարգսյան անունով հոգնած մարդը ընդունում է Բակո Սահակյան անունով չկողմնորոշված մարդուն, իբր` տեսեք, ես էլ Ղարաբաղի նախագահին եմ տեղյակ պահում Ղարաբաղի հարցում տեղի ունեցող գործընթացների մասին: Հա, բայց պրոբլեմը այն է, որ Ղարաբաղի նախագահի կարծիքը ոչ ոք չի հարցնում` ոչ Ադրբեջանը, ոչ ԵԱՀԿ համանախագահողները, ոչ Թուրքիան: Ավելին, վերջինս ավելի ու ավելի բարձր է խոսում, որ ԼՂ հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության համատեքստում: Իսկ Հայաստանի պատվիրակները` ԱԳ նախարար համարվող Էձիկ Նալբանդյանը եւ Սերժ Սարգսյան անունով ֆուտբոլային դիվանագետը, այդպես էլ ոչ մի անգամ չբարձրաձայնեցին, որ Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ` որպես պրոցեսի լիարժեք մասնակից:

Հայկական Ժամանակ

2009-02-12

No comments:

Post a Comment