Tuesday, February 17, 2009

Մտահոգության ռազմավարություն. ի՞նչ հետևանք կարող է ունենալ Ադրբեջանի անդամակցումը ՀԱՊԿ-ին Հայաստանի համար

Քաղաքական գործընթացները Կովկասում զարգանում են Արարատյան դաշտավայրի եղանակային ճակատի սրընթացությամբ, հատկապես` անցյալ տարվա օգոստոսի ռուս-վրացական պատերազմից հետո: Այս համատեքստում Հայաստանի համար կարևորվում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ)` Ադրբեջանի հնարավոր անդամակցության մասին լուրերը: ՀԱՊԿ-ը հետխորհրդային յոթ հանրապետությունների` Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի և Հայաստանի ռազմաքաղաքական բլոկ է:

Աշխարհաքաղաքական նոր զարգացումների ֆոնի վրա Ադրբեջանը սկսել է ավելի ճկուն արտաքին քաղաքականություն վարել` որդեգրելով Մոսկվայի հետ բացահայտ մերձեցման կուրս: (Հնարավոր է, որ ադրբեջանական դիրքորոշումը դրսևորվեց նրանում, որ Բաքու ժամանած ԱՄՆ փոխնախագահ Դիք Չեյնիին օդակայանում չդիմավորեցին ոչ նախագահ Իլհամ Ալիևը, ոչ էլ վարչապետը:)

Փետրվարի 4-ին Մոսկվայում տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթնաժողովում որոշում ընդունվեց ստեղծել արագ արձագանքման կոլեկտիվ ուժեր (ԱԱԿՈՒ), որը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի խոսքով` «պետք է դառնա անվտանգության ապահովման արդյունավետ գործիք ՀԱՊԿ-ի ամբողջ տարածքում»: Իսկ այդ տարածքը բավական ընդարձակ է` ավելի քան 20 միլիոն քառակուսի կիլոմետր:

Որոշումն ընդունելուց անմիջապես հետո` փետրվարի 9-ին, Ադրբեջանի «Մուսավաթ» կուսակցությունն իր մտահոգությունը հայտնեց և հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ. «Ռուսաստանը կրկին փորձեր է անում իշխող դիրք գրավելու հետխորհրդային տարածքում: Նշված պայմանագրի ստորագրումն ապացուցում է, որ Ռուսաստանը բավարարված չէ տարածաշրջանային տերության կարգավիճակով և մտադիր է կրկին վերածվելու գերտերության: Ռուսաստանի գործողություններն անմիջական վտանգ են ներկայացնում Ադրբեջանի համար, քանի որ ստեղծվող զորամիավորումների մի մասը կարող է տեղակայվել Հայաստանում»:

Կուսակցության կարծիքով` ստեղծված իրավիճակից միակ ելքը «ԱՄՆ-ի հետ ռազմավարական հարաբերությունների ամրապնդումն է և, հատկապես, հարկ է ձեռնարկել ՆԱՏՕ-ին անդամակցությանն ուղղված քայլեր»:

ՆԱՏՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը հայտարարել է, որ «արագ արձագանքման կոլեկտիվ ուժերի ստեղծումն ուղղված չէ Ադրբեջանի շահերի դեմ, որը միշտ դիտվել է որպես մերձավոր գործընկեր, և մեր շահերը շատ սերտորեն փոխշաղկապված են: Ռուսաստանը երբեք չի գործի Ադրբեջանի շահերի դեմ»:

Ըստ Ռոգոզինի` ՀԱՊԿ-ը կազմակերպություն է, որը բաց դռների քաղաքականություն է վարում, և «Ադրբեջանը, եթե զգա որևէ, թեկուզ վիրտուալ վտանգ, կարող է համաձայնության գալ ՀԱՊԿ-ի` որպես կազմակերպության հետ, և կնքի իր անվտանգությունը երաշխավորող համաձայնագրեր,- ասել է նա` հավելելով. - ես կանեմ ամեն հնարավոր բան, որպեսզի Ադրբեջանը զգա Ռուսաստանի բացառապես հանգիստ, համաչափ շնչառությունն ու բարեկամական ձեռքը»:

Որոշ վերլուծաբաններ Ռոգոզինի այս հայտարարությունն ընկալեցին որպես ՀԱՊԿ վերադառնալու հրավեր Ադրբեջանին (Ադրբեջանը դուրս է եկել ՀԱՊԿ-ից 1999-ին): Նման հեռանկարը հատկապես ցանկալի է Ռուսաստանի համար: Այդ դեպքում Հարավային Կովկասի տարածքի մոտ 70 տոկոսը (բացառությամբ` Վրաստանի) ինքնաբերաբար կդառնա ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտի, որը, սակայն, այլևս չի լինի 1992-1999 թթ. տկար կազմակերպությունը, այլ ավելի ուժեղ ու հավակնոտ կազմակերպություն:

Մի քանի օր առաջ Մոսկվայում հայտարարվեց, որ այս տարվանից ՀԱՊԿ-ի բյուջեն կաճի մեկ քառորդով, իսկ Ռուսաստանի նախագահը նույնիսկ նշեց, որ «ՀԱՊԿ-ի արագ արձագանքման կոլեկտիվ ուժերն իրենց հանդերձանքով ու սպառազինությամբ չպետք է զիջեն ՆԱՏՕ-ի զորքերին»: Ի տարբերություն ՆԱՏՕ-ի` ՀԱՊԿ-ի անդամ կարող է դառնալ փաստորեն ցանկացած երկիր` անկախ «ժողովրդավարական ինստիտուտների» զարգացման մակարդակից և, ինչը հատկապես կարևոր է, հակամարտության գոտիների առկայությունից:

Ադրբեջանի անդամակցության դեպքում ՀԱՊԿ-ը կստանա ուղղակի և անմիջական ելք դեպի Իրան և Հնդկական օվկիանոս: ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցության սցենարը հղի է լուրջ փոփոխություններով տարածաշրջանում` այն կարող է «անսահմանափակ ժամանակով» սառեցնել որոշ «հայկական նախագծեր», որոնք ռազմավարական նշանակություն ունեն: Օրինակ` Հայաստան-Իրան երկաթգծի շինարարությունը` փոխարենն ակտիվացնելով Ռուսաստան-Ադրբեջան-Իրան հին նախագիծը` Դերբենդ-Բաքու-Աստարա-Ռեշտ-Կազվին գծով:

Ներկայումս «նորացված ՀԱՊԿ»-ին Ադրբեջանի չանդամակցելու միակ իրական պատճառը ղարաբաղյան խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու ձգտումն է, ինչը հակասում է կազմակերպության կանոնադրությանը: Սակայն այս իրավիճակը չի կարող շարունակվել անվերջ և հնարավոր է, որ մոտ ապագայում պաշտոնական Բաքուն ցանկություն հայտնի անդամակցելու կազմակերպությանը, մանավանդ որ ՀԱՊԿ-ը ընդունելու է Ադրբեջանին իր խորհրդային սահմաններում:

Ադրբեջանի իշխանություններն առայժմ չեն ներկայացրել իրենց պաշտոնական դիրքորոշումն այս հարցում: Սակայն վերլուծաբանները կանխատեսում են, որ դա տեղի կունենա շատ շուտով: Շատերն այն կարծիքին են, որ եթե տեսանելի ապագայում տեղի ունենա չծրագրված հանդիպում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև, ապա այն պայմանավորված կլինի հենց այս հարցով:

ՀԱՊԿ-ը ստեղծվել է ԽՍՀՄ փլուզման շրջանում: Դա կործանվող պետության մեջ ռազմաքաղաքական տարածքը պահպանելու փորձ էր: Կազմակերպության ստեղծման նախաձեռնությունը պատկանում էր Մոսկվային:

1993 թ. կազմակերպության անդամ գրեթե միաժամանակ դարձան Վրաստանն ու Ադրբեջանը, որոնք այդ քայլով հույս ունեին ստանալու Ռուսաստանի աջակցությունը ազգամիջյան հակամարտություններում: Սակայն «ելցինյան Ռուսաստանում» Մոսկվան ի վիճակի չէր լուրջ քաղաքական հարցեր լուծելու, և ՀԱՊԿ-ը ավելի շատ հիշեցնում էր «սպառազինության առքուվաճառքի ներքին շուկա», քան ռազմաքաղաքական գործոն: Հենց այդ պատճառով էլ Վրաստանն ու Ադրբեջանը 1999-ին դուրս եկան կազմակերպությունից:

Երբ Մոսկվայում իշխանության եկավ Վլադիմիր Պուտինը, վիճակն սկսեց աստիճանաբար, բայց արմատապես փոխվել: Ռուսաստանը սկսեց ամրապնդել իր դիրքերը միջազգային ասպարեզում և հընթացս` ՀԱՊԿ-ի աշխարհաքաղաքական ազդեցությունը, հատկապես` Կենտրոնական Ասիայի երկրներում:

2006-ին Ուզբեկստանը վերադարձավ կազմակերպություն: Ներկայումս այդ տարածաշրջանում ընդհանուր վիճակը սկզբունքորեն ուրիշ է:

Հատկանշական է, որ մի քանի օր առաջ Մոսկվայում կայացած ՀԱՊԿ-ի գագաթնաժողովում հայտարարվեց Ղրղըզստանի իշխանությունների որոշումը` «Մանաս» օդակայանի մերձակայքում գտնվող ամերիկյան ռազմակայանը փակելու մասին:

Վերլուծությունը` Արիս Ղազինյանի

«ԱրմենիաՆաուի» թղթակից

2009-02-13

No comments:

Post a Comment