Tuesday, February 17, 2009

Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ-ների խոսնակների մեկնաբանությունները բավարար չեն

Կարծում է մեր զրուցակիցը` միջազգայնագետ Արմեն Խարազյանը ԼՂ խնդրի շուրջ կայացած համաձայնության վերաբերյալ թուրքական «Hurriyet»-ում վերջերս հրապարակված տեղեկությունների առնչությամբ:

-Պարոն Խարազյան, Դավոսում կայացավ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Սերժ Սարգսյանի հանդիպումը: Օրերս Ս.Սարգսյանը նաեւ Մյունխենում հանդիպեց Թուրքիայի ԱԳ նախարարին: Հայ-թուրքական հարաբերություններում շարունակվում են զարգացումները, սակայն, մյուս կողմից, թուրքական կողմը շեշտում է պաշտոնական Անկարայի անփոփոխ դիրքորոշումը` հայ-թուրքական հարաբերություններում առկա առանցքային խնդիրներից մեկը ղարաբաղյան հակամարտությունն է: Որքա՞ն եք գնահատում հայ-թուրքական հարաբերություններում առաջընթաց արձանագրելու հնարավորությունները այս երկու խնդիրները շաղկապելու պայմաններում:

- Երկու խնդիրները շաղկապելու դեպքում, բնականաբար, հայ-թուրքական հարաբերություններում առաջընթացի հավանականությունը պայմանավորված է լինելու ԼՂ խնդրի կարգավորմամբ: Նման սցենարի հավանականությունը պետք չէ թերագնահատել: Պարզապես, արդյունքի հասնելու համար հարկավոր են լինելու փոխզիջումներ, եւ որքան հեռու գնացող լինի այդ փոխզիջումների շրջանակը, այնքան բարձր կլինի ԼՂ հակամարտության կարգավորման, ու դրա հետ համաքայլ՝ հայ-թուրքական կարգավորման հավանականությունը: Դատելով պրն Սարգսյանի՝ Դավոսի ժողովից քիչ անց Մյունխենի անվտանգության հարցերով համաժողովում ունեցած ելույթից, Հայաստանի ղեկավարությունն անսքող շահագրգռություն է հանդես բերում տարածաշրջանային տարանցիկ էներգետիկ եւ տրանսպորտային ծրագրերում ներգրավվելու ուղղությամբ, եւ տպավորություն կա, որ պատրաստ է այդ թեմատիկան ներմուծել թե հայ-թուրքական եւ թե ԼՂ կարգավորման օրակարգ, ընդ որում՝ հրապարակայնորեն: Պրն Սարգսյանը Մյունխենի իր ելույթում հայաստանյան տարանցիկ ուղին ներկայացնում է իբրեւ «երկու կետերի միջեւ ամենակարճ հեռավորություն» եւ առավել արդյունավետ այլընտրանք ներկայիս ենթակառուցվածքային լուծումներին: Սա հայկական դիրքորոշման մեջ լուրջ փոփոխություն է: Պարզապես, դժվար է պատկերացնել՝ ինչպես է Հայաստանը պատկերացնում Թուրքիայի ու Ադրբեջանի հետ երեք ծանր խնդիրների՝ հայ-թուրքական օրակարգի, Ղարաբաղի ու տարանցիկ ենթակառուցվածքի շուրջ միաժամանակ բանակցելը, առանց համարժեք փոխզիջումների, ընդսմին չանտեսելով Ռուսաստանի հետ հարաբերությունների խնդիրը: Սա, իմ կարծիքով, ցանկալի, սակայն անիրական մոտեցում է:

- Դավոսում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ կապված քաղաքական մեծ սկանդալ տեղի ունեցավ. նա դատապարտեց Իսրայելի գործողությունները, ինչին հաջորդեց` թե Թուրքիայում, թե երկրից դուրս նրա ելույթի առիթով գովաբանություն: Թուրքիա-Իսրայել հարաբերություններում համագործակցության մակարդակի հնարավոր փոփոխության պարագայում, մասնավորապես հրեական լոբբիստական գործունեությունը ընդդեմ Հայոց ցեղասպանության ճանաչման կարո՞ղ է դադարել:

- Նախ` նշեմ, որ Էրդողանի ելույթը տարբեր արձագանքների տեղիք է տվել՝ եւ դրական, եւ բացասական, վերջինս հատկապես նկատելի է Միացյալ Նահանգներում եւ հրեական շրջանակներում: Երկրորդ` ԱՄՆ-ի ոչ բոլոր հրեական կազմակերպություններն են, որ աջակցել են Ցեղասպանության ճանաչման դեմ թուրքական քարոզչությանը: Հոլոքոսթի թանգարանն, օրինակ, հակառակը, իր կենտրոնական ցուցասրահներից մեկում տեղ է հատկացրել Հիտլերի այն հայտնի մեջբերմանը, ուր խոսվում է Հայոց ցեղասպանության մասին: Հրեական մի շարք այլ կազմակերպություններ, թեեւ ցեղասպանության վերաբերյալ ակտիվ հրապարակային դիրքորոշում չեն որդեգրել, սակայն չեն էլ օժանդակել թուրքական քարոզչությանը՝ չափավոր կեցվածք որդեգրելով: Եղել են, սակայն, նաեւ հայկական շահերին տրամագծորեն հակադրվող դիրքորոշումներ, ընդ որում` բավականին կարծր: Էրդողանի եւ Պերեսի միջեւ դավոսյան միջադեպը հրեական շրջանակներում բացասական արձագանք է գտել, սակայն որքա՞ն տեւական կլինի այն` դժվար է ասել: Մեզ համար, կարծում եմ, ավելի կարեւոր է պահով չտարվելը եւ խնդիրն ընկալելը իր ողջ բարդության մեջ: Վարչապետ Էրդողանն ու Թուրքիայի ներկայիս վարչակազմը Հայաստանի հետ նորմալացման ուղղությամբ ավելի չափավոր գիծ են վարել, քան Թուրքիայի՝ մինչ այս եղած որեւէ կառավարություն: Այդ քաղաքական ուժին հավանական այլընտրանքներն ավելի արմատական են լինելու, եւ հետեւաբար՝ Հայաստանի համար ավելի անբարենպաստ: Սա չի նշանակում, թե Սարգսյան-Էրդողան գործընթացն անշեղորեն տանում է դեպի կարգավորում, սակայն Թուրքիայի քաղաքական դաշտը, ցավոք սրտի, Հայաստանին ավելի լայն հնարավորություններ չի խոստանում: Ուստիեւ, Դավոսի միջադեպը, մեկ ուղղությամբ որոշ հնարավորություններ ստեղծելով հանդերձ, մեկ այլ ուղղությամբ սեղմում է դրանք, եւ ժամանակ է պետք՝ հասկանալու, թե ուր պետք է ուղղենք մեր սահմանափակ ռեսուրսները՝ իրավիճակից առավելագույնս օգտվելու համար:

- Վերջերս Դավոսում կայացավ նաեւ ղարաբաղյան հակամարտության հերթական ռաունդը: Ինչպե՞ս եք գնահատում Սարգսյան-Ալիեւ հանդիպումը, ինչպես նաեւ` ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլը:

- Դատելով վերջին նորություններից, Դավոսում, իսկ օրերս նաեւ Ցյուրիխում Հայաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի ղեկավարությունների միջեւ շփումները որոշ արդյունքների բերել են: Թուրքական աղբյուրները պնդում են, որ համաձայնություն է կայացել ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ, ընդ որում` հաղորդվում են նաեւ այդ համաձայնության հիմնական տարրերը՝ ԼՂ-ի շուրջ որոշ տարածքներից հայկական ուժերի ետքաշում եւ այդ տարածքներ ադրբեջանցի փախստականների վերադարձ, ԼՂ ժամանակավոր կարգավիճակ, խաղաղապահ ուժեր եւ փոխըմբռնում Քելբաջարի կապակցությամբ: Այս տեղեկություններն առայժմ միակողմանի բնույթ են կրում: Ակնկալվում էր, որ հայկական կողմն այդ կապակցությամբ հիմնավոր մեկնաբանություններ կանի՝ հերքելով կամ հաստատելով դրանք: Սակայն ԱԳՆ-ից պատշաճ արձագանք դեռ չի եղել: Նախարարության խոսնակը, ի պատասխան ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հարցի, անդրադարձել է թուրքական մամուլում տեղ գտած հրապարակմանը, սակայն համաձայնություն ձեռք բերելու հանգամանքը որեւէ կերպ չի հերքել, այլ պարզապես մեկնաբանություններ է առաջարկել տվյալ պարագայում երկրորդական բնույթ կրող հարցերի, օրինակ` Մինսկի գործընթացում Թուրքիայի դերի շուրջ: Բաքվում, Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը եւս խուսափել է համաձայնության վերաբերյալ իրեն ուղղված հարցին հստակ պատասխանել, սակայն փոքր-ինչ առաջ անցնելով իր հայ գործընկերոջից՝ անուղղակիորեն հաստատել է թուրքական աղբյուրների այն տեղեկությունը, թե Լաչինում խաղաղապահ ուժերի տեղակայման խնդիր է քննարկվում: Այս մեկնաբանությունները, կարծում եմ, բավարար չեն շրջանառվող տեղեկության հավաստիության մասին լուրջ կարծիք կազմելու համար, եւ անհրաժեշտ է, որ հասարակությանն այս կապակցությամբ տրամադրվի պատշաճ մակարդակով ու բովանդակությամբ տեղեկություն, որից հետո էլ հնարավոր կլինի գործընթացի ներկա փուլի վերաբերյալ կարծիք արտահայտել: Այսուհանդերձ, հետեւելով թե Դավոսում եւ թե Մյունխենում կողմերի ելույթներին ու շփումների լուսաբանմանը` բոլորովին այն տպավորությունը չի ստեղծվում, թե ուր որ է առաջընթաց է լինելու:

- Միացյալ Նահանգներում ԱՄՆ նորընտիր նախագահ Օբամայի վարչակազմի կողմից վարվող քաղաքականությունը Հարավային Կովկասի պետությունների նկատմամբ, ինչ եք կարծում, այնուամենայնիվ, ի՞նչ շեշտադրումներով է առանձնանալու: Մասնավորապես` Հայաստանի նկատմամբ ուշադրությունը ի՞նչ աստիճանի կլինի:

- Հարավային Կովկասի, մասնավորապես` Հայաստանի նկատմամբ Օբամայի քաղաքականությունը դեռ հստակորեն չի ձեւակերպվել: ԱՄՆ նոր նախագահի առաջնահերթություններից են լինելու Ռուսաստանի հետ հարաբերություններն ու Իրանի հետ դիվանագիտական երկխոսությունը: Երկկողմ նշանակությունից բացի, այդ հարաբերություններն ունեն գլոբալ անվտանգության ու կայունության, ինչպես նաեւ տարածաշրջանային արժեք: Ռուսաստանի պարագայում խոսքը եվրոպական մայրցամաքի ու Կենտրոնական Ասիայի մասին է, իսկ Իրանի պարագայում՝ Միջին Արեւելքում, Իրաքում ու Աֆղանստանում ԱՄՆ ռազմավարության նպատակների: Հայաստանի նկատմամբ ամերիկյան քաղաքականությունը կմշակվի նկատառումների ահա այս, ավելի լայն հունում եւ կբխի դրանից: Կովկասը, բնականաբար, կշարունակի էներգետիկ շահերի հետ կապված հետաքրքրություն ներկայացնել, սակայն գլոբալ տնտեսական անկման պայմաններում նոր խոշոր ներդրումներ, հավանաբար, չեն ձեռնարկվի: Օրինակ` հունվարի վերջերին արդեն եվրոպական ու եվրասիական որոշ շրջանակներում որոշակի զգուշավորություն էր նկատվում «Նաբուկո» խողովակաշարի կառուցման հեռանկարների մասին խոսելիս: Վրաստանի պարագայում, ԱՄՆ քաղաքականությունը հավանաբար ավելի ծանրակշիռ, հավասարակշռված բնույթ կստանա՝ ձերբազատվելով հռետորական շեշտադրումներից եւ անցնելով պրագմատիզմի: Վրաստանի եվրատլանտյան ինտեգրացման հեռանկարը թեեւ չի բացառվի, սակայն չի էլ պահպանի իր երբեմնի տեսանելիությունը: Հայաստանի հետ օրակարգը, թվում է, կառուցվածքային ու բովանդակային առումով մեծ փոփոխություններ չի կրի, եւ կշարունակի զարգանալ ավանդական մի քանի ուղղություններով՝ ԱՄՆ կառավարական օժանդակություն, ԼՂ հակամարտության կարգավորման գործում ԱՄՆ հանձնառու ներգրավում, օժանդակություն հայ-թուրքական նորմալացմանը եւ ուշադրություն Հայաստանում ժողովրդավարության զարգացման խնդիրներին: Կընդլայնվի Հայաստանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության ձեւավորման գործում ամերիկահայ կազմակերպված քարոզչության դերը:

- Անդրադառնանք Ռուսաստանի քաղաքականությանը Հարավային Կովկասում: Հարավային Օսիայում եւ Աբխազիայում ռազմական ներկայության ամրապնդումը չի՞ նվազեցնի Հայաստանի նկատմամբ ՌԴ հետաքրքրությունը: Առհասարակ, ինչպե՞ս եք գնահատում Ռուսաստանի քաղաքականությունն այսօր տարածաշրջանում:

- Օսիայում ու Աբխազիայում ռուսական ռազմական ներկայության հետ կապված խնդիրները, կարծում եմ, չեն բերում Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի հետաքրքրության նվազման: Հայաստանում Ռուսաստանը տարածաշրջանային ներկայության, ծավալման ու արձագանքման միանգամայն այլ որակի խնդիրներ է հետապնդում, ուստիեւ շարունակելու է պահպանել եւ ամրապնդել իր դիրքերը: Միաժամանակ, շարունակվելու է նաեւ ռուս-թուրքական հարաբերություններում դեռեւս անցյալ տարի նկատված մերձեցման ու ծավալման միտումը, որը կարող է ամենատարբեր հետեւանքներ ունենալ թե տարածաշրջանում ու դրա շուրջ զարգացող գործընթացների եւ թե Հայաստանի ազգային շահերն անմիջականորեն շոշափող խնդիրների վրա՝ ԼՂ հակամարտության կարգավորումից մինչեւ Հայաստանի անկախության ու ինքնիշխանության հիմնահարցեր:

- Հայ Ազգային Կոնգրեսի գործունեությունը այս փուլում ինչպե՞ս եք գնահատում: ՀԱԿ-ը ծրագրում է համապետական հանրահավաք անցկացնել մարտի 1-ին, մյուս կողմից` ամրացնում է ՀԱԿ-ի կառույցները, ստվերային կառավարություն է ձեւավորում: Ի՞նչ առաջնահերթություններ պետք է ունենա, ձեր կարծիքով, ընդդիմությունը:

- Հայ Ազգային Կոնգրեսը կառուցվածքային ու կազմակերպական զարգացման կարեւոր փուլ է անցնում երկրի համար ամենաբարդ պայմաններում՝ թե արտաքին եւ թե ներքին իրավիճակի առումով: Հասարակական կառավարման ճգնաժամը, որը Հայաստանի այսօրվա իշխանություններին ուղեկցել է անցյալ տարվա նախագահական ընտրություններից ի վեր, հանգեցրել է արտաքին ճնշումների նկատմամբ իմունապակասի: Ղարաբաղյան հակամարտության ու հայ-թուրքական երկխոսության ուղղությամբ հայտնի զարգացումների պայմաններում, հայաստանյան կազմակերպված ընդդիմությունը դրսեւորել է պատասխանատվության ու պետական մտածողության բարձր գիտակցում եւ իր օրակարգի առաջնահերթությունները սահմանելիս առաջնորդվել է շատ ավելի սեղմ ու հավասարակշռված օրակարգով, քան իր հնարավորությունները թույլ են տալիս: ՀԱԿ-ի հիմնական խնդիրն այս պահին քաղբանտարկյալների ազատ արձակումն է, եւ Հայաստանի վերադարձը սահմանադրական զարգացման հուն, ինչն այնուհետ թույլ կտա մեր հասարակության ուշադրությունն ու ռեսուրսները սեւեռել երկրի համար կարեւոր այնպիսի խնդիրների վրա, ինչպիսիք են պետական ու հասարակական կառավարման համակարգի առողջացումը, ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը, Հայաստանի ռազմավարական եւ արտադրական ենթակառուցվածքի զարգացումն ու տնտեսական մրցունակության խթանումը: Ընդդիմությունն այսօր զարգացնում է այն մտավոր, կազմակերպական եւ օժանդակ կարողությունները, որոնք նրան վաղը թույլ են տալու հնարավորինս սահուն կերպով ստանձնել երկրի կառավարումն ու ապահովել Հայաստանի հասարակական, քաղաքական եւ տնտեսական վերածնունդը:

Էմմա Գաբրիելյան

Ժամանակ Երեւան

2009-02-15

No comments:

Post a Comment