Tuesday, February 17, 2009

Ի ՍԿԶԲԱՆԵ ԲԱՆՆ ԷՐ, ՈՉ ԹԵ ՀԵՐՔՈՒՄԸ

Հայաստանի արտգործնախարարությունը, “չհասկանալովՄեթյու Բրայզայի հայտարարության նպատակը, նրան փաստացի մեղադրում կամ կասկածում է Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին խանգարելու համար: ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու ԲրայզանԱմերիկայի ձայնռադիոկայանին տված հարցազրույցում ասել էր, որ մոտ է Ղարաբաղի հակամարտության կարգավորման սկզբունքների շուրջ համաձայնությունը, որը պետք է բխի տարածքային ամբողջականության սկզբունքից, ներառելով նաեւ ինքնորոշման իրավունքը եւ ուժի չկիրառման հայեցակետը: Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ էլ արձագանքել է ու ասել, որ Բրայզայի հայտարարության նպատակն անհասկանալի է եւ կարելի է մտածել, որ այն ունի բանակցությանը խանգարելու նպատակ: Իսկ բանակցությունը, ըստ Հայաստանի արտգործնախարարության, ընթանում է մադրիդյան առաջարկների հիմա վրա, որոնք ներառում են երեք հավասարազոր սկզբունքներ` ուժի չկիրառում, ինքնորոշում եւ տարածքային ամբողջականություն: Առաջին հայացքից թվում է, թե Հայաստանի արտգործնախարարությունն էլ է կրկնում Բրայզային, ասել է թե փորձում է խանգարել բանակցային գործընթացը: Սակայն խնդիրն այն է, որ ի տարբերություն Բրայզայի, Հայաստանը չի փորձում առանձնացնել տարածքային ամբողջականության սկզբունքը, այլ ասում է, որ բանակցության մեջ դրանք առկա են հավասարապես: Բայց հետաքրքրականն այն է, որ վրդովվելով Բրայզայի այդ հայտարարությունից, ընդ որում ոչ առաջին անգամ, հատկապես վերջին ամիսներին, հայկական կողմն այդուհանդերձ որեւէ անգամ պաշտոնապես չի բողոքել Միացյալ Նահանգներին, որ նրանք Մինսկի խմբից հանենթուրքի փեսաԲրայզային: Իսկ այն, որ Բրայզայի հայտարարությունների համատեքստում նրա կնոջ թուրք լինելու հանգամանքը Հայաստանի քաղաքական եւ փորձագիտական իստեբլիշմենտի մոտ բավական լուրջ է ընկալվում, գրեթե անկասկած է: Այդ իստեբլիշմենտը գրեթե համոզված է, որ ամուսնանալուց հետո, կամ էլ թրքուհի Զեյնո Բարանին դեռեւս սիրահարվելուց հետո Բրայզան ոչ թե Միացյալ Նահանգների, այլ իր կնոջ կամ նրա հայրենիքի շահն է ներկայացնում ԵԱՀԿ Մինսկի խմբում: Հետաքրքիր է, հաշվի առնելով այդ, ինչպես նաեւ Բրայզայիսուտհայտարարությունների փաստը, ինչու պաշտոնական Երեւանը չի դիմում պաշտոնական Վաշինգտոնին, որ նրանք Բրայզային կամ հեռացնեն բանակցության սեղանից, կամ պահանջեն, որ նա այդ սեղանի մոտ լուռ մնա եւ սխալ հայտարարություններով չխանգարի բանակցության ընթացքին: Սակայն կա նաեւ մեկ այլ ուշագրավ հանգամանք: Թեեւ Երեւանը փորձում է ներկայացնել, որ բանակցության հիմքում երեք սկզբունքները հավասարապես են ներգրավված, այդուհանդերձ չի ասում, որ Բրայզան սխալ է ներկայացնում իրականությունը: Երեւանը Բրայզային կասկածում կամ մեղադրում է ոչ թե ստելու, խաբելու, իրականությունը ձեւափոխելու, ինչ որ մեկին ապատեղեկացնելու, մոլորեցնելու փորձի, այլ ընդամենը բանակցությանը խանգարելու նպատակի համար: Ստացվում է, որ նրա ասածը ոչ թե այլ բան է, քան իրականությունը, այլ ընդամենը խանգարում է այդ իրականությունը շարունակելուն: Սակայն պարզ է, որ ամբողջ իրականությունը ոչ միայն պաշտոնական Երեւանի պարզաբանման, այլ նաեւ Բրայզայիբացահայտումներիմեջ էլ առկա չէ: Ղարաբաղի հակամարտության բանակցության մասին տարատեսակ հայտարարությունները` միջնորդների, Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարությունների, ընդամենը հատվածական են ներկայացնում բանակցային այն իրողությունը, որ առկա է կարգավորման գործընթաց անվան տակ: Ամբողջ խնդիրն այն է, որ եթե մյուս բոլոր կողմերը ներկայացնում են ինչ որ իրականություն, ապա հայկական կողմը ընդամենը զբաղված է այդ իրականությունը հերքելով: Թվում է, որ լավագույն հերքումը կարող էր լինել այն, որ Հայաստանը ներկայացներ այն իրականությունը, որը կա: Սակայն հայկական կողմի հերքումներն ընդամենը տեղավորվում են մադրիդյան առաջարկների վերաբերյալ անգիր արած ձեւակերպումների մեջ, ինչպես նաեւ այն հայտարարությունների, որ Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի մաս, որ պետք է ցամաքային սահման ունենա Հայաստանի հետ, որ պետք է լինեն անվտանգության միջազգային երաշխիքներ: Այդպիսով, պաշտոնական Երեւանը որքան փորձում է հերքել բանակցության որեւէ ուղղվածության մասին հայտարարությունները, այնքան հաստատում է դրանք` կամա, թե ակամա: Հետո էլ իհարկե ասում է, որ Հայաստանի որոշ անպատասխանատու լրատվամիջոցներ ասենք Բրայզային կամ Ալիեւին ավելի շատ են հավատում, քան պաշտոնական Երեւանին: Բայց խնդիրը հավատալ-չհավատալը չէ: Պարզ է, որ ամեն մեկը խոսում է իր շահից ելնելով: Խնդիրը պարզապես այն է, ավելի շուտ տարօրինակը թերեւս այն է, որ հայկական կողմը ոչ թե խոսում է, այլ ընդամենը հերքում այլոց խոսքը:

ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ

Լրագիր

2009-02-16

No comments:

Post a Comment