Tuesday, February 17, 2009

Ղարաբաղի ժողովրդավարացմանը Հայաստա՞նն է խանգարում

Մինչ Բաքվում եւ Հայաստանում երկու պետությունների նախագահները հայտարարություններ են կատարում ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ, հակամարտության երբեմնի սուբյեկտ, իսկ այժմ արդեն՝ օբյեկտ հանդիսացող Լեռնային Ղարաբաղում հասարակությունը մտահոգված եւ անհանգստացած է բանակցային գործընթացի ներկայիս զարգացումներով:

Այդ մասին երեկ Մամուլի ազգային ակումբում խոսեց ԼՂՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Բաղդասարյանը: Անդրադառնալով ստեղծված իրավիճակի հիմքերին` անկախ պատգամավորը մատնանշեց Ռոբերտ Քոչարյանի անձը. «Ղարաբաղը դուրս մնաց բանակցային գործընթացից այն ժամանակ, երբ Ռոբերտ Քոչարյանը դարձավ ՀՀ նախագահ եւ սկսեց Հայաստանն ու Ղարաբաղը ներկայացնել բանակցային գործընթացում»: Այս երեւույթը Բաղդասարյանը դիտարկում է իբրեւ ծուղակ: Սակայն տվյալ պարագայում այնքան էլ ճիշտ չի համարում մեղադրել Ռոբերտ Քոչարյանին, քանի որ հենց ԼՂՀ իշխանություններն են առաջին մեղավորը եւ հենց ԼՂՀ իշխանություններն են խուսափել պատասխանատվությունից ու որոշակի «գլխացավանքից»՝ փոխշահավետ պայմանավորվածություն ձեռք բերելով: Բաղդասարյանն առաջարկում է գոնե հիմա՝ թեկուզ ուշացումով, հստակեցնել բանակցային գործընթացում 2 հայկական պետականությունների դերն ու պատասխանատվությունը. «Մենք պիտի հստակ հասկանանք՝ ինչի՞ համար է պատասխանատու ղարաբաղյան կողմը եւ ինչի՞ համար՝ Հայաստանը»: Միեւնույն ժամանակ, պատգամավորը նշում է, որ Հայաստանի իշխանություններին մշտապես ձեռնտու է եղել Ղարաբաղում ունենալ ձեռնասուն եւ կառավարելի ղեկավարություն. «Ղարաբաղի ժողովրդավարացման մեր բոլոր փորձերին միշտ էլ դիմակայում էր Հայաստանի իշխանությունը: Իսկ ամենացավալին այն է, որ այդ փորձերն արժանանում էին նաեւ Հայաստանի հանրության քար անտարբերությանը: Հանուն օբյեկտիվության ասեմ, որ այդպես էր Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք, այդպես էր Ռոբերտ Քոչարյանի ժամանակ եւ այդպես է Սերժ Սարգսյանի կառավարման ընթացքում»:

Ինչ մնում է բանակցային գործընթացում ղարաբաղյան կողմի՝ ձայնազուրկ լինելուն, ապա՝ Բաղդասարյանը բացահայտեց մի գաղտնիք, որը հայտնել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահները դեկտեմբերին Ստեփանակերտում ԼՂ խորհրդարանականների հետ հանդիպմանը: Ինչպես պատմեց հենց Գեղամ Բաղդասարյանը, խորհրդարանականներն իրենց «ողջ մաղձը թափել են համանախագահների վրա», ինչին վերջիններս հանդուրժողաբար ժպտացել են, իսկ ապա՝ «անակնկալ մատուցել». «Նրանք մեզ պատասխանեցին՝ «Եթե կա մի ուժ, որը լսում ու կարեւորում է ձեր կարծիքը, դա ՄԽ համանախագահներն են»: Նրանք պարզ ու բաց տեքստով մեզ ասացին, որ լուծենք այդ հարցերը Հայաստանի հետ: Իսկ Մերզլյակովն ավելացրեց. «Մենք միջնորդ չենք Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ, մենք միջնորդ ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ»: Ավելացրեցին նաեւ, որ ամեն անգամ Հայաստանի իշխանություններին դիմել են հարցով, թե արդյո՞ք Ղարաբաղը դեմ չի լինի կարգավորման կոնկրետ տարբերակին, ինչին ՀՀ իշխանությունները պատասխանել են, թե՝ դուք գործ չունեք նրանց հետ, մենք ինչ ասենք, այն էլ կլինի»: ԼՂՀ խորհրդարանի պատգամավորը համոզված է, որ բանակցային ներկա գործընթացը հայության շահերին չի համապատասխանում: Բաղդասարյանն ասաց նաեւ, որ կողմ է բանակցությունների գաղտնիությանը, «սակայն այն ամենն, ինչ այսօր է կատարվում, գաղտնագողություն է հիշեցնում: Չի կարելի ժողովրդի թիկունքում որոշումներ կայացնել»: Հռետորական հարց է հնչում. ինչպե՞ս կարելի է ժողովուրդներին հաշտեցնել գաղտնի: Որպես առաջնահերթություն, պատգամավորն ընդգծում է սեղանին բանակցային ողջ փաթեթը դնելու խնդիրը: Իսկ որպես իդեալական տարբերակ՝ նշում է միասնական հզոր Հայաստան ունենալը:

Գայանե Նազարյան

Ժամանակ Երեւան

2009-02-14

No comments:

Post a Comment