Tuesday, February 17, 2009

ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ «ՀՅՈՒՐԻԵԹԻ» ՆԱԽԱԳԻԾԸ ՄԵՐԺՈՒՄ Է ՆԱԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ

Որքան էլ ադրբեջանամետ լինի, դա անտեսում է Լեռնային Ղարաբաղը վերադարձնելու Բաքվի նկրտումները

Փետրվարի 11-ին «Հյուրիեթ» թերթը հրապարակել էր ղարաբաղյան հակամարտության, այսպես կոչված, կարգավորման նախագիծը, որի շուրջ կողմերն, իբր, եկել էին համաձայնության, եւ այդ համաձայնությունը ձեռք էր բերվել հայկական կողմի հետ վերջին հանդիպումներում: Ըստ նախագծի, Հայաստանը Ֆիզուլին, Աղդամը, Ջեբրայիլը, Ղուբաթլուն, Զանգելանը, ապա եւ Քելբաջարը վերադարձնելու էր Ադրբեջանին, որի դիմաց Ադրբեջանը Հայաստանի առջեւ բացելու էր իր օդային տարածքն ու երկաթուղին:

Նույն օրը, արձագանքելով «Հյուրիեթի» հրապարակմանը, Հայաստանի արտգործնախարարությունը հերքեց նախագծի տեղեկությունը: Նույնը, ի դեմս խոսնակ Բուրաք Օզուգերգինի, կատարեց նաեւ Թուրքիայի արտգործնախարարությունը, իսկ փետրվարի 12-ին հետեւեց նաեւ Ադրբեջանի արտգործնախարարության հերքումը:

«Ազգը» փետրվարի 12-ի համարում անդրադարձել էր նախագծի մասին «Հյուրիեթի» հրապարակմանը, կասկածի տակ դնելով դրա իսկությունը: Թուրքական լրատվամիջոցներն էլ, մասնավորապես հանրային հեռուստատեսությունը, անդրադարձան ՀՀ արտգործնախարարության նախագծի մասին «Հյուրիեթի» տեղեկությունը հերքող հայտարարությանը:

Դա տեղի էր ունեցել փետրվարի 11-ին, իսկ փետրվարի 12-ին թուրքական հանրային հեռուստատեսությունը վերստին անդրադարձավ նախագծին եւ նշեց. «Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարեց, որ Ղարաբաղի հարցի կարգավորման նախագծի մասին թուրքական մամուլում հրապարակված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Խնդրո առարկա հայտարարությունն արեց Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Խազար Իբրահիմը, ըստ որիՙ այս կարգի լուրերը միտում ունեն փչացնելու Ադրբեջանի հարաբերությունները Թուրքիայի հետ»:

Ակամա հարց է ծագում, եթե այդ նախագծով Հայաստանն Ադրբեջանին է վերադարձնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը հարակից 6 շրջանՙ Քելբաջարը ներառյալ, ապա ինչո՞ւ պետք է փչացնի Թուրքիայի հետ Ադրբեջանի հարաբերությունները: Պատասխանը միանշանակ է, որովհետեւ թուրքական թերթի հրապարակած նախագիծը, անկախ ադրբեջանամետ բնույթից, անտեսում է «Լեռնային Ղարաբաղը թեկուզ զենքի ուժով վերադարձնելու» Ադրբեջանի նկրտումները, չհիշատակելով վերադարձման ենթակա տարածքների մեջ այդ հանրապետության անունը, որն իր անկախությունը նվաճել է պատերազմումՙ ադրբեջանցիների դեմ տարած տպավորիչ հաղթանակով: Նկրտումների անտեսմամբ ադրբեջանցիները համոզվում են, որ թուրքական կողմը հաշտվել է Լեռնային Ղարաբաղի կորստյան փաստի հետ, հետեւաբար սին են Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցում Թուրքիայի աջակցությանն ապավինելու հույսերը:

Լեռնային Ղարաբաղի կորստյան փաստի հետ թուրքերի, այսպես կոչված, հաշտեցման առումով ադրբեջանցիներին, ըստ ամենայնի, պետք է համոզի նաեւ հայ-թուրքական դիվանագիտական շփումների աննախադեպ ակտիվացումը, երկու երկրների միջեւ սահմանների բացման եւ դիվանագիտական հարաբերությունների հնարավոր հաստատման վերաբերյալ երկուստեք արվող լավատեսական հայտարարությունները, առավել եւս շփումների ակտիվացմանը զուգընթաց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հարցերում Հայաստանի դիրքորոշման հետզհետե աճող վճռականությամբ վերահաստատումը:

Վերահաստատման թերեւս ամենացայտուն օրինակը փետրվարի 8-ին Մյունխենում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պատասխանն էր Ադրբեջանի արտգործնախարարի ակնարկին. «Ես բազմիցս հայտարարել եմՙ մենք կռվելուց չենք վախենում: Կարծում եմ, տեղին չէ հայկական կողմի ագրեսիայից խոսելը, երբ այդ ագրեսիան անկախություն նվաճած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ սկսել է գործադրել Ադրբեջանը: Շնորհիվ ռազմական գործողությունների, Ղարաբաղի ժողովուրդը կարողացավ պաշտպանվել, որպեսզի փրկվի լիակատար բնաջնջումից: Ի՞նչ է, այդ մարդիկ մեղավո՞ր են, որ թույլ չեն տվել իրենց ոչնչացնեն»:

Փետրվարի 12-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարում ՀՀ նախագահն ավելացրեց. «Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը շատ հստակ է. Ղարաբաղի ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք եւ այն կյանքի է կոչել: Լեռնային Ղարաբաղը չի կարող Ադրբեջանի մաս կազմել, դրա համար չկան ո՛չ իրավական, ո՛չ պատմական հիմքեր, եւ որ ամենակարեւորն էՙ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների ցանկությունը»:

Դրան նախորդել էին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի բազմաթիվ հայտարարությունները, թե հանուն Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման, Հայաստանը չի կարող զոհաբերությունների գնալ եւ երբեք չի հրաժարվելու ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից: Ի դեպ, թուրքական լրատվամիջոցներն իսկույն արձագանքում են ՀՀ նախագահի եւ արտգործնախարարի հայտարարություններին: Կարեւորը, սակայն, անդրադարձը չէ, այլ ցեղասպանության եւ Ղարաբաղի հարցերում անզիջում դիրքորոշում ունեցող Հայաստանի հետ շփումներն ակտիվացնելու, դրանց ծավալումը հայ-թուրքական հարաբերությունների լիակատար նորմալացմամբ պայմանավորելու եւ հատկապես դրանք հուսադրող համարելու Թուրքիայի նախագահի, վարչապետի եւ արտգործնախարարի մոտեցումներն են:

Անհնար է, որ Հայաստանի հետ շփումները հուսադրեն Թուրքիայի ղեկավարներին, իսկ Ադրբեջանինՙ հիասթափություն պատճառեն: Հետեւաբար, ղարաբաղյան հակամարտության կարգավորման նախագծի մասին «Հյուրիեթի» հրապարակումը պետք է գնահատել նաեւ այս տեսանկյունից, չմոռանալով, որ դա ինքնանպատակ չի եղել: Որքան էլ նախագծի լուրը հերքի նաեւ Թուրքիայի արտգործնախարարությունը, այնուամենայնիվ, եթե դա հրապարակվել է, ապա նպատակ է հետապնդել: Ի՞նչ նպատակ: Հարցի պատասխանը միանշանակ չէ, բայց որ այդ նախագիծը «Հյուրիեթը» չի հորինել, այդ թերթին տրամադրել են հենց հրապարակման համար, ակնհայտ է:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Ազգ

2009-02-13

No comments:

Post a Comment