Tuesday, February 17, 2009

ՀԱՅԱՍՏԱՆ. ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՏԱՐԻ

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑ

ՀԱՅԱՍՏԱՆ. ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՏԱՐԻ

ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հետընտրական առաջին տարին Հայաստանի քաղաքական կյանքում անկյունադարձային էր: Սակայն ոչ այն պատճառով, որ տարեսկզբին տեղի ունեցած նախագահական ընտրություններն ավարտվեցին մարտիմեկյան ողբերգությամբ: Ոչ էլ այն պատճառով, որ ստորագրվեց Մայնդորֆյան հռչակագիրը, իսկ Գյուլը ժամանեց Երևան` ֆուտբոլ դիտելու: Դրանք միայն արտաքին դրսևորումներն էին, որոնց թիկունքում տեղի են ունենում շատ ավելի կարևոր զարգացումներ և խորքային փոփոխություններ: Վերջիններս շարունակվելու և խորանալու են նաև ընթացիկ տարում: Այս զեկույցում մենք անդրադարձել ենք դրանցից մի քանիսին:

Անգաղափար ընդդիմության վախճանը

2008թ.-ին մենք ականատես եղանք քվեարկության արդյունքների հերթական կեղծմանը և դրան, որպես կանոն, հաջորդող հեղափոխության հերթական փորձի տապալմանը: Առանձնահատկությունը թերևս այն էր, որ նախկին նախագահի մասնակցությունն ընտրություններին ավելի մեծ սրություն էր հաղորդել դրանց: Նրա հաղթանակին հավատացողներն ավելի շատ էին և ավելի վճռական, իսկ իշխանությունների հակազդեցությունն ավելի տագնապած և կատաղի: Արդյունքում` բազմաթիվ զոհեր և քաղբանտարկյալներ: Սակայն սա 2008թ. նախագահական ընտրությունների միակ առանձնահատկությունը չէր:

Այս ընտրություններում և հետընտրական զարգացումներում վերջնականապես վախճանվեց տասներկուամյա <անգաղափար> ընդդիմությունը, որը կարելի է անվանել նաև <ժողովրդավարական>, <ռևանշիստ> կամ <կռապաշտ>:

<Անգաղափար>, որովհետև այն հրաժարվում էր ձևակերպել որևէ գաղափարական այլընտրանք իշխանությունների արտաքին, ներքին կամ տնտեսական քաղաքականությանը, այլ միայն մեղադրում էր վերջիններին տարատեսակ հանցանքներում, գլխավորապես` իշխանությունը զավթելու մեջ, և միակ նպատակ էր հայտարարում երկրում օրինական իշխանության վերականգնումը: Անգաղափարականությունը կամ <գաղափարախոսություններից հրաժարվելը> նաև հայտարարվում էր որպես ընդդիմադիրների միավորման նախապայման և հաղթանակի գրավական, իսկ գաղափարական պատճառներով ընդդիմադիր շարժման առաջնորդին չմիանալը որակվում էր իբրև դավաճանություն:

Քաղաքական գաղափարի բացակայությունը փոխհատուցվում էր ժողովրդի մեջ <ժողովրդավարության> նկատմամբ կույր հավատ սերմանելով: Մարդկանց հավաստիացնում էին, որ եթե երկրում գոնե մեկ անգամ անցկացվեն օրինական ընտրություններ, եթե ժողովուրդը վերջապես կարողանա ընտրել իր ուզած նախագահին, թեկուզ սատանայի, միայն թե ինքը ընտրի, ապա դրա արդյունքում ձևավորված իշխանությունը չի համարձակվի այլևս հակաժողովրդական քայլեր կատարել, իսկ եթե փորձի, ապա նույն ժողովուրդը նրան դարձյալ կզրկի իշխանությունից: Ուստի` կարևոր չէ, թե ո՞ւմ ենք ընտրում, և թե ընտրվելու դեպքում ի՞նչ քաղաքականություն է նա գործադրելու: Կարևոր է միայն, որ թեկնածուն կարողանա միավորել բոլորին ու հաղթել վարչախմբին:

Ժողովրդավարական այս պարզունակ դատարկաբանությունը միակ <գաղափարախոսությունն> էր, որ ունակ էին շարադրել այս տեսակի ընդդիմության բոլոր ժամանակների առաջնորդները: Պատճառն այն էր, որ դրանց ճնշող մեծամասնությունը նախկին իշխանավորներ էին, հետևաբար` կիսում էին տարբեր ժամանակներում իշխող վարչախմբերի հռչակած և գործադրած, հաճախ ուղղակի հակահայ քաղաքականության ողջ պատասխանատվությունը: Նրանք ընդդիմադիր էին դարձել ոչ թե գաղափարական համոզմունքների կամ իշխանությունների վարած քաղաքականության հետ անհամաձայնության, այլ աթոռակռվի, ինչ-ինչ պատճառներով իշխանական բուրգից դուրս շպրտվելու և նորից այնտեղ հրավիրվելու հույսը կորցնելու արդյունքում: Իշխանությունից զրկվելու օրվանից <ռևանշիստ>, կեղծ ընդդիմադիրներին մնում էր երազել ժողովրդի օգնությամբ իշխանության վերադառնալու մասին` ընտրություններով կամ հեղափոխությամբ:

Իր հերթին, ընդդիմադիր տրամադրված, սակայն բացարձակապես չկազմակերպված զանգվածը, հաղթական գաղափար չունենալու պատճառով, փնտրում էր <փրկչի>, այն միակին, ով կկարողանար տապալել հանցագործ համակարգը և ժողովրդին վերադարձնել խլված իշխանությունը: Զանգվածի համար այնքան էլ կարևոր չէին իր հերթական կուռքի քաղաքական հայացքներն ու գաղափարները, մտավոր և կազմակերպական կարողությունները: Նա պահանջում էր մեկ բան` արագ իշխանափոխություն: Ով բոլորից համոզիչ էր դա խոստանում, նա էլ առաջնորդն էր: Սակայն ժամանակավոր կուռքերից յուրաքանչյուրին տրվում էր հեղափոխություն իրականացնելու միայն մեկ հնարավորություն: Պարտությունից հետո նախկին կուռքը հայտնվում էր քաղաքական գերեզմանոցում: Տարբեր ժամանակներում և տարբեր հաջողությամբ այդ դերը կատարել են Վազգեն Մանուկյանը, Կարեն և Ստեփան Դեմիրճյանները, մասամբ Արկադի Վարդանյանը և Արտաշես Գեղամյանը:

Լևոն Տեր-Պետրոսյանը այդ դերի լավագույն և, պետք է ենթադրել, նաև վերջին կատարողն էր: Առաջին նախագահի ձախողումից հետո, էլ ո՞վ կհամարձակվի նման հայտ ներկայացնել: Անգամ եթե ինչ-որ մեկը համարձակվի, միևնույն է, ժողովուրդն այլևս չի հավատա, որ այդ նորաթուխ առաջնորդը կկարողանա իրականացնել այն, ինչը չկարողացավ <հիմնադիր նախագահը>: Չեն հավատա և նրա շուրջ չեն համախմբվի մնացած ընդդիմադիր գործիչները: Ուստի` պետք է ենթադրել, որ 2008թ. նախագահական ընտրությունները անգաղափար, կռապաշտ և ռևանշիստ ընդդիմության վերջին լուրջ ճակատամարտն էր:

Ճիշտ է, Տեր-Պետրոսյանին հավատացողներից ոմանք դեռ չեն գիտակցում, որ ճակատամարտն արդեն ավարտվել է: Նրանք հույս ունեն, որ համաշխարհային ճգնաժամի հարվածների ներքո իշխանական բուրգն էլ ավելի կխարխլվի և այլևս չի դիմանա զանգվածային գործողությունների գարնանային արշավին: Սակայն իրականում, արդեն վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ պարզ էր դարձել, որ անգաղափար, կռապաշտ և ռևանշիստ ընդդիմադիրների ժամանակներն անցել են: Նրանց վերակենդանացնելու տեր-պետրոսյանական փորձը միայն հաստատեց դա: Սակայն ընդդիմության բազմաթիվ ակտիվիստներ սրանում դեռ պետք է համոզվեն 2009թ.-ի ընթացքում:

Նման ընդդիմության վախճանն իշխող վարչախմբի հաղթանակը չէ և բոլորովին էլ չի ամրապնդում նրա դիրքերը: Ընդհակառակը, այլընտրանք չառաջարկող և անկազմակերպ շարժումները, ռևանշիստ պատեհապաշտներով շրջապատված և իշխողներից ոչինչով չտարբրվող խոցելի առաջնորդները, ինչպես պարզվեց, առանձնապես չէին սպառնում իշխող վարչախմբին: Լավագույն դեպքում իշխանական թևերն իրենց ներքին պայքարում ընդդիմությանը կարող էին օգտագործել մեկը մյուսի դեմ, ինչպես որ դա երկու անգամ արեց Վազգեն Սարգսյանը: Դեռ հայտնի չէ, թե ինչպիսի քաղաքական ուժեր կզբաղեցնեն ընդդիմության թափուր տեղը, գաղափարական և կազմակերպական ինչ առավելություններ կունենան և որքան ժողովրդականություն կվայելեն նրանք, ինչքան շուտ նրանց կհաջողվի ձևակերպել համաժողովրդական ալիք բարձրացնող նպատակներ, բայց մի բան պարզ է. նոր տեսակի ընդդիմությունը, որը չի կարող կայանալ առանց գաղափարական և կազմակերպական լուրջ հենքի, երբ էլ որ այն ասպարեզ իջնի, իշխանափոխություն իրականացնելու էապես ավելի մեծ հնարավորություն կունենա: Հին ընդդիմության վախճանը, քաղաքական դաշտում նրա տեղի, ըստ էության, թափուր մնալը արագացնում է նորի կազմավորման ընթացքը:

Լևոն Տեր-Պետրոսյանի վարած քարոզարշավը ևս մեկ անգամ բացահայտեց, որ գաղափարական և քաղաքական առումով Հայաստանում երբեք չեն եղել նախկին և ներկա իշխանություններ: Ավելին, գլխավոր` Արցախյան հարցում կողմերը դրսևորեցին բացառիկ միաձայնություն. առաջին նախագահը նույնիսկ դադարեցրեց հանրահավաքները, որպեսզի երրորդ նախագահն առանց բարդությունների կարողանա իրականացնել ազատագրված տարածքների հանձնումը: Նման իրադարձությունների լույսի ներքո տիրապետող է դառնում այն գիտակցությունը, որ 90-ականների սկզբին Հայաստանում ձևավորված քաղաքական վերնախավը, իր իշխանական և կեղծ ընդդիմադիր թևերով, վազգենմանուկյանական, տեր-պետրոսյանական, վազգենսարգսյանական, քոչարյանական և սերժսարգսյանական փուլերով, հետևում է դեռևս նույն ժամանակաշրջանում ձևավորված, միևնույն, ընդհանուր առմամբ մերժելի, իսկ առանձին դեպքերում ուղղակի հակազգային քաղաքական գծին: Հետևաբար` խնդրի ավելի ընդհանրական ձևակերպումը քաղաքական դաշտի ընդհանուր գաղափարական սերնդափոխությունն է, այլ ոչ թե վարչախմբի փոփոխությունը:

Սերնդափոխությունն առաջին հերթին նշանակում է իշխանության փոփոխություն: Սակայն որպեսզի հին սերնդի իշխանությունը հեռանա, անհրաժեշտ է նոր սերնդի ընդդիմություն: Ուստի` 2009թ.-ից սկսած քաղաքական խմորումներն ընթանալու են ոչ այնքան իշխանափոխության, որքան ընդդիմությունափոխության խնդրի շուրջ, առանց որի այլևս հնարավոր չէ իշխանափոխություն ակնկալել, առավել ևս` քաղաքական վերնախավի ընդհանուր և գաղափարական սերնդափոխություն:

Դեռևս առկա քաղաքական բաժանման երկու ճամբարներում էլ առանձին ազգային խնդիրների շուրջ տեղի է ունենում համանման ներքին բևեռացում: Երկու ճամբարներում էլ կան տարածք հանձնողներ և չհանձնողներ, թուրքերի հետ եղբայրացողներ և Արևմտյան Հայաստանը պահանջողներ: Նրանք, ովքեր ստիպված որոշել էին աջակցել Սերժ Սարգսյանին, որովհետև Տեր-Պետրոսյանը նրանց ավելի ապազգային էր թվում, այսօր քննադատում են նրա ֆուտբոլային դիվանագիտությունը և Մադրիդյան սկզբունքների համաձայն տարածքներ հանձնելու մտադրությունը: Իսկ նրանք, ովքեր ավելի ապազգային են համարում իշխող վարչախմբին և Տեր-Պետրոսյանի հետ էին կապել դրանից ազատվելու հույսը, այսօր դատապարտում են առաջին նախագահի ակնհայտ իշխանամետ դիրքորոշումը Արցախի և մի շարք այլ հարցերում: Սրանք վաղ թե ուշ միանալու են այն չեզոք հատվածին, որը ամենասկզբից հավասարապես ապազգային էր համարում թե Տեր-Պետրոսյանին, թե նրա աշակերտներ Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին:

Ամենայն հավանականությամբ նոր ընդդիմությունը ձևավորվելու է ներկայումս մարտավարական նկատառումներով ընդդիմադիր, իշխանամետ կամ չեզոք ճամբարներում գտնվող, սակայն առանցքային ազգային խնդիրների վերաբերյալ համահունչ դիրքորոշում ունեցող գործիչների կազմակերպական միավորման ճանապարհով: Դրա առաջին դրսևորումները մենք պետք է որ արդեն տեսնենք 2009-ին:


 

Ղարաբաղյան հակամարտության

<բանակցային> փուլի ավարտը

 

Արդեն 2007թ. ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով ընթացող բանակցությունները հայտնվել էին փակուղում: Այդ մասին խոստովանում էին բազմաթիվ փորձագետներ և նույնիսկ իրենք` համանախագահները: Սակայն երկու երկրների ընտրություններով պայմանավորված ընդմիջումից հետո Ղարաբաղյան կարգավորման շուրջ խոսակցություններն անսպասելիորեն նորից ակտիվացան:

Սպասվում էր, թե խարդախ ընտրությունների և ոչ լեգիտիմ նախագահ ունենալու պատճառով միջազգային հանրության ճնշումը Հայաստանի վրա պետք է կտրուկ ավելանար: Արտաքուստ այդպես էլ կար: Տարօրինակը սակայն այն էր, որ ենթադրյալ ճնշումն առավելապես Ռուսաստանի կողմից էր նկատվում, որը սովորաբար կարևորություն չի տալիս գործընկեր երկրներում անցկացվող ընտրությունների որակին: Դրան հակառակ ԱՄՆ-ի և Արևմուտքի մյուս ներկայացուցիչների արտահայտությունները սովորականից շատ չէին տարբերվում և ավելի շուտ ռուսական նախաձեռնությանը հակակշռելու, գործընթացը Մինսկի խմբի շրջնակներում պահելու նպատակ էին հետապնդում:

Ինչևէ, Մայնդորֆյան հռչակագիրը, ինչպես նաև Մինսկի խմբի համանախագահների հելսինկյան հայտարարությունը դրսևորեցին միջնորդ տերությունների կեցվածքների համընկնում: Դրանք իհարկե բավական աղմկոտ փաստաթղթեր էին, որոնց կարող էին հաջորդել ավելի գործնականները: Սակայն մեկնաբանություններն ու պաշտոնական արձագանքները Երևանում և հատկապես Բաքվում վկայում են, որ առնվազն 2009թ. հայ-ադրբեջանական համաձայնագրի ստորագրության սպասումներն այնքան էլ իրատեսական չեն:

Հայաստանում Ղարաբաղյան կարգավորումը հաճախ ընկալվում է որպես համանախագահ տերությունների որոշելիք հարց, որը հետո պետք է պարտադրվի կողմերին: Նման կարծիք հայտնողները բանակցությունների անարդյունավետությունը սովորաբար բացատրում են կարգավորման ուղիների վերաբերյալ Ռուսաստանի և Արևմուտքի անհամաձայնությամբ: Մեկ այլ բացատրության համաձայն, բանակցությունները տապալում է Ռուսաստանը, որպեսզի պահպանի իր ազդեցությունը տարածաշրջանում: Բոլոր դեպքերում ենթադրվում է, թե գոյություն ունի միջազգային հանրության ճնշում կողմերի և մասնավորապես Հայաստանի նկատմամբ: Իբր դրանով են պայմանավորված զիջումների պատրաստակամության մասին պարբերական հայտարարությունները և այն, որ գործնականում Հայաստանին հաջողվում է խուսափել դրանցից միայն համանախագահ տերությունների միջև առկա հակասությունների շնորհիվ:

Հակառակ այս տարածված կարծիքին, բանակցային գործընթացում ներգրավված միջնորդ տերությունների ճնշումը կողմերի նկատմամբ երբեք անհաղթահարելի չի եղել: Նրանց հորդորները երբեք սպառնալիքի բնույթ չեն կրել: Համանախագահները միշտ հաշվի են նստել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների դիրքորոշումների հետ: Իսկ երբեմն նաև նկատել են, որ ժողովուրդները չեն կիսում նախագահների զիջելու պատրաստակամությունը, և չեն շտապել ընդունել փաստաթղթեր, որոնք կարող էին մնալ թղթի վրա:

Ասվածը հաստատվեց նաև մի քանի ամիս առաջ, երբ Ռուսաստանն ակտիվորեն միացավ ԱՄՆ-ի նույնաբովանդակ <ճնշմանը>, և թվում էր, թե շուտով մենք ականատես կդառնանք պայմանագրի ստորագրմանը, սակայն անգամ ներքին միաձայնության պայմաններում միջազգային հանրությանը չհաջողվեց <լուծում պարտադրել> Հայաստանին և Ադրբեջանին: Ավելին, պետք է ենթադրել, որ Մինսկի խմբի, հատկապես Ռուսաստանի նորօրյա ակտիվությունն առավելապես պայմանավորված է Հայաստանի նոր ղեկավարի <հարցը լուծելու> աննախադեպ վճռականությամբ և կամավոր նախաձեռնողականությամբ: Սակայն նույնիսկ հայկական կողմի վճռականությունն ու նախաձեռնողականությունը, համանախագահների միակարծության հետ միասին բավարար չեղան` բանակցային գործընթացը փակուղուց հանելու համար: Պատճառը մեկն է. Մինսկի խմբում ընդունված պատկերացումների շրջանակներում հայ-ադրբեջանական կարգավորման որևէ տարբերակ ընդհանրապես գոյություն չունի:

Չնայած եռանախագահության ձևաչափով Մինսկի խմբի ավելի քան տասնամյա գործունեության ընթացքում կողմերին ներկայացվել են մի քանի պաշտոնական և բազմաթիվ անպաշտոն առաջարկություններ, սակայն դրանք միմյանցից, մեղմ ասած, շատ չէին տարբերվում և ամբողջությամբ կառուցված էին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պաշտոնական դիրքորոշումների, պահանջների և զիջելու պատրաստակամության վրա:

Գործնականում կարելի է խոսել միայն մեկ առաջարկության մասին: Այն է` Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի և միջանցքի հայապատկանության ճանաչում` ազատագրված մնացած շրջանների հանձնման դիմաց: <Փուլային> և <փաթեթային> տարբերակների, <ընդհանուր պետության> առաջարկության, Փարիզյան սկզբունքների և Քիուեսթյան համաձայնությունների, Միջազգային ճգնաժամային խմբի մշակած ճանապարհային քարտեզի, Պրահյան գործընթացի և Մադրիդյան սկզբունքների էությունը նույնն էր և սա էր, իսկ տարբերությունները կապված էին համանախագահների այդ միակ առաջարկությունը հակամարտող պետությունների և ժողովուրդների համար ընդունելի դարձնելու տարբեր մոտեցումների հետ:

Մասնավորապես, վերջին` Մադրիդյան սկզբունքներում փորձ է արվում ներկայացնել, թե իբր համատեղվում են տարածքային ամբողջության սկզբունքը և ազգերի ինքորոշման իրավունքը: Այսինքն` Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ թվում նախկին ԼՂԻՄ տարածքի նկատմամբ, իսկ Ադրբեջանը ճանաչում է այդ շրջանի բնակչության ինքնորոշման իրավունքը: Առաջարկության հեղինակները ենթադրում են, թե քանի որ հայերը պահանջում են հարգել արցախցիների ինքնորոշման իրավունքը, իսկ Ադրբեջանը` իր տարածքային ամբողջականությունը, ապա միաժամանակ միջազգային իրավունքի այս երկու սկզբունքների վրա հիմնված բանաձևը կողմերի համար պետք է որ ավելի ընդունելի լինի:

Ի տարբերություն Մադրիդյան սկզբունքների` 2001թ. Քի Ուեսթում իրավական ձևականությունների ետևից չէին ընկնում և ուղղակի խոսում էին ԼՂԻՄ տարածքն ու միջանցքը Հայաստանին, իսկ մնացած ազատագրված շրջաններն Ադրբեջանին հանձնող քաղաքական գործարքի մասին: Քանի որ, համանախագահների պնդմամբ, Քի Ուեսթում ՀՀ և ԱՀ նախագահների միջև նախնական համաձայնեցված պայմանագրի ստորագրությունը տապալվեց <ժողովուրդների անպատրաստության> պատճառով, ապա հաջորդող տարիներին կարգավորման գործընթացում ներգրավվեց Միջազգային ճգնաժամային խումբը: Նրան պատվիրված էր պատրաստել պայմանագրի այնպիսի տարբերակ, որը Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին թույլ կտար <փրկել դեմքը>, արդարանալ սեփական ժողովուրդների առջև` կատարված զիջումների հարցում, և նույնիսկ հպարտանալ, որ կարողացել են հասնել հնարավորինս ազգանպաստ լուծման: Սաբինա Ֆրայզերի գլխավորությամբ ՄՃԽ-ի մանրակրկիտ մշակած ճանապարհային քարտեզը պարունակում էր պայմանագրի նախագիծ և գաղտնի համաձայնություններ, այդ թվում ստորագրվելիք պայմանագիրը ոչ ամբողջությամբ կատարելու վերաբերյալ, ինչպես նաև նախագահների <դեմքը փրկող> փոխհամաձայնեցված կեցվածքներ: Հակառակ հայ հանրության հետ տարվող տևական <բացատրական> աշխատանքներին` այն նույնպես տապալվեց Ռամբույեի հանդիպման նախօրյակին, որտեղ որ ենթադրաբար պետք է արժանանար նախագահների պաշտոնական հավանությանը:

Ընդհանրապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը կարգավորմանը բոլորից մոտ էր հենց քիուեսթյան համաձայնությունների և ՄՃԽ-ի ճանապարհային քարտեզի քննարկման ժամանակ: Հատկապես վերջինի տապալումից հետո այլևս դժվար է պատկերացնել հայ-ադրբեջանական համաձայնության որևէ այլ, ոչ միայն նախագահների, այլև ժողովուրդների և հատկապես հայ ժողովրդի համար ընդունելի տարբերակ: Բոլոր հնարավոր տարբերակները ներկայացված են և մերժված` հիմնականում հայ ժողովրդի համար անընդունելի լինելու պատճառով: Այսուհետև բանակցությունները շարունակելու միակ իմաստը չպատերազմելն է, այլ ոչ թե լուծման հանգելը: Ընդ որում` այդ ընտրությունն ամբողջությամբ պատկանում է Ադրբեջանին, որը ստիպված է շարունակել անիմաստ բանակցությունները, քանի դեռ պատրաստ չէ նոր պատերազմին, և անմիջապես դադարեցնելու է դրանք, երբ որոշի դատարկ սպառնալիքներից անցնել գործի:

Այս իրավիճակը ոմանց հիմք է տալիս պնդելու, թե իրեն սպառել է միայն Մինսկի խումբը` որպես բանակցային ձևաչափ, և երբեմն ձայներ են հնչում Ղարաբաղյան կարգավորումն այլ ատյաններում փնտրելու նպատակահարմարության մասին: Սակայն իրականում ոչ թե ձևաչափն է սպառվել, այլ բանակցություններն էին ի սկզբանե անիմաստ: Դրանք չէին կարող չտապալվել, որովհետև 1994թ. պատերազմն ընդհատվել է, այլ ոչ թե ավարտվել:

Հետպատերազմյան տարիներին Հայաստանում հրապարակային է եղել այն տեսակետը, թե Ղարաբաղյան պատերազմը ավարտվել է, ավարտվել է հաղթանակով, և դիվանագիտության խնդիրն է ամրագրել մեր հաղթանակը միջազգային ճանաչմամբ:  Սակայն Ադրբեջանը վերջնական պարտություն չի կրել և պատրաստ չէ հաշտվել այն կորուստների հետ, որոնք հայ ժողովուրդը համարում է իր հաղթական ձեռքբերումը, անգամ եթե դրա տակ հասկանանք միայն նախկին ԼՂԻՄ տարածքը: Նրա համար բանակցությունների իմաստը պատերազմի շարունակությունն է դիվանագիտական միջոցներով և հաջորդ ռազմական փուլի նախապատրաստությունը: Բանակցային տարիների ընթացքում Հայաստանում նույնպես աստիճանաբար տիրապետող է դառնում պատերազմի անավարտության գիտակցությունը: Կարգավորման տարբերակները հանրության կողմից մերժվում էին նաև այն հիմնավորմամբ, որ դրանց կիրառման դեպքում Հայաստանը ապագա պատերազմում կհայտնվի ոչ շահեկան մեկնարկային վիճակում:

Բանակցությունների արդյունավետության համար կողմերից պահանջվում էին մեծածավալ զիջումներ, որոնց նրանք բոլորովին պատրաստ չէին: Անգամ եթե բանակցող երկրների վերնախավերը, խճճվելով միջազգային իրավունքին հարմարեցվող իրենց ձևակերպումներում կամ ցանկանալով խուսափել նոր բարդություններից, հայտարարում էին և դեռ հայտարարում են այս կամ այն ծավալի զիջումների պատրաստակամության մասին, միևնույն է, նրանք չեն կարողանում նույն զիջողականությունը ներարկել իրենց հանրություններին: Հատկապես Հայաստանում` պատերազմի անավարտության գիտակցությունը սրում է անվտանգության համազգային զգացումը, և ամենափոքր զիջումը, անգամ դրա հնարավորության մասին հայտարարությունը, վաղուց արդեն ընկալվում են որպես անխուսափելի նոր պատերազմում հայության մեկնարկային դիրքը թուլացնող դավաճանական քայլ:

 Այս նոր իրողությունն այդպես էլ չընկալվեց Սերժ Սարգսյանի կողմից: Առաջնորդվելով ժամանակին իր քաղաքական ուսուցիչ Լևոն Տեր-Պետրոսյանից ստացած դասերով, իսկ Ռոբերտ Քոչարյանի օրոք ստանձնելով տարածքային զիջումների <անխուսափելիության> գլխավոր քարոզչի անպատվաբեր պարտականությունը` նա այսօր էլ այդ գործում դրսևորում է ծայրահեղ համառություն: Դեռ նախագահ դառնալու նախօրյակին Մոսկվայում և Բրյուսելում Սերժ Սարգսյանը հայտարարեց Մադրիդյան սկզբունքների համաձայն Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու իր մտադրության մասին: Երդման արարողությունից հաշված ամիսներ անց, արհամարհելով ներքաղաքական լարվածությունը և սեփական լեգիտիմության պակասը, նա աննախադեպ նախաձեռնողականություն դրսևորեց պահանջվող զիջումների միջոցով Ադրբեջանի, արդյունքում նաև Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ:

Երևույթն այնքան անսպասելի էր, որ շատերը երկրի ներսում հակված էին դա բացատրել ոչ լեգիտիմ նախագահի նկատմամբ արտաքին ճնշմամբ, իսկ արտերկրում, որտեղ գիտեին, որ ոչ մի ճնշում էլ չկար, Հայաստանի ներքին թուլացմամբ: Սակայն, իրականում Սերժ Սարգսյանը և նրա խորհրդականները գործում էին սեփական համոզմունքների կամ, որ ավելի ճիշտ է, մոլորությունների համաձայն: Արդյունքում` նա մնաց չհասկացված թե երկրի ներսում, թե դրսում:

Երկրի ներսում որոշեցին, թե Սերժ Սարգսյանը <ծախում է Ղարաբաղը>` իր լեգիտիմության պակասը փոխհատուցելու և միջազգային հանրության կողմից իր իշխանությանը որոշ աջակցություն ապահովելու համար: Սակայն, թե ով է նրանից դա պահանջում` Արևմուտքը, թե Ռուսաստանը, այս հարցում կարծիքները կիսվեցին: Ոչ ընդդիմադիրները, ոչ էլ իշխանամետները մինչ օրս չեն կարողանում հավատալ, որ ոչ թե Սերժ Սարգսյանի հայտարարություններն են պայմանավորված արտաքին ճնշումներով, այլ ընդհակառակը, համանախագահների ակտիվացումն էր պայմանավորված Սերժ Սարգսյանի հարցը լուծելու պատրաստակամությամբ: Սակայն ինչպիսին էլ լիներ պատճառահետևանքային կապը, միևնույն է, հանրությունը բավականին մտահոգված սպասում էր կարևոր իրադարձությունների, իսկ ոմանք էլ փորձում էին կանխել դրանք:

Սերժ Սարգսյանի նախաձեռնությունը մեծապես ոգևորեց նրա նախկին <ուսուցիչ> և դեռևս մրցակից համարվող Լևոն Տեր-Պետրոսյանին: Չէ՞ որ Ադրբեջանին տարածքներ հանձնելով` 1998-ի հեղաշրջման մասնակից Սերժ Սարգսյանն <առաջին նախագահի> ճակատից վերջնականապես մաքրում էր <Արցախը ծախողի> պիտակը և փակցնում այն սեփական ճակատին: Լևոն Տեր-Պետրոսյանն անձամբ արեց ամեն ինչ, որպեսզի օգնի Սերժ Սարգսյանին` ժամ առաջ հանձնելու ազատագրված տարածքները: Սակայն անգամ նրա համակիրների զգալի մասը, ներքաղաքական պայքարի տրամաբանությամբ, ակտիվորեն քննադատեցին գործող նախագահի զիջողականությունը, թեև իրենք էլ հավանաբար նույնը կուզենային անել: Իր հերթին ընդդիմադիրների չզիջող հատվածը, տեսնելով Սերժ Սարգսյանի վճռականությունը, նոր սպառնալիքը շատ մեծ գնահատեց և կտրուկ ավելացրեց բողոքի գործողությունները:

Արտերկրում նույնպես բոլորին թվաց, թե Սերժ Սարգսյանը երկրի կամ սեփական թուլության պատճառով է ստիպված ավելի զիջող լինել: Հիմնվելով Հայաստանի նոր ղեկավարի հավելյալ զիջելու ենթադրյալ պատրաստակամության վրա` միջնորդ տերությունները նորից ակտիվացրին վաղուց փակուղի մտած բանակցային գործընթացը, իսկ Ռուսաստանը նույնիսկ փորձեց առաջ անցնել գործընկերներից և խաղաղարարի դերը ստանձնելով` էլ ավելի ամրացնել իր դիրքերը տարածաշրջանում:

Իրենց հերթին Թուրքիան և Ադրբեջանը, որ վաղուց էին սպասում Հայաստանի թուլացմանը, վերջինիս նախաձեռնությունը բացատրեցին հենց դրանով: Նրանք չդրսևորեցին հանդիպակաց որևէ զիջողականություն, ինչի ակնկալիքն ուներ Հայաստանի նոր ղեկավարը, այլ ընդհակառակը, պահանջեցին ավելին, քան վերջինս պատրաստվում էր և կարող էր զիջել: Ադրբեջանի դեպքում դա բոլոր յոթ ազատագրված շրջանների ադրբեջանապատկանության ճանաչումն էր և կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեի անցկացման համաձայնությունը միայն ԼՂ-ից հեռացած ադրբեջանցիների և նրանց սերունդների վերադարձի դեպքում: Բնական է, որ եթե անգամ Սերժ Սարգսյանը համաձայնվեր այս պահանջների հետ, միևնույն է, օրեցօր ավելի անզիջում դարձող հայ հանրությանը նա չէր կարող ներկայանալ նման առաջարկությամբ: Արդյունքում` դարձյալ փակուղի:

Այնուամենայնիվ, Սերժ Սարգսյանը չի հուսահատվում և պետք է ենթադրել, որ շարունակելու է հարցն արդեն այս կամ գոնե հաջորդ տարվա ընթացքում կարգավորելու իր փորձերը: Ինչո՞ւ: Բացառված չէ, որ Սերժ Սարգսյանին վախեցնում է պատերազմի վերսկսման հեռանկարը, և նա ուզում է զիջումների գնով կանխել ենթադրաբար շատ ավելի մեծ պատերազմական կորուստները կամ տնտեսական զարգացման այլ միջոցներ չի տեսնում իր ղեկավարած կլանային համակարգի համար: Դա են հաստատում նաև նրա վերջին ելույթները:

Ինչպիսին էլ լինեն շարժառիթները, իր նպատակին հասնելու համար Սերժ Սարգսյանը պետք է հաղթահարի երկու անհաղթահարելի խոչընդոտ` Ադրբեջանի ռազմատենչությունը և Հայ ժողովրդի ազգային-պատմական ինքնագիտակցությունը: Իսկ դրանք անհաղթահարելի են, որովհետև Ադրբեջանը հայկական կողմի զիջելու պատրաստակամությունը մեկնաբանում է որպես վախի և թուլության արտահայտություն, և նրա ռազմատենչությունն ավելանում է հայկական կողմի զիջողականությանը համեմատ: Մյուս կողմից, տարածքային զիջումների անխուսափելիության մասին հայ ժողովրդին հասցեագրված քարոզը հակառակ ազդեցությունն է գործում, ակտիվացնում է հարցի հանրային քննարկումը, այդ թվում` անվտանգության տեսակետից, և հանգեցնում է տարածքային զիջումների անթույլատրելիության մասին տրամաբանական եզրակացության: Ոչ ոք հայ ժողովրդին չի կարող համոզել, թե տարածքների անգամ մի մասի հանձնումը կարող է անվտանգ լինել, և որ ԼՂԻՄ նախկին բնակչության սերունդների մասնակցությամբ ապագա հանրաքվեն պատերազմի արդյունքներին համապատասխանող հաղթական լուծում է: Այս իմաստով վարչախմբի կողմից իրականացվող <բացատրական աշխատանքները> դատապարտված են ձախողման և ավելացնում են հայ հանրության ատելությունը նույն վարչախմբի նկատմամբ:

Այսպիսով` բանակցությունների միջոցով կարգավորման հնարավորություններն ակնհայտորեն սպառված են, և մենք թևակոխել ենք Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունները վերսկսելու բացահայտ նախապատրաստության փուլ: Այս փուլը, սակայն, ոչ միայն կարող է անվերջ երկար տևել, այլև շատ հավանական է, որ մի օր ավարտվի Բաքվի կողմից ռազմական լուծման անհեռանկարության գիտակցումով: Չնայած առայժմ պատերազմի հավանականությունը շատ մեծ չէ, այնուամենայնիվ, դրա հետ կապված նախապատրաստությունները Հայաստանում չպետք է շատ հետ մնան Ադրբեջանից: Ասվածը վերաբերում է ոչ միայն պետությանը և զինված ուժերին, այլև հանրությանը, որովհետև երկրի բավարար պաշտպանունակությունը չեն կարող ապահովել ոչ իշխող վարչախումբը, ոչ էլ ընդդիմության ներկայիս ձևաչափը` իրենց պարտվողական տրամադրություններով: Արցախի պաշտպանության առումով նույնպես գաղափարական-քաղաքական սերնդափոխությունը անհրաժեշտություն է:

 


 

Ցեղասպանության ճանաչում. ի՞նչ նպատակով

 

Իր մյուս նախաձեռնությամբ` ֆուտբոլային դիվանագիտությամբ, Սերժ Սարգսյանը ստիպեց հայ հանրությանը լրջորեն մտորել ևս մեկ կարևոր հիմնախնդրի` հայ-թուրքական հարաբերությունների շուրջ: Այնուամենայնիվ, Հայաստանն ունի՞ որևէ տարածքային պահանջ Թուրքիայից, թե Ցեղասպանության ճանաչումը լոկ բարոյական, իսկ սահմանի բացումը լոկ տնտեսական նշանակություն ունեն մեզ համար:

Օրեցօր ավելանում է այն գործիչների թիվը, ովքեր համոզմունք են հայտնում, որ շուտով Հայոց Ցեղասպանությունը կճանաչեն այս հարցում Թուրքիայի ավանդական դաշնակիցներ հանդիսացող ԱՄՆ-ն, Իսրայելը և, ի վերջո, ինքը` Թուրքիան: Այդ հավանականության վկայություններ են համարվում թուրք մտավորականների ստորագրահավաքը, ԱՄՆ-ի կառավարությունում հայկական բանաձևերի կողմնակիցների ավելացումը, ինչպես նաև թուրք-իսրայելական փոխադարձ մեղադրանքները, այդ թվում` ցեղասպանության հարցում: Նույնիսկ պատմաբանների հայ-թուրքական հանձնախմբի մասին խոսակցությունները կարելի է ընկալել ոչ անպայման որպես հայկական կողմի զիջում, այլ Ցեղասպանությունը ճանաչելու հնարավորություն Թուրքիայի համար (իբրև թե իրենց քաղաքական գործիչները բավարար պատմական տվյալներ չունեին այդ դեպքերի մասին, հենց որ ունեցան` անմիջապես ընդունեցին): Այսպիսով, թեկուզ ոչ հենց հիմա, բայց հավանական է, որ ոչ հեռու ապագայում կարող ենք ականատեսը դառնալ տասնամյակների համազգային իղձերից մեկի իրականացմանը: Սակայն ինչպե՞ս և ի՞նչ գնով:

Սփյուռքի տևական պայքարը հանուն Ցեղասպանության ճանաչման զգացական դրսևորում լինելուց բացի, նաև քաղաքական տեխնոլոգիա էր, որի նպատակն էր Արևմտյան Հայաստանի նկատմամբ հայության իրավունքները հիմնավորելը և Թուրքիային տարածքային պահանջներ ներկայացնելը: Հայ ավանդական կազմակերպությունները, տարաբնույթ ներքին հակասություններով հանդերձ, այս հարցում համակարծիք էին և են: Հանուն դրա, այլ ոչ թե անիմաստ վրեժից դրդված, տասնյակ հայ երիտասարդներ իրենց կյանքը զոհեցին: Սակայն, պահանջատիրության հարցում հայության միակարծությունը խախտվեց Հայաստանի անկախացման հետ միասին:

Ղարաբաղյան շարժման առաջնորդներին թվում էր, թե անկախության նպատակը վախեցնում է Հայաստանի բնակչությանը: Ենթադրաբար Թուրքիան ընկալվում էր որպես հզոր թշնամի, որից հնարավոր չէ պաշտպանվել առանց Ռուսաստանի: Այդ ենթադրյալ վախը հանելու նպատակով  Վազգեն Մանուկյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, նաև Ռաֆայել Իշխանյանը, Աշոտ Բլեյանը և ՀՀՇ այլ ներկայացուցիչներ արհեստականորեն տարանջատում էին սփյուռքահայության և հայաստանցիների շահերը, պարբերաբար կրկնում էին բրիտանական հայտնի արտահայտության ձևախեղված տարբերակը` <պետությունները չունեն մշտական թշնամիներ և մշտական բարեկամներ, այլ ունեն մշտական շահեր>` մոռանալով, որ ասվածը վերաբերում էր աշխարհի մեծագույն կայսրությանը, այլ ոչ թե ցեղասպանության ենթարկված մի ժողովրդի: Այդպիսով փորձ էր արվում համոզել ենթադրաբար Թուրքիայից վախեցող և Ռուսաստանի պաշտպանությունը նախընտրող Հայաստանի բնակչությանը (իրականում նոր քաղաքական վերնախավն ինքն իրեն էր համոզում), թե դարավոր թշնամու հետ նույնպես կարելի է հաշտվել, եթե դա բխում է այսօրվա մարտավարական շահերից: Հաշտության գինը չէր քննարկվում: Այս իրավիճակային գաղափարախոսությունը դրվեց պետական քաղաքականության հիմքում, թեև հանրության մեջ տվյալ հարցում առկա էր նաև արմատական ընդդիմություն:

Անկախության առաջին օրերից Լևոն Տեր-Պետրոսյանի վարչախումբը գործնականում հրաժարվեց Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներից և առաջարկեց հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների` Ցեղասպանության հարցը թողնելով զգացական սփյուռքահայությանը: Սփյուռքի ճնշումը Ցեղասպանության հարցում, ըստ երևանյան իշխանավորների, չէր խանգարում, որովհետև որոշ չափով հակակշռում էր Թուրքիայի ճնշմանն Արցախի հարցում և այդպիսով կարող էր Անկարայի համար ավելի ընդունելի դարձնել Երևանի առաջարկած բանաձևը` առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և սահմանը բացելու վերաբերյալ: Սակայն նույն <Փարիզում նարինջ ուտող սփյուռքահայությանը> արգելվում էր այս գործին խառնել Հայաստանի <թշվառ> բնակչությանը, որի շահերից իբրև թե չէր բխում Թուրքիայի հետ թշնամանքի շարունակումը:

Սակայն Թուրքիան այդպես էլ չընդունեց Հայաստանի առաջարկած և կարծես թե բավականին ընդունելի սկզբունքը, քանի որ ուներ մեկ այլ կարևոր նախապայման ևս, որը ոչ մի կապ չուներ Ադրբեջանի <տարածքային ամբողջականության> հետ: Թուրքիային այսօր էլ անհրաժեշտ է Հայաստանի հետ նոր միջպետական պայմանագրով վերացնել շուրջ իննսունամյա վաղեմության միջազգային պայմանագրերից բխող Հայաստանի իրավունքներն ավելի քան հարյուր հազար քառ.կմ տարածքի նկատմամբ: Եվրոպային անդամակցել ձգտող Անկարան չի ուզում բարձրաձայն քննարկել <իր> տարածքների վիճելիության հետ կապված որևէ հարց, ուստի` այս նախապայմանը քողարկվում է այլ ձևակերպումների և հատկապես Ադրբեջանին տարածքներ վերադարձնելու պահանջի ներքո:

Ավելի ազգային դիմակ հագած հաջորդ` քոչարյանական վարչախումբը, իր նախորդից մի քիչ տարբերվելու համար և Սփյուռքից ավելի շատ փող ակնկալելով, Ցեղասպանության թեման արծարծեց նույնիսկ ՄԱԿ-ի ամբիոնից, սակայն գործնականում նա էլ շարունակեց <առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման> քաղաքական գիծը: Ընդ որում, առաջին դիրք մղվեց հայ-թուրքական սահմանի բացման խնդիրը, որը քննարկվում էր դրա զուտ տնտեսական և առևտրական հետևանքների տեսակետից և բոլորովին անտեսվում էին նույն սահմանի օրինականության, ինչպես նաև անվտանգության հարցերը: Թուրքիային ներկայացվող հայկական պահանջների ցանկը տեղափոխվեց նույնիսկ Եվրոպա, որպեսզի վերջինս դրանք օգտագործի Թուրքիայի անդամակցումը դանդաղեցնելու համար: Դրանք էին Ցեղասպանության ճանաչում, շրջափակման վերացում կամ սահմանի բացում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում, և ոչ մի խոսք տարածքային պահանջների մասին` ոչ Հայաստանի և ոչ էլ Սփյուռքի անունից: Նույն մոտեցումն է կիրառվում նաև ներքին քարոզչության մեջ: Ամեն ինչ արվեց, որպեսզի հանրային գիտակցության մեջ Ցեղասպանության ճանաչումը ընկալվի որպես հետևանքներ չենթադրող ինքնանպատակ, իսկ սահմանի բացումը` տնտեսական բազում խնդիրների միակ սպեղանի (եղան հրապարակումներ, որոնցում նույնիսկ կոռուպցիան պայմանավորվում էր սահմանի փակ լինելով):

Թեև տեր-պետրոսյանական և քոչարյանական վարչախմբերի վերաբերմունքը խնդրին նույնն էր, սակայն <նախկինները> մեղադրեցին Քոչարյանին Ցեղասպանության հարցը հայաստանյան քաղաքականության տարր դարձնելու համար և հակադարձեցին դրան` մասնակցելով հայ-թուրքական հաշտեցման միջազգային նախագծին: Վերջինիս շրջանակներում քննարկվող լուծումը, ինչպես և Ղարաբաղյան կարգավորման դեպքում, մեկն էր. Հայաստանն ընդունում է Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, որից հետո Թուրքիան, արդեն առանց տարածք կորցնելու մտավախության, ներում է խնդրում անցյալի սխալների համար` մեղքը գցելով Օսմանյան կայսրության վրա: Ընդ որում` սահմանների բացման խնդիրը լուծվում է մի գուցե միաժամանակ, սակայն առանձին` պայմանավորված հայ-ադրբեջանական կարգավորմամբ: Որպես հայ-թուրքական հաշտեցման հանձնախմբի դրական արդյունք դրա հայ մասնակիցները ներկայացրին միջազգային մի կազմակերպության փորձագիտական-արբիտրաժային եզրակացություն, որում նույնպես հաստատվում էր Ցեղասպանության փաստը, սակայն շրջանցվում էին պատասխանատվության, առավել ևս տարածքային փոխհատուցման հարցերը:

Ահա այս ժառանգության պայմաններում նույն մտածելակերպի կրող նոր վարչախումբը վճռականորեն ձեռնամուխ եղավ հաշտության իր ծրագրի իրագործմանը, որի նպատակը սահմանը բացելն էր, Թուրքիայի ու նրա տարածքով Եվրոպայի հետ հաղորդակցություն ունենալը, մի գուցե նաև էներգակիրների տարանցմանը մասնակցելը: Սերժ Սարգսյանը համաձայնվեց պատմաբանների հանձնախմբի ստեղծմանը, սակայն պարզվեց, որ սահմանը բացելու համար դա բավարար չէ: Նույնիսկ տարածքների հարցում Ադրբեջանին զիջելու պատրաստակամությունը չօգնեց: Հայաստանից պահանջում էին ավելին, բայց կոնկրետ պահանջը գոնե հրապարակային չէին ներկայացնում: Արդյունքում` Թուրքիայի գործողություններն ընկալվեցին որպես մերժում կամ որպես թուլացած Հայաստանից ավելին պոկելու ցանկություն, և Սերժ Սարգսյանը նույնպես ստիպված եղավ սպառնալ, թե Հայաստանը չի կասեցնի Սփյուռքի ճնշումը Ցեղասպանության ճանաչման հարցում:

Այնուամենայնիվ, հայ-թուրքական <հաշտության> աշխատանքներն ակտիվորեն շարունակվում են այսպես կոչված <քաղաքացիական հասարակությունների> մակարդակով, իսկ երբեմն նաև երրորդ երկրների ֆինանսական և կազմակերպական աջակցությամբ: Թուրքիայի նախագահի այցելությանը հաջորդեցին թուրք մտավորականների ստորագրահավաքը, հայ-թուրքական <հաշտեցման> այլ դրսևորումներ, ինչպիսին է, օրինակ, համատեղ ֆիլմի նկարահանման նախագիծը: Սակայն յուրքանչյուր այդպիսի գործողություն ավելի շատ հայ մարդկանց է ստիպում ավելի սթափ նայել խնդրին ու հասկանալ որ հայ-թուրքական հարաբերություններն այսօր էլ հակամարտության բնույթ են կրում, միշտ էլ այդպիսին են եղել և շարունակելու են մնալ:

Մասնավորապես, բոլորը նկատեցին, որ ստորագրահավաքում թուրք մտավորականները խուսափում են <ցեղասպանություն> բառեզրից, սահմանափակվում են ներողություն խնդրելով և չեն խոսում որևէ հատուցման մասին: Իսկ տեղեկանալով նախապատրաստվող ֆիլմի մասին, որն, ըստ պատվիրատուների մտահղացման, ինտերնետային սիրո պատմություն է, բոլորն առաջին հերթին ուշադրություն էին դարձնում այն հանգամանքի վրա, որ թուրքը տղան է, իսկ հայը` աղջիկը: Ֆիլմում <թուրքին սիրող օրիորդի> կերպարը այսօր շատ ավելի վիրավորական և ստորացուցիչ է ընկալվում, քան 1915թ ջարդերի ընթացքում տեղի ունեցած զանգվածային բռնաբարությունների մասին հիշողությունը: Հայ-թուրքական հաշտեցման յուրաքանչյուր այսպիսի գործողություն անգամ խնդրի նկատմամբ մինչ այդ անտարբեր եղած մարդկանց մոտ բնական վրդովմունք և բողոք է արթնացնում:

Հատկապես վերջին տարում, մտավորական, փորձագիտական և վերլուծական ելույթների մակարդակով ձևակերպվում է հայ ժողովրդի կողմից Թուրքիային ներկայացվող տարածքային պահանջը: Հանրային քննարկման են ներկայացվում դրա իրավական հիմքերը, Թուրքիայի հակափաստարկների հերքումները: Կասկածի տակ են առնվում Թուրքիայի հետ տնտեսական և քաղաքական գործակցության օգուտները, վեր են հանվում արդեն առկա և հարաբերությունների խորացմանը համընթաց հայտնվող սպառնալիքները: Նման տեսակետները վաղուց դադարել են լուսանցքային լինելուց, իսկ սպասվող գաղափարաքաղաքական սերնդափոխության արդյունքում պետք է որ գերիշխող դառնան:

Եվրոպական կողմնորոշման վերաիմաստավորումը

Թվում է, թե Հայաստանում եվրոպական ինտեգրացիայի քաղաքականության դեմ ոչ ոք լրջորեն չի առարկում: Ավելին, ընդդիմությունն այս հարցում կարծես մրցում է իշխանությունների հետ, քննադատում է նրանց միայն այն բանի համար, որ վերջինները բավականաչափ անկեղծ չեն դեպի Եվրոպա իրենց ձգտումներում, նրանց ջանքերը ձևական են և անբավարար:

Միայն վերջին շրջանում եվրոպական կառույցները որոշ չափով քննադատվեցին Հայաստանում իշխող ուժերի և նրանց ընդդիմադիրների կողմից: Ներքաղաքական հակամարտության կողմերը դժգոհ էին եվրոպացիների` իրենց համար ոչ շահեկան միջամտությունից կամ ակնկալվող միջամտության պակասից: Մասնավորապես ընդդիմությունը նրանց մեղադրեց ժողովրդավարական սկզբունքները քաղաքական շահերից ստորադասելու, իսկ վարչախումբը` Հայաստանի նկատմամբ ավելի խիստ լինելու և, դարձյալ քաղաքական պատճառներով, երկակի չափանիշներ կիրառելու համար: Ու թեև քաղաքական ուժերը կասկածի տակ չդրեցին եվրոպական կողմնորոշման ճիշտ լինելը, այնուամենայնիվ մենք այդ մասին ավելի լրջորեն խորհելու առիթ ունեցանք:

Համարձակվենք ենթադրել, որ եվրոպական կողմնորոշման հարցը հայ հանրության համար ոչ թե վաղուց լուծված է, այլ, ըստ էության, նոր է սկսում քննարկվել: Պարզապես սառը պատերազմում ԽՍՀՄ պարտության արդյունքում նրա բեկորները պետք է շարժվեին դեպի հաղթանակած Արևմուտք, դեպի <բազմակուսակցական ժողովրդավարություն> և <շուկայական ազատություններ>: Այս ամենը կար Եվրոպայում: Բացի այդ Եվրոպան առաջարկում էր իրեն միանալու բազմաստիճան մեխանիզմ, որը չէր բացառում նաև անկախ ձևանալու հնարավորությունը: Ուստի` անկախությանն անվարժ քաղաքական վերնախավերի համար <եվրոպական ծերանոցը> ներկայանում էր որպես <խորհրդային կոմունալկայի> միակ այլընտրանք: Հայաստանի լիարժեք անդամակցումը եվրոպական ընտանիքին շարքային քաղաքացիների գիտակցության մեջ նույնացվում է հարուստ ապրելու հետ` եվրոպացիների նման: Քաղաքական գործիչների համար կարևոր է նաև ժողովրդավարությունը, զանազան իրավունքներն ու ազատությունները: Իսկ նրանք, ովքեր մինչ հիմա փորձում էին դեմ արտահայտվել, ավելի լուրջ բան չգտնելով, գլխավորապես դժգոհում էին համասեռամոլության տարածվածությունից: Երբեմն խոսվում էր Եվրոպայում տիրապետող արժեհամակարգի մերժելիության մասին, սակայն չեր ճշտվում, թե հատկապես որ արժեքներն են, որ համատեղելի չեն հայկականի հետ:

Քաղաքական վերնախավի ընդհանուր համաձայնության պայմաններում, Հայաստանը շարունակում է ընթանալ դեպի Եվրոպական միություն: Եվրոպան էլ գալիս է ընդառաջ: Օրերս Եվրահանձնաժողովի կողմից այսպես կոչված Արևելյան Եվրոպայի 6 երկրների շարքում` Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ միասին նաև Հայաստանին առաջարկվել է ԵՄ-ի հետ քաղաքական և տնտեսական ավելի սերտ համագործակցության նոր ծրագիր։ Հիմա, երբ Հայաստանի ընդգրկումը Եվրահամայնք ավելի իրական է դառնում, ստիպված ենք ավելի շատ խորհել եվրաինտեգրման հնարավոր սպառնալիքների մասին: Իսկ դրանք քիչ չեն և հայ ժողովրդի համար կարող են Ցեղասպանությունից ավելի կործանարար լինել:

Եվրոպացի պաշտոնյաների կարծիքով` ընդգրկված երկրներին լայնածավալ ֆինանսական օգնություն նախատեսող Արևելյան համագործակցության ծրագիրը «ներդրում չէ Արևելյան Եվրոպայի երկրներ, այլ ներդրում է Եվրամիության համար»: Իսկ ի՞նչ շահ է հետապնդում Եվրամիությունը նման լայնածավալ ներդրում կատարելիս: Ինչո՞վ են նրան հրապուրում, օրինակ, Լուկաշենկոյի ղեկավարած Բելառուսը կամ միացյալ Եվրոպայի հետ ընդհանուր սահման չունեցող և բավական անկայուն հարավկովկասյան երկրները: Հայաստանում վաղուց արդեն չեն հավատում, թե եվրոպացիներին առաջ է մղում այս երկրներում ժողովրդավարություն և հաշտություն հաստատելու անսահման ձգտումը: Արդյունքում` փորձելով հասկանալ Բրյուսելի իրական մղումները` մենք սկսում ենք ուրիշ աչքով նայել Եվրամիությանը և նրա ներքին խնդիրներին:

Երկրորդ աշխարհամարտից հետո եվրոպական ժողովուրդները, որ արդեն հասցրել էին գաղութացնել գրեթե ողջ աշխարհը ու հոգնել էին միմյանց հետ պատերազմելուց, որոշեցին միասին <անցնել թոշակի> և վայելել դարերով թալանածը: Նյութապաշտ և ռազմատենչ ժողովուրդների նման որոշումը խոսում էր եվրոպական քաղաքակրթության ծերության և մոտալուտ մահվան մասին: Ֆեմինիզմը փոխեց կնոջ, իսկ որպես հետևանք նաև տղամարդու դերը հասարակությունում: Սեռական հեղափոխությանը հետևող երիտասարդությունը հակադրվեց ծնողներին և «ազատագրվեց» նրանցից: Սոցիալական ապահովության զարգացած համակարգն ընտանեկան կապվածությունից ազատեց նաև թոշակառուներին: Արդյունքում` անիմաստ դարձած ընտանիքի քայքայում և ծնելիության խայտառակ անկում: Սակայն որպեսզի ծերացած եվրոպացիները բարձր թոշակ ստանային, նրանց չծնված երեխաների փոխարեն ինչ-որ մեկը պետք է աշխատեր: Եվրոպան սկսեց էժան աշխատուժ ներմուծել աղքատ երկրներից և բախվեց նոր խնդրի: Ներգաղթյալները, որոնց մեծ մասը մահմեդականներ էին, բավականաչափ արագ չէին ձուլվում: Չհասցնելով մարսել ներգաղթյալների հոսքը` եվրոպական պետությունները սկսեցին որոշ սահմանափակումներ կիրառել, այդ թվում` թույլ չտալ կամ հետաձգել Թուրքիայի մուտքը Եվրամիություն: Սակայն պետք էր ինչ-որ կերպ լրացնել աշխատուժի պակասը: Կապիտալի արտահանումը և որոշ արտադրությունների տեղափոխումը երրորդ աշխարհի երկրներ, ինչպես նաև պետությունների միավորման շնորհիվ աշխատատեղերի որոշ կրճատումը բավարար չէին: Եվրոպացիները ծառաների կարիք ունեին: Որտեղից գտնել աղքատ եվրոպացիներ, որոնք կհամաձայնվեն ծառայել և հեշտությամբ կձուլվեն: Ահա այստեղ է, որ հետխորհրդային ժողովուրդները, ի տարբերություն թուրքերի և արաբների, դիտվում են որպես հարմար <սնունդ>: Ու կարևոր չէ, թե Բելառուսում ժողովրդավարություն կա կամ չկա: Կարևոր է, որ բելոռուսները կհամաձայնվեն աշխատել որպես դայակ, սևագործ բանվոր, աման լվացող, հավաքարար կամ աղբահավաք և միաժամանակ մահմեդական գլխաշոր չեն կրի, արագ կսովորեն լեզուն, կկենակցեն ում հետ պատահի և շուտով լիարժեք եվրոպացի կդառնան` ճիշտ այնպես, ինչպես եվրոպացի են դարձել լեհերը, ռումինացիները, լիտվացիները: Ի վերջո, արևելյան հարևանության վեց երկրներն իրենց 75 միլիոն բնակչությամբ կարող են մի հիսուն տարով հետաձգել եվրոպական քաղաքակրթության ժողովրդագրական վախճանը:

Արդեն հիմա Եվրամիությունը քննարկում է արևելյան հարևանների համար աշխատաշուկան բացելու հնարավորությունը, դյուրացնում է վիզային ռեժիմը: Ուրեմն` պետք է ենթադրել, որ աշխատանքային անվերադարձ միգրացիան Հայաստանից դեպի Եվրոպա որակապես ավելի մեծ ծավալներ կարող է ընդունել: Կրթական միգրացիայի արդյունքում, որը քաջալերվում է նաև Հայաստանի կառավարության կողմից, մենք կբախվենք նաև ուղեղների զանգվածային արտահոսքի հետ: Շտապող եվրոպացիներն իրենց անվտանգությունն ու կայունությունը կապում են նաև մեզ մոտ տեղի ունեցող իրադարձությունների հետ և որոշել են միջամտել, <հաշտեցնել> մեզ ադրբեջանցիների հետ, իսկ հետո նաև միմյանց ինտեգրել Հարավային Կովկասի երկրների, ինչպես նաև Եվրամիության թեկնածու Թուրքիայի տնտեսությունները: Հայերի համար դա նշանակում է ինտեգրում և աստիճանական ձուլում թուրքական շրջապատին: Դրանից հետո նորից եվրոպացի դառնալը շատ բաղձալի կդառնա:

Որպեսզի չդիմադրենք և հեշտությամբ հրաժարվենք մեր ինքնությունից և անկախությունից, մեզ առաջարկվում է շռայլ ֆինանսական վարձատրություն և եվրաանդամության մոտալուտ հեռանկար, այդ թվում` Ղարաբաղյան կարգավորման և Թուրքիայի հետ հաշտության հարցում զիջողական կեցվածը խրախուսելու համար: Հարց է առաջանում, թե պատրա՞ստ է արդյոք հայ ժողովուրդը <կերակուր> դառնալ: Միանշանակ պատասխան ենթադրող այս հարցի գիտակցումը ստիպում է լրջորեն խորհել եվրոպական կողմնորոշումը վերանայելու մասին:

Մինչև հիմա եվրոպական կողմնորոշումը հիմնավորվում էր նաև արժեհամակարգի ընտրությամբ` իր ժողովրդավարական-շուկայական, քրիստոնեական և մշակութային բաղադրիչներով: Նախ հաստատում էր արվում, որ ժամանակակից աշխարհում հնարավոր չէ գոյատևել առանց տարածաշրջանային ինտեգրման: Հետո Հայաստանի համար, այս առումով, ուրվագծվում էր պարզ երկընտրանք` կամ դեպի քրիստոնյա և զարգացած Եվրոպա, կամ դեպի մահմեդական և հետամնաց Ասիա: Վերջապես հայտարարվում էր, որ քրիստոնյա Հայաստանի համար քրիստոնյա ժողովուրդների եվրոպական ընտանիքում ներառնվելուն այլընտրանք չկա:

Սակայն հայ հանրային գիտակցության մեջ ժողովրդավարական-շուկայական արժեքներն իրենց նյութապաշտական և մրցակցային դրսևորումներով արդեն բավականին արժեզրկվել են: Բացի այդ ակնհայտ է, որ եվրոպական ժողովուրդներն անչափ հեռացել են ավանդական քրիստոնեական արժեքներից և անգամ պետականորեն, օրենսդրորեն հալածում են դրանք: Եվ եթե Հայաստանն իսկապես ուզում է պահպանել կամ վերադառնալ քրիստոնեական արժեհամակարգին, ապա դա ավելի հեշտ կիրականացնի առանց Եվրոպայի և նույնիսկ որոշ չափով կարող է օգտվել մահմեդական ժողովուրդների ավանդապահության օրինակներից` իր ճշմարիտ տեղը գտնելով անհավատության և կրոնական մոլեռանդության միջև: Վերջապես, այսօր ակնհայտ է, որ ժամանակակից արևմտյան ագրեսիվ հակամշակույթի հասցրած վնասը բազմակի գերազանցում է իրական մշակույթի դրական ազդեցությանը, որի պտուղներից օգտվելու համար բոլորովին պարտադիր չէ վերպետական կազմավորումների անդամակցել:

Հայ ժողովուրդը երբեք փակ չի եղել արտաքին դրական ազդեցությունների համար, բայց միշտ կարողացել է պաշտպանել իր ինքնությունը` կարևոր բաներով տարբերվելով իր թե այլադավան, թե հավատակից հարևաններից: Ինչո՞ւ այսօր մենք չենք կարող նույնն անել և սեփական դրական օրինակը մատուցել մեր եվրոպացի և ասիացի հարևաններին: Պետք է ենթադրել, որ այս հարցի պատասխանի փնտրտուքն առաջիկա տարիներին կակտիվանա` եվրոպական հեռանկարի գույների խամրելուն զուգահեռ: Կարելի է կանխատեսել, որ գաղափարախան սերնդափոխության արդյունքում ձևավորվելիք նոր քաղաքական ընտրանին արդեն ավելի հավասարակշիռ վերաբերմունք կունենա Եվրոպայի և եվրոպականի նկատմամբ, տուրք չի տա քաղաքական գավառամտությանը, փոխհարաբերությունների հիմքում կդնի սեփական արժեքային համակարգը, որը եվրոպականի հետ կարող է ունենալ և ընդհանրություններ, և հակադրություններ:

Տնտեսական ճգնաժամի հայկական փունջը և տնտեսական համակարգի վերանայման անհրաժեշտություն

Հայաստանի տնտեսության վրա համաշխարհային ճգնաժամի հնարավոր ազդեցությունների մասին ամենատարբեր տեսակի կանխատեսումներ շատ են եղել: Սակայն գրեթե երբեք դրանցում չեն հիշատակվում ճգնաժամ ծնող ներքին առարկայական պատճառները: Ըստ էության, տնտեսական ճգնաժամի հայկական փունջը բաղկացած է մի շարք կուտակված խնդիրներից:

Հիմնականը, իհարկե, համաշխարհային ճգնաժամի ազդեցությունն է: Դրանից մենք խուսափել չէինք կարող, սակայն կարևոր է ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ այդ ազդեցությունն ավելի մեծ է լինելու գլխավորապես Հայաստանից դեպի Ռուսաստան և այլ երկրներ արտագաղթի և արտագնա աշխատանքի մեկնողների մեծ թվի պատճառով: Ստացվում է, որ տնտեսական վերելքի ժամանակահատվածում արտագնա աշխատողները ծաղկեցնում են օտար երկրները, իսկ անկման օրերին գործազուրկների այդ զանգվածը, մասամբ նաև արտագաղթածների փոխանցումներով գոյատևող նրանց հարազատները, դառնում են Հայաստանի հոգսը: Աշխատուժի արտահանման և արտագաղթի խնդիրը, իր ժողովրդագրական, տնտեսական, բարոյական և քաղաքական հետևանքներով, միշտ էլ եղել է մեր երկրի գլխավոր մարտահրավերներից մեկը, որի հետ, սակայն, մենք մի տեսակ համակերպվել էինք: Ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի վրա, ենթադրվում է, համեմատաբար ավելի ծանր կլինի, սակայն ոչ միանգամից, այլ ժամանակի մեջ բավականին ձգված: Այն կստիպի ավելի լրջորեն խորհել տնտեսության այս գլխավոր խնդիրը հաղթահարելու ուղիների, այդ թվում ոչ տնտեսագիտական լուծումների վերաբերյալ:

Իսկ ճգնաժամ առաջ բերող ներքին պատճառներից հիմնականը Հայաստանի տնտեսության, այսպես կոչված, վերականգնողական աճի ավարտն է: Երկրաշարժի, ԽՍՀՄ ներտնտեսական կապերի փլուզման, պատերազմի և շրջափակման, ինչպես նաև աշխատուժի զանգվածային արտահոսքի, էներգետիկ ճգնաժամի, անարդյունավետ սեփականաշնորհման, դրա անվան տակ իրականացվող թալանի, կառավարության այլ սխալների արդյունքում մեր արտադրական կարողությունները 90-ականների սկզբին անչափ խորն անկում էին ապրել: Հետպատերազմյան տարիներին, երբ վերաբացվեց ատոմակայանը, մեծացան գազի մատակարարման ծավալները, մասամբ բարելավվեցին ապրանքափոխադրումների պայմանները, աստիճանաբար ավելացան ներքին և արտաքին ներդրումները, այդ թվում էժան աշխատուժի և միջազգային վարկերի շնորհիվ, Հայաստանի տնտեսության` հանգամանքների բեռի տակ սեղմված զսպանակը, դրանց մեծ մասից ազատվելով, արագ պետք է վերաբացվեր, վերագտներ իր բնական վիճակը: Արդյունքում` մի քանի տարի խոսվում էր բարձր և նույնիսկ երկնիշ տնտեսական աճի մասին: Զսպանակման փուլն ավարտվեց, ուստի` տնտեսական աճի արագ տեմպերը պետք է կտրուկ նվազեին, ինչն առանց համաշխարհային ճգնաժամի էլ պետք է Հայաստանում լուրջ խնդիրներ առաջ բերեր: Մեր տնտեսությունը, ներդրողներն ու սպառողները վարժվել էին ծավալվող տնտեսության պայմաններում գործելուն և հիմա նոր պայմաններին հարմարվելու, ընթացիկ ներդրումների ակնկալվող արդյունավետությունը գնահատելու, ծախսերը պլանավորելու դժվարություն կունենան:

Ներքին խնդիրներից երկրորդն անցած բոլոր տարիներին բյուջետային մեծ պակասորդի կուտակումն էր: Գլխավոր վտանգն այն չէ, որ այն լրացնելու համար պետությունը մեծ պարտք էր կուտակում (ճիշտ ռազմավարության և նպատակային օգտագործման դեպքում վարկերը կարող էին և առանձին դեպքերում նաև բերել են զգալի օգուտներ), այլ այն, որ ընտանիքները վարժվում էին սպառողական վարքագծին, կյանքի <որակի> անհիմն բարձրացմանը և անցած մի քանի տարիներին նրանց ախորժակը աճում էր ավելի արագ, քան իրական տնտեսությունը, մասնավորապես արտադրությունը: Նման ազդեցություն էին ունենում նաև արտերկրում ապրող հարազատների և արտագնա աշխատողների փողային փոխանցումները: Մենք սովորել ենք քիչ արտադրելուն և շատ ծախսելուն, պարտքով ապրելուն, ներմուծելուն` առանց դրա դիմաց ինչ-որ բան արտահանելու: Իսկ սա չէր կարող մի օր ճգնաժամի չհանգեցնել:

Երրորդ խնդիրը եկամուտների բաշխման չարդարացված մեծ բևեռացվածությունն է: Այն մասին, որ բնակչության աղքատ հատվածն այդպես էլ չզգաց երկնիշ աճը, շատ է խոսվել: Փոխարենը` քիչ ենք ուշադրություն դարձրել, թե ինչ անիմաստ է ծախսվում ազգային եկամտի հարուստներին պատկանող բաժինը: Եթե գործարարներն իրենց գումարային առումով ոչ փոքր եկամուտների զգալի մասը ուղղորդեին, ասենք, դեպի արտաքին շուկաներ կողմնորոշված արտադրությունների կազմակերպում, ապա եկամուտների անհամաչափ բաշխումը որոշ չափով արդարացված կլիներ: Սակայն պատկերը ճիշտ հակառակն է: Մասնավորապես, Հայաստանում որևէ քիչ թե շատ խոշոր ներդրումային նախագիծ իրականացնելու համար, որպես կանոն, հրավիրվում է օտար ներդրող, որոնք հաճախ նոր ներդրումների փոխարեն վերազինում են հին հզորությունները և մեր փոխարեն շահագործում դրանք: Իսկ տեղական մասնավոր դրամագլուխը հիմնականում սահմանափակվում է մանրածախ առևտրի, ծառայությունների, տեղական նշանակության փոքր արտադրությունների ոլորտներում երբեմն անիմաստ ներդրումներ կատարելով: Բացի այդ, ինչպես համեմատաբար խոշոր, այնպես էլ միջին և մանր բիզնեսի ներկայացուցիչներն աչքի են ընկնում ընդգծված սպառողական վարքագծով, նրանց շահույթների միայն մի փոքր մասն է ետ ներդրվում գործի մեջ, իսկ հիմնականը սպառվում է ճոխության և շվայտության մրցակցության ընթացքում: Նման վարքագիծ են դրսևորում նաև բարձր աշխատավարձ ստացողները, որոնք եկամուտների անգամ զգալի ավելացումներն օգտագործում են նոր մեքենա, ամառանոց կամ բնակարան ձեռք բերելու, արտասահմանյան շրջագայության մեկնելու, նույնիսկ խաղատների, բայց ոչ երբեք որևէ գործարանի բաժնետոմս ձեռք բերելու վրա: Արդյունքում` այսօր Հայաստանի տնտեսության աճի ներքին ռեսուրսները խիստ սահմանափակ են, ինչը հատկապես ակնհայտ է դառնում ճգնաժամի օրերին:

Ստեղծված իրավիճակի համար, իհարկե, գործարարներն ու տնային տնտեսությունները չեն, որ մեղավոր են, և, կարելի է ասել, ոչ էլ պետությունը, որը խոշոր հաշվով միշտ գործել է ժամանակակից տնտեսագիտական դպրոցների առաջարկած լուծումների շրջանակներում: Իրականում Հայաստանի տնտեսական հիմնախնդիրները մեզ բավարարող տնտեսագիտական (զուտ մասնագիտական) լուծումներ չունեն: Դրանք պետք է փնտրել քաղաքական հարթությունում` բարդ երկընտրանքների, ազգային  առաջնահերթությունների սահմանման կամ վերասահմանման տեսքով: Պետք է ենթադրել, որ առաջիկա տարիներին հենց այս ուղղությամբ ստիպված կլինի պրպտել քաղաքական-տնտեսագիտական միտքը:

Գործող վարչախմբից կամ ներկայիս ընդդիմությունից նման հարցերին բավարարող պատասխաններ ակնկալելն անիմաստ է: Լուծումները, որ նրանք առաջարկում են, հայտնի են: Դա տարածաշրջանային ինտեգրումն է, այդ թվում` Թուրքիայի և Ադրբեջանի հետ, մասնակցությունն տարածաշրջանային նախագծերին, ինչպես նաև շուկայական բաց և մրցակցային համակարգը, արտաքին ներդրումների համար բարենպաստ դաշտի ձևավորումը և այլն: Սակայն Հայաստանի և հայ ժողովրդի առանձնահատուկ պայմաններում բոլոր այս առաջարկությունները պարունակում են ազգային լուրջ սպառնալիքներ, այդ թվում ռազմաքաղաքական, ժողովրդագրական-տնտեսական, հոգևոր-մշակութային, էկոլոգիական անվտանգությունների և այլ առումներով: Դրանցից հնարավոր չէ խուսափել, եթե շարունակում ենք հավատարիմ մնալ տարածաշրջանային ինտեգրման քաղաքական ուղեգծին, ինչպես նաև ինքնանպատակ, այսինքն` սովորական տնտեսական նպատակներ (ՀՆԱ աճ և այլն) հետապնդող տնտեսությանը:

Հայաստանին անհրաժեշտ է ազգային բարդ խնդիրների լուծումը սպասարկող տնտեսություն: Այն առաջնահերթորեն պետք է հետապնդի առանձնահատուկ տնտեսական նպատակներ` երբեմն ի հաշիվ ընդհանուր տնտեսական ցուցանիշների: Մենք պետք է ընտրություն կատարենք նյութական հավելյալ բարեկեցության, շռայլությունների և ազգային անվտանգության միջև: Խոսքն այն մասին է, թե որտեղ պետք է խնայենք, որպեսզի ազատված ռեսուրսներն ուղղորդենք ազգային առաջնահերթությունների լուծմանը, որտեղ և ինչ չափով պետք է հրաժարվենք մրցակցային կանոններից, որպեսզի հատվածական նյութապաշտությունը չգերիշխի ազգային նպատակամղումների նկատմամբ, և ինչպես պետք է բաշխենք ազգային եկամուտը, որպեսզի չտուժի ազգային մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ միասնությունը:

Տնտեսությանն առաջադրված ազգային-քաղաքական խնդիրների փոփոխությունն անխուսափելիորեն կհանգեցնի ոչ միայն տնտեսական քաղաքականության, այլ նաև տնտեսական համակարգի որոշակի փոփոխությանը: Հաշվի առնելով համաշխարհային ֆինանսական մարմինների, ինչպես նաև ներքին սեփականատիրական վերնախավի հավանական դիմադրությունը` անցումն ազգային խնդիրներ սպասարկող տնտեսական համակարգին կարող է հեղափոխական նշանակություն և բնույթ ունենալ: Հետևաբար` քաղաքական ընտրանու գաղափարական սերնդափոխության ընթացքում տնտեսական համակարգի փոփոխության խնդիրը կծագի թերևս ամենավերջում, սակայն այն չի կարող չծագել, եթե մենք իսկապես ուզում ենք պաշտպանել Արցախը, ոչ միայն պահանջել, այլև վերադարձնել Արևմտյան Հայաստանը, զարգանալ` պահպանելով անկախությունը, ի հեճուկս տարածաշրջանի, այլ ոչ թե նրան ինտեգրվելով և ինքատիպությունը կորցնելով:

Եզրակացություն

 

Մենք ներկայացրինք ազգային-քաղաքական հինգ խնդիրների շուրջ առկա զարգացումները և դրանցում նկատվող փոփոխությունները: Սրանցից բացի կան նաև այլ հարցեր, ինչպես, օրինակ, Ջավախքի հիմնախնդիրը, կրթության բովանդակությունը, արդարադատության համակարգը և այլն, որոնց վերաբերյալ տեղի են ունենում հանրային կարծիքի նման փոփոխություններ: Բոլոր այդ փոփոխությունները միասին ամբողջացնում են ազգային-քաղաքական ընտրանու գաղափարական սերնդափոխության նախադրյալները: Դրանց մի մասը դեռևս ակնառու չեն, մյուսներն ավելի ակնհայտ են, բայց բոլորը միասին մի օր կարող են կազմել հայոց նոր սերնդի գաղափարախոսական համակարգը: Դրա համար մտագործունեական հարթակների կազմակերպական ձևավորումն այսօր օրակարգային հարց է:

No comments:

Post a Comment