Tuesday, February 17, 2009

Գեղամ Բաղդասարյան. «Պատերազմի միջոցով հարցեր լուծվում են»

«Անկախության ճանաչման գործընթաց է սկսվել Հարավային Կովկասում, ինչը բնականաբար անդրադառնում է նաեւ Ղարաբաղյան կարգավորման վրա»,-այսօր ասաց Մամուլի ազգային ակումբում ԼՂՀ-ի Ազգային ժողովի անկախ պատգամավոր, Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանը` անդրադառնալով Հարավային Օսիայի եւ Աբխազիայի դեպքերին:

Պատգամավորը ասում է, որ համամիտ է, թե յուրաքանչյուր հակամարտության համար կա առանձին դեղատոմս, սակայն համոզված է, որ մարդու իրավունքներն ունեվերսալ են. «Գոնե այս տեսանկյունից ելնելով, այլ ձեւ չկա չճանաչված պետություններում մարդու իրավունքների պաշտպանության համար, քան պետության անկախության ճանաչումը»:

Օգոստոսյան պատերազմը, ըստ Գ. Բաղդասարյանի, դասեր քաղելու հնարավորություն տվեց. «Այնուամենայնիվ, պատերազմի միջոցով լուծվում են հարցերը, եւ մենք չպետք է երբեք բացառենք պատերազմի հնարավորությունը»:

Երկրորդ դասն էլ այն է, որ ճչանաչված պետությունը պետք է կարողանա ինքնուրույն քաղաքականություն վարել. «Միջազգային հանրությունը գիտեր, որ չկա հարավօսիական գործոն, այլ սա ռուսական գործոնի բաղկացուցիչ մասն էր: Ինձ համար հետաքրքիր է, թե ինչու այդ տարածքի ժողովուրդը երբեւէ չի հարցրել, թե որտեղ է իրենց բանակը, անընդհատ հույսը դրած էր ռուսական կողմի վրա»:

Ըստ պատգամավորի` Ղարաբաղն էլ անընդհատ հայացքը հառած է Հայաստանին, իսկ վերջինս էլ` Ռուսաստանին. «Ղարաբաղը պետք է կարողանա ինքնուրույն քաղաքականություն վարել եւ անընդհատ չնայի պաշտոնական Երեւանի կողմը, վերջինս էլ պետք է հասկանա, որ հայկական գործոնի դիվերսիֆիկացումը կարեւոր տարր է անվտանգության համար»:

Գ. Բաղդասարյանը ասում է, որ իրենք գտնում էին` «պետք է դատապարտել վրացական ագրեսիան, պետք էր ճանաչել Հարավային Օսիան եւ Աբխազիան, իհարկե, հասկանում ենք, որ Հայաստանը չէր կարող դա անել, բայց դա կարող էր անել Ղարաբաղը եւ հայկական գործոնը ընկալելի կլիներ միջազգային հանրության համար»:

Շուշան Ստեփանյան

www.hetq.am

2009-02-13

No comments:

Post a Comment