Wednesday, March 11, 2009

ՌԴ-ն ու Ադրբեջանը «փոխադարձ վստահության բավարար պաշար ունեն»

Այսօր մեկնարկում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի աշխատանքային այցը Ադրբեջան: Ռուս-ադրբեջանական բանակցություններում, ըստ պաշտոնական աղբյուրների, քննարկվելու է նաեւ ղարաբաղյան հիմնախնդիրը. «Մոսկվայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ստորագրած հռչակագրից հետո այս խնդրում նոր հնարավորություններ են ի հայտ եկել», - երեկ նշել է ՌԴ ԱՆ-ի ներկայացուցիչ Սերգեյ Նարիշկինը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ ՌԴ արտգործնախարարը այսօր քննարկելու է Կասպից ծովի իրավական կարգավիճակի հետ կապված հարցերը, իրավիճակը Հարավային Կովկասում, ռուս-ադրբեջանական տնտեսական համագործակցությունը:

Այցի նախօրեին ՌԴ արտգործնախարարը հարցազրույց է տվել ադրբեջանական մի քանի գործակալությունների: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի դիրքորոշումը քաջ հայտնի է` մենք դեմ ենք հակամարտության կողմերին դրսից ինչ-որ դեղատոմսեր թելադրելուն: Ռուսաստանը պատրաստ է սատարել փոխզիջումային համաձայնությունը եւ հանդես գալ որպես երաշխավոր, եթե կողմերը գան այդ համաձայնությանը», - ասել է Սերգեյ Լավրովը: «Մենք ելնում ենք նրանից, որ տվյալ հիմնախնդրի կարգավորման հարցում գլխավոր պատասխանատվությունը ընկնում է հենց ադրբեջանցիների եւ հայերի վրա: Ռուսաստանը պատրաստ է սատարել փոխզիջումային համաձայնությունը, որը կբավարարի բոլոր ներգրավված կողմերին, իսկ այն դեպքում, եթե այդպիսին ձեռք բերվի` հանդես կգա որպես կարգավորման երաշխավոր», - նշել է Լավրովը: «Մեր կարծիքով` կենսունակ կլինի հիմնախնդրի այնպիսի լուծումը, որը թույլ կտա Անդրկովկասում հաստատել կայունություն եւ խաղաղություն, իսկ դրա հետ միասին` հետհակամարտային փուլում կօգնի պահպանել ուժերի` պատմականորեն ձեւավորված աշխարհաքաղաքական հավասարակշռությունը տարածաշրջանում եւ Հարավային Կովկասը չի դարձնի միջազգային քաղաքական եւ ռազմական մրցակցության հարթակ»:

Անդրադառնալով անցած տարվա նոյեմբերի 2-ին Մոսկվայում Ռուսաստան- Հայաստան-Ադրբեջան ստորագրած եռակողմ հռչակագրին` Ռուսաստանի արտգործնախարարը հավաստիացրել է, որ այդ փաստաթուղթը կարեւոր նշանակություն ունի` նախեւառաջ այն իմաստով, որ «Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարները հաստատեցին քաղաքական կարգավորման համաձայնեցումն ավարտելու նպատակով իրենց երկկողմ հանդիպումները շարունակելու մտադրությունը», - ասել է ՌԴ Ա նախարարը, ապա հավելել. «Պատահական չէ, որ 2008թ. նոյեմբերի 2-ի եռակողմ հանդիպման արդյունքները հզոր աջակցություն ստացան նույն տարվա դեկտեմբերին Հելսինկիում կայացած ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստում, ընդ որում` ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահները` Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան, այդ նիստի շրջանակներում Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարներին փոխանցեցին կողմերի դիրքորոշումների մերձեցմանն ուղղված հավելյալ առաջարկներ` ի զարգացումն Մոսկովյան հռչակագրի դրույթների»: Սերգեյ Լավրովի համոզմամբ` այն փաստը, որ վերջերս Ցյուրիխում կայացել է Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հերթական հանդիպումը, վկայում է այն մասին, որ Մոսկովյան հռչակագիրը արդեն աշխատում է հակամարտության կարգավորման օգտին:

Ռուսաստանի արտգործնախարարը անդրադարձել է նաեւ ՀԱՊԿ-ի շրջանակներում Արագ արձագանքման զորքերի ստեղծման հարցին եւ ընդգծել է, որ այն ուղղված չէ Ադրբեջանի դեմ: Ադրբեջանցի լրագրողների հարցին, համաձայն որի` 2008 թվականին Ռուսաստանի կողմից Հայաստանին մոտ 800 միլիոն դոլարի զենք եւ ռազմական տեխնիկա է տրամադրվել, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը ասել է. «Մենք արդեն բազմիցս պատասխանել ենք այդ հարցին. Ռուսաստանը Հայաստանին չի փոխանցել զենք եւ զինտեխնիկա՝ յումրիի 102-րդ ռազմակայանից, ինչպես հունվարի 8-ին հաղորդել էին Ադրբեջանի էլեկտրոնային լրատվամիջոցները: Ցավում ենք, որ այդ հրապարակումը, որը այլ բան չէ, քան տեղեկատվական դիվերսիա, այդչափ հեշտ գտավ իր «հասցեատերերին» Ադրբեջանում: Չեմ կարծում, թե որեւէ լրացուցիչ հետաքննության անցկացման անհրաժեշտություն կա, քանի որ բոլոր հայտարարությունները, որոնք ռուսական կողմը արել է դիվանագիտական ուղիներով, հիմնվում են փաստերի եւ ռուսաստանյան ռազմական ղեկավարության` կասկածների տեղ չթողնող եզրակացությունների վրա»: Հասկանալի համարելով ադրբեջանական կողմի ուշադրությունը տվյալ թեմայի նկատմամբ` «հաշվի առնելով բարդ իրավիճակը Բաքվի եւ Երեւանի միջեւ հարաբերություններում», Լավրովը նաեւ հավելել է. «Միաժամանակ, վստահ ենք, որ Ռուսաստանը եւ Ադրբեջանը փոխադարձ վստահության բավարար պաշար ունեն, որպեսզի նման կեղծիքները չկարողանան խանգարել մեզ` զարգացնելու ռազմավարական համագործակցություն»:

Իսկ գալով էներգետիկ համագործակցության թեմային` Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել է. «Մենք հուսով ենք, որ կիրականացնենք համատեղ խոշոր էներգետիկ ծրագրեր», հավելելով, որ խոչընդոտներ չի տեսնում, եթե Ադրբեջանը միանա ԵվրԱզԷՍ-ի շրջանակներում իրականացվող հակաճգնաժամային ծրագրերին:

Էմմա Գաբրիելյան

Ժամանակ Երեւան

2009-03-11

No comments:

Post a Comment