Wednesday, March 11, 2009

Ադրբեջանը ՄԱԿ-ին է ներկայացրել եւս երկու փաստաթուղթ

2008թ. դեկտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային եւ Անվտանգության խորհրդին ներկայացված երկու փաստաթղթերի միջոցով պաշտոնական Բաքուն առաջին քայլն է կատարել հայ-ադրբեջանական նոր պատերազմի վերսկսման պարագայում միջազգային հանրության աջակցությունը կամ գոնե չեզոքությունն ապահովելու համար, իսկ հիմա էլ ձեռնարկում է երկրորդը։

   Օգտագործելով 2008թ. մարտի 14-ին Գլխավոր ասամբլեայի մի կերպ ընդունած «Դրությունը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» տխրահռչակ բանաձեւի դրույթները, որոնք թույլ են տալիս այդ միջազգային կառույցին պարբերաբար հաշվետվություն տալ Ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակի մասին, ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Աքշին Մեհտիեւը Գլխավոր ասամբլեայի գլխավոր քարտուղար Միգել Դ՚ Էսկոտո Բրոկմանի միջոցով վերջերս միջազգային հանրության դատին է ներկայացրել եւս երկու նոր փաստաթուղթ։

   Դրանցից առաջինը վերնագրված է՝ «Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում եւ նրան հարող Ադրբեջանի այլ տարածքներում տեղի ունեցած կոնֆլիկտի հետ կապված՝ ՄԱԿ-ի եւ միջազգային այլ կազմակերպությունների կողմից Ադրբեջանին ցույց տրված աջակցությունը»։

   Ծավալուն եւ ճապաղ այս փաստաթղթում արվում է մի տարօրինակ եզրակացություն. իբր Ղարաբաղյան հակամարտության հարցում միջազգային հանրության կարծիքը միասնական է՝ հանգում է միջազգային իրավունքի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության պաշտպանությանը։

   Նման «տրամաբանությունից» ստացվում է, որ համայն աշխարհը «կանգնած է» Ադրբեջանի թիկունքին, բայց ահա «օկուպանտ» Հայաստանը չի ցանկանում լսել միջազգային հանրության հստակ ու աներկբա կարծիքը, որի համար էլ Բաքուն ՄԱԿ-ին ու նրա անդամ երկրներին է ներկայացնում խնդրի կարգավորմանը հասնելու իր □տեսլականը□։

   Այս նպատակով Ադրբեջանը կազմել է նաեւ 27 էջից բաղկացած «Ադրբեջանի տարածքը օկուպացրած ագրեսիվ Հայաստանի միջազգային իրավունքի հետ կապված պարտավորությունների մասին» փաստաթուղթը, ուր փորձ է արվում «քննել» միջազգային հանրությանը հետեւյալ երեք սադրիչ հարցերի միջոցով.

   առաջին՝ համաձայն միջազգային իրավունքի, արդյո՞ք Հայաստանը Ադրբեջանի տարածքը օկուպացրած պետություն է,

   երկրորդ՝ եթե այո, ապա ո՞րն է Հայաստանի, որպես ագրեսորի, պարտավորությունները՝ օկուպացված տարածքներում հասարակական կարգի ապահովման, Ադրբեջանի իրավական համակարգի պահպանության, մարդու իրավունքները հարգելու բնագավառներում,

   երրորդ՝ ինչպե՞ս կարելի է դիտարկման ենթարկել Հայաստանի կողմից այդ պարտավորությունների կատարման ընթացքը եւ ստիպել նրան իրականացնել դրանք։

   Այս հարցաշարին «հավաստիություն» հաղորդելու նպատակով Ադրբեջանը իր իսկ հորինած «պետություն-ագրեսորից» պահանջում է «օկուպացված տարածքներում չավերել մասնավոր եւ հանրային սեփականությունը, պատասխանատվություն կրել Ադրբեջանի անհետ կորած 4210 քաղաքացիների համար, պատժել պատերազմական հանցագործություններում» պատասխանատու անձանց եւ այլն։

   Ստացվում է, որ հնարելով «պետություն-ագրեսորի» խրտվիլակը, պաշտոնական Բաքուն Հայաստանի վրա է փորձում տարածել Հաագայի կոնվենցիայի հայտնի դրույթները եւ այդ ամենը ներկայացնել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային ու Անվտանգության խորհրդին։

   Արտաքուստ թվում է, թե այս ողջ հորինվածքը քարոզչական պատերազմում Ադրբեջանի կողմից հետեւողականորեն ձեռնարկվող քայլերի հերթական «խմբաքանակն» է։ Սակայն հարկավոր է ուշադրություն դարձնել այն փաստին, որ վերջին շրջանում Բաքուն ձեռնարկում է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությունը հնարավորինս վարկաբեկելու եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը ՄԱԿ-ի տարբեր ամբիոններ տեղափոխելու հետեւողական քայլեր։ Ադրբեջանը արդեն որերորդ անգամ պրոբլեմներ է ստեղծում Ստեփանակերտ այցելող համանախագահների համար, ինչպես նաեւ տապալում է ռազմաճակատի շփման գծում ԵԱՀԿ մոնիտորինգի անցկացման փորձերը։

   Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ միջազգային հանրությանը Ղարաբաղի հարցում իր տեսակետները պարտադրելու, իսկ դրանց անտեսման դեպքում՝ պատերազմը վերսկսելու մտադրության արտահայտություն։ Ընդ որում՝ վերջին շրջանում Ադրբեջանը իր դիվանագիտական ու ռազմաքաղաքական շանտաժն ուղղում է ոչ միայն Հայաստանի, այլեւ հենց ԵԱՀԿ միջնորդական եւ դիտորդական կառույցների կողմը՝ նրանցից պահանջելով կամ □խաղից դուրս գալ□, կամ էլ հակամարտությունը լուծել իր օգտին։

   Ավելի քան ակնհայտ է, որ Ադրբեջանը համառ ու հետեւողական աշխատանքների միջոցով անգամ չի կարող պատերազմը վերսկսելու «քարտ – բլանշ» ստանալ։ Ուստի Բաքվի հաշվարկը հիմնված է Անվտանգության խորհրդի մշտական անդամների հնարավոր հակասություններն օգտագործելու եւ գոնե նրանց մի մասի աջակցությունը ստանալու ցանկության վրա, ինչը նույնպես առայժմ չի իրականանում։ Ավելին՝ նոր պատերազմի սանձազերծման՝ Ադրբեջանի մտադրությունները տրամագծորեն հակասում են ռուս-ամերիկյան հարաբերություններում վերջին շրջանում նկատվող ռազմավարական երկխոսության ոգուն ու մթնոլորտին։

   Սակայն, կարծում ենք, որ Ադրբեջանի վերջին քայլերը կարող են ստիպել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային դրությունը լիցքաթափելու համար ընդունել եւս մեկ բանաձեւ, կամ էլ հերթական դիտորդական առաքելությունն ուղարկել ԼՂՀ-ին հարող ազատագրված տարածքներ։

   Ուստի հայ դիվանագիտությունը եւ առաջին հերթին ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը չպետք է շարունակաբար լռության մատնեն Ադրբեջանի կողմից կաթիլ առ կաթիլ ՄԱԿ-ի անդամ երկրներին ու միջազգային հանրային կարծիքին պարտադրվող սուտն ու կեղծիքը՝ ընդամենը ապավինելով միջազգային բարենպաստ իրավիճակին, կամ էլ Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ առանձին երկրների բավարար տեղեկացվածությանը։

 ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Հայոց Աշխարհ

2009-03-07

No comments:

Post a Comment