Wednesday, March 11, 2009

նույնը ասել են Բաքվում

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք նախօրեին Հայաստանից վերադարձել էին Ադրբեջան, Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից հետո երեկ հանդես են եկել նոր` բավականին ուշագրավ հայտարարություններով: Նախ, համանախագահները տեղեկացրել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ հանդիպումներում վերջնական համաձայնություն է ձեռք բերվել` առաջիկա երկու ամիսների ընթացքում կազմակերպել հերթական հանդիպումը, որը կարող է տեղի ունենալ ինչ-որ միջազգային գագաթնաժողովի կամ խորհրդաժողովի շրջանակներում: Նշենք, որ այդպիսի առիթ կարող է հանդիսանալ «Արեւելյան գործընկերության» ծրագրի շրջանակներում մայիսի 7-ին Պրահայում կայանալիք ԵՄ երկրների ղեկավարների խորհրդաժողովը:

Այնուհետեւ, ամփոփելով ՀՀ եւ ԼՂ կատարած այցերի արդյունքները` ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան հայտարարել է, որ «այցի ընթացքում Երեւանում եւ Ստեփանակերտում տեղի են ունեցել «ոչ հեշտ քննարկումներ, սակայն դրանց արդյունքում հանգել են այն եզրակացության, որ պետք է շարունակել գործընթացը»: Իր հերթին, ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն պարզաբանել է. «Մենք Երեւանում չենք ասել, թե Լեռնային Ղարաբաղը բանակցություններում կարող է դառնալ երրորդ կողմ, այլ պարզապես ասել ենք, որ բանակցությունների ինչ-որ փուլում դրանց կարող են մասնակցել այն մարդիկ, որոնք բնակվել են ԼՂ-ում մինչեւ հակամարտության սկսվելը, այլ ոչ թե ներկայիս ղարաբաղյան ռեժիմը: Նկատի են առնվում հայերն ու ադրբեջանցիները: Այդ մարդիկ կմասնակցեն բանակցություններին, սակայն հայտնի չէ, թե դա երբ կլինի, եւ ինչ շրջանակներում այդ մասնակցությունը կլինի»: Հիշեցնենք, որ դեռ նախօրեին Երեւանում Ֆասիեն հայտարարել էր, թե բանակցությունների ինչ-որ փուլում ԼՂ հայկական եւ ադրբեջանական համայնքները կարող են ներգրավվել բանակցություններում, սակայն դրա շուրջ պետք է համաձայնություն ձեռք բերվի Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների մակարդակով: Բայց դատելով Երեւանում եւ Բաքվում համանախագահների արած հայտարարությունից` կարելի է ենթադրել, որ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ վերջինս դեմ է արտահայտվել նման հեռանկարին:

Այսինքն` պաշտոնական Բաքուն բոլորովին էլ շահեկան չի համարում, որ ԼՂ-ն, թեկուզեւ որպես հայ-ադրբեջանական համայնք, հանդես գա իբրեւ առանձին կողմ: Եւ դա բոլորովին էլ պատահական չէ. չէ՞ որ այդ դեպքում որպես հակամարտող կողմ հանդես կգա նաեւ ԼՂՀ-ն, ինչպես մինչեւ 1998 թվականն էր, այլ ոչ թե Հայաստանը, որի` հակամարտող կողմ լինելը արդեն իսկ պաշտոնապես ամրագրվել է 2008-ի նոյեմբերի 2-ին Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների կողմից ստորագրված հայտնի Մայնդորֆյան հռչակագրում: Պարզ է դառնում, որ Բաքվում ջանալու են պահպանել իրենց համար բարենպաստ ներկա իրավիճակը, երբ Ադրբեջանի հետ որպես հակամարտող կողմ է հանդես գալիս միայն Հայաստանը: Այնուամենայնիվ, այսքանով ամեն ինչ չի վերջանում. համանախագահները Բաքվում հայտարարել են, որ Երեւանում ու Ստեփանակերտում դժվարին քննարկումներ են եղել: Այսինքն` չի բացառվում, որ ՀՀ ղեկավարության առջեւ դրվել են հակամարտության կարգավորման վերաբերյալ նոր աննպաստ պայմաններ, որոնք, դատելով հենց համանախագահների հայտարարությունից, հանդիպել են հայկական կողմի դժկամությանը, բայցեւայնպես, արդյունքում ընդունվել են, եւ որոշվել է հենց դրանց հիման վրա էլ շարունակել բանակցությունները, որոնց առաջիկա հանգրվանը լինելու է  նախագահների մակարդակով նոր հանդիպումը:

ՄԱՆՎԵԼ ՄԱՆՎԵԼՅԱՆ

Հայկական Ժամանակ

2009-03-05

No comments:

Post a Comment