Wednesday, March 11, 2009

Ղարաբաղ. բանակցային գործընթացում միջնորդները հասարակական աջակցություն են փնտրում

Գարնան առաջին օրը ղարաբաղյան հակամարտության գոտում այցով գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այցելեցին ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտ:

Ըստ Մինսկի խմբի Ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովի` ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ համաձայնության ձեռքբերման համար օբյեկտիվ պայմաններ ստեղծված են, մինչդեռ սուբյեկտիվ պայմաններ` «որոշումներ կայացնելու քաղաքական կամք», դեռ չեն ձևավորվել: (Այսինքն` Հայաստանի և Ադրբեջանի նախագահները «քաղաքական կամքի» բացակայությունը պայմանավորում են նրանով, որ իրենց երկրների հասարակությունը չի ընդունում միջնորդների առաջարկած սկզբունքները:)
Քաղաքական գործիչներն ու փորձագետները վերջերս հաճախ են խոսում այն մասին, որ եթե անգամ հիմնական սկզբունքների շուրջ համաձայնություն ձեռք բերվի բարձր մակարդակներում, դրանց կիրառումը կարող է ձախողվել հասարակության կողմից, նախևառաջ` Ղարաբաղի: Հասարակական կարծիքի հարցման արդյունքները և փորձագետների ու քաղաքական գործիչների հայտարարությունները խոսում են այն մասին, որ Ղարաբաղում կտրականապես մերժում են միջնորդների առաջարկած հիմնական սկզբունքները:
«Ռուս դիվանագետների և վերլուծաբանների զեկույցները և գնահատականները վստահություն չներշնչեցին, որ Հայաստանի իշխանությունները և հասարակական շրջանակները կընդունեն ղարաբաղյան խնդրի առնչությամբ հնարավոր որոշումներ,- ասաց անկախ քաղաքական վերլուծաբան Իգոր Մուրադյանը: - Հայերն այս նախագծերը դիտում են որպես ազգային աղետ, և իշխանությունները չեն կարող հնարավոր լուծումների պատասխանատվությունն իրենց վրա վերցնել: «Կարգավորման» նման տարրերը, ինչպիսին են` Ղարաբաղից, հակամարտության ամբողջ գոտուց կամ ազատագրված տարածքներից Հայաստանի զինված ուժերի դուրս բերումը, այս տարածքները ադրբեջանցիներով բնակեցնելը, Լեռնային Ղարաբաղին քաղաքական կարգավիճակ տալու մտադրության և գիտակցության բացակայությունը չեն կարող ընդունելի լինել հայերի համար»:
Հավանաբար, բանակցային գործընթացում հասարակական աջակցությունն ապահովելու համար համանախագահները միջնորդության ամբողջ պատմության ընթացքում առաջին անգամ որոշեցին հանդիպել ՀԿ-ների ներկայացուցիչների հետ: Բացի նախագահ Բակո Սահակյանի հետ ավանդական հանդիպումից, համանախագահները հանդիպեցին նաև Ղարաբաղի ՀԿ-ների ներկայացուցիչների հետ:
Հանդիպումը նախաձեռնել էր Բրիտանական ՀԿ-ների կոնսորցիումը, որը զբաղվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության փոխակերպմամբ: Կոնսորցիումի կազմի մեջ են «Լինքս», «Միջազգային տագնապ» և «Հաշտեցման ռեսուրսներ» կազմակերպությունները: Վերջին երկուսը Ղարաբաղում գործընկերներ ունեն և նախագծեր են իրականացնում այստեղ` հասարակության ժողովրդավարացման և Ադրբեջանի գործընկերների հետ երկխոսության առնչությամբ:
Ավելի վաղ «Լինկսի» նախագահ Դենիս Սամուտը հայտարարեց, որ կոնսորցիումը կապեր է հաստատել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ` նպատակ ունենալով «նախապատրաստել հասարակական կարծիքը» խնդրի խաղաղ կարգավորման համար: Եվ այժմ այս աշխատանքում ներգրավվում են Ղարաբաղի կազմակերպությունները, որոնք կոնսորցիումի գործընկերներն են, մասնավորապես` Ստեփանակերտի ռեսուրսների կենտրոնը (ՍՌԿ):
«Անցած տարիների աշխատանքի ընթացքում, իհարկե, եղել են դժվարություններ և թյուրըմբռնումներ կապված ինչպես Ադրբեջանի գործընկերների, այնպես էլ միջազգային կազմակերպությունները ներկայացնող մեր գործընկերների հետ,- ասաց ՍՌԿ խորհրդի անդամ Կարինե Օհանյանը: - Սակայն դրանք պարբերաբար լուծվել են, քանի որ բոլորս հասկանում էինք, որ աշխատում ենք հանուն մեր տարածաշրջանում խաղաղության պահպանության»:
Հանդիպման մասնակիցներից մեկը` Գեորգի Սահակյանը, նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների`Ղարաբաղի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպման նախաձեռնությունը կարելի է միայն ողջունել: Նա նշեց, որ հանդիպումը տևեց երկու ժամ, և Ղարաբաղի հասարակական կազմակերպությունները հնարավորություն ունեցան ներկայացնելու իրենց առաջարկությունները և պայմանները: Տեղացիների խոսքով` գլխավորը բոլոր մակարդակներում Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովումն է: Համանախագահները համաձայնեցին, որ խնդրի կարգավորման հիմնական հարցերից մեկը մարդկանց անվտանգությունն է: Բայց ինչպե՞ս է այս սկզբունքը տեղավորվում միջնորդների առաջարկությունների շրջանակներում:
Պատկերացնելու համար, թե ինչ է առաջարկում միջազգային հանրությունը ղարաբաղյան հակամարտության կողմերին, բավական է կարդալ ԼՂՀ հարցերով փորձագետ, բրիտանացի լրագրող Թոմաս դե Վաալի վերջին զեկույցը (որը հրապարակվել է անցյալ ամիս Երևանում): Այս զեկույցում, որը լի է պատերազմական գործողությունների անարդյունավետության, սակայն, իրականում Ադրբեջանի համար դրանց անխուսափելիության մասին փաստարկներով, նա մի պարզ լուծում է առաջարկում. Ադրբեջանը պետք է համակերպվի նախկին ԼՂԻՄ-ի սահմաններում Ղարաբաղի կորստի հետ, իսկ Հայաստանը չպետք է հույս ունենա, որ նրան կհաջողվի պահպանել նախկին ԼՂԻՄ-ի շրջակա տարածքները:
Պատերազմական գործողությունների վերսկսման սպառնալիքը հիմնական փաստարկն է միջնորդների, ովքեր ավելի են արագացնում բանակցային գործընթացը, թեև բացառապես միջնորդների դիրքորոշման շնորհիվ է, որ մոտ երկու տասնամյակ պահպանվում է ստատուս քվոն:
Միջնորդները նշել են, որ շատ լրջորեն են վերաբերվում ղարաբաղյան հակամարտության գոտում միջադեպերին, որոնք վերջերս ավելի են հաճախացել: ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անժեյ Կասպշիկը լրագրողներին ասաց, որ հատուկ զեկույց է պատրաստում վերջին միջադեպի առնչությամբ. փետրվարի 26-ին հրաձգություն էր տեղի ունեցել շփման գծում, որի սկսելու համար կողմերը մեկը մյուսին էին մեղադրում:
Այն հարցին, թե` ինչո՞վ է պայմանավորված սահմանին միջադեպերի հաճախացումը գրանցումը Կասպշիկը պատասխանեց, որ ինքն առաջ էլ էր տեղեկություն ստանում միջադեպերի մասին և կարծում է, որ դրանց թիվը չի աճել. «Պարզապես նախկինում պաշտոնապես չէր հաղորդվում յուրաքանչյուր միջադեպ, իսկ այժմ դրանք կան, ու տպավորությունն այնպիսին է, թե աճ է արձանագրվել»:
Մինչ այդ, Ղարաբաղի պաշտպանության նախարարությունն ամեն օր հայտնում Ադրբեջանի կողմից հրադադարի նոր խախտումների մասին (սակայն նախարարությունը չի հայտարարոմ, թե նման խախտման քանի դեպք է գրանցվել):

Նաիրա Հայրումյան
«ԱրմենիաՆաուի» Ղարաբաղի թղթակից 
2009-03-06

No comments:

Post a Comment